Страницы

среда, 2 марта 2016 г.

Սասնա ծռեր

«Սասնա ծռերը» հայ ազգային էպոսն է՝ դյուցազնավեպը. ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ: Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝          հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման: 


«Սասունցի Դավիթ» էպոսի պատկերազարդումներից (վերևում` նկարիչ` Միհրան Սոսոյան, 1968 թ., ներքևում` Հակոբ Կոջոյան, 1922 թ.) 
«Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»:
«Սանասար և Բաղդասար»: Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին: Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է: Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը: Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից: 
Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում: Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում: Հետո նա մեկնում է Բաղդադ: Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում: Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն: Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ: Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն:


«Մեծ Մհեր»: Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին: Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ: 
Մըսրում մեռնում է Մելիքը: Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից: Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու: 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն: Արմաղանը դժվարությամբ ներում է նրան: Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են:
«Սասունցի Դավիթ»: Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ: Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին: Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն: Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին:

«Սասունցի Դավիթ» 

էպոսի պատկերազարդումներից (1939 թ., նկարիչ` Երվանդ Քոչար)

Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ: Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ: Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր: Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում: Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»: Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից:





«Փոքր Մհեր»: Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը: Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ: Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ: Մեռնում է Գոհարը: Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ: Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա:
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա, 
որ էլնենք էդտեղեն:

Քանի որ էպոսում հզոր ժառանգի թեման ունի հորինվածքային կարևոր արժեք, որով պայմանավորված են վիպական սերնդափոխությունը, ճյուղերի փոխադարձ կապը և հաջորդականությունը, ապա Փոքր Մհերի անժառանգ մնալով ավարտվում է նաև հերոսավեպը:

«Սասնա ծռերի» վիպական համակարգում միաձուլված են վերամշակված ու փոխակերպված հնագույն առասպելները, ավանդական վիպական սյուժեները, հեթանոսական պաշտամունքային տարրերը (ջուր, արեգակ), պատմական երգ-զրույցները: Այդուհանդերձ, էպոսի վիպական զարգացումը, ճյուղերի հստակեցումը, վերամշակումը կատարվել են միջնադարում՝ VII–XIII դարերում, նախ՝ Բաղդադի արաբական խալիֆության, ապա՝ Եգիպտոսի (Մըսրա) Էյուբյան արաբ տիրակալների դեմ XII–XIII դարերում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի ազդեցությամբ: Էպոսի հերոսներից (նաև բացասական) շատերն ունեն իրենց պատմական նախատիպերը:
«Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հայ դյուցազունների անպարտելիության ոգին է՝ պայմանավորված էպոսի նախահիմքում ընկած առասպելական հերոսների սխրանքներով և ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ հայ ժողովրդի մղած դարավոր պայքարով:
Իր սիրելի հերոսներին ժողովուրդն անվանել է «ծռեր», այսինքն՝ խենթ քաջեր: Նրանք աչքի են ընկնում գեղեցկությամբ, դյուցազնական ուժով ու զորությամբ, որ ստանում են մայր բնությունից, հայրենի հողից ու ջրից: Սանասարը զորություն է առնում Վանա ծովից, այնտեղից հանում է իր ձին՝ Քուռկիկ-Ջալալին, զենքն ու զրահը՝ Թուր Կեծակին, Թամքը սադաֆին, Կապան ղադիֆեն և Խաչ Պատերազմին և այլն, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ: 
Էպոսի առասպելական հերոսներն օժտված են մարդկային վեհ հատկանիշներով՝ պատվասիրությամբ, մարդասիրությամբ, ազատասիրությամբ, ունեն նաև թուլություններ՝ պարզամտություն, դյուրահավատություն: Սասնա քաջերը վեհանձն են ու շիտակ, նրանք կառուցող-շինարարներ են, հմուտ որսորդներ, անվեհեր մարտիկներ՝ պատրաստ մեռնելու իրենց հողի ու ժողովրդի համար: Սասնա հերոսները որքան էլ ատում են բռնությունն ու ստրկությունը, որքան էլ ցասումով են կռվում թշնամիների դեմ, բայց ամենևին դաժան ու անհոգի չեն: 
Սասնա ծռերի առաքինությունները կատարելության են հասցված Դավթի կերպարում, որին ժողովուրդը դարձրել է իր իդեալ հերոսը: 
Էպոսի գլխավոր հերոսուհիներին նույնպես ժողովուրդն օժտել է առանձնահատուկ գծերով. նրանք գեղեցիկ են, խոհեմ, զգայուն, պարկեշտ ու միշտ պատրաստ են իրենց կյանքը զոհելու հայրենիքի և ընտանիքի համար: Վիպերգի կանայք նաև խիզախ են ու մարտնչող («Ինչպես որ Դավիթ՝ քաջ, խորոտ մարդ էր, Խանդութ՝ թե՜ խորոտ էր, թե՜ քաջ էր»): Հայ ժողովուրդը չի ստորադասել կնոջը տղամարդուց. «Առյուծն՝ առյուծ է, էղնի էգ, թե որձ»:
Էպոսում գլխավոր հերոսների կողքին տեսնում ենք ժողովրդի իմաստնությունը մարմնավորող Քեռի Թորոսին, Ձենով Օհանին, արտատեր պառավին, արաբ ծերունուն և այլ տարեց մարդկանց, որոնք իրենց խրատներով օգնում են Սասնա քաջերին:
«Սասնա ծռեր» վիպերգը բանասացների միջոցով տարբեր պատումներով (տարբերակներ) անցել է սերնդեսերունդ և հասել է մեզ: Նրա մասին առաջին անգամ հիշատակել են XVI դարի պորտուգալացի ճանապարհորդներ Տենրեյրոն և Աֆոնսոն: 
Էպոսի պատումներից մեկն առաջին անգամ 1873 թ-ին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը տարոնցի երեսփոխան Կրպոյից և 1874 թ-ին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով: Մեկ այլ տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր», 1889 թ-ին հրատարակել է Մանուկ Աբեղյանը (ասացող՝ մոկացի Նախո քեռի):
Ցայսօր հայտնաբերվել և գրառվել է շուրջ 160 պատում՝ «Սասունցի Դավիթ», «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Թլոլ Դավիթ», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլ վերնագրերով: Դրանք գրառված են XIX–XX դարերում և կառուցվածքով, լեզվաբարբառային ու վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական-տեղագրական 3 մեծ խմբերի՝ Սասնա, Մշո և Մոկաց: Ենթադրվում է, որ նախնական պարզ ու կուռ տիպը եղել է Սասնա խումբը, որի տարածումից ու տեղական մշակումներից էլ առաջացել են մյուսները: 
«Սասնա ծռերը» ժանրային առումով խոսքային-երաժշտական վիպերգ է: Էպոսի եղանակավոր հատվածներից հայտնի են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Քոչարյանի և ուրիշների՝ գլխավորապես Մոկաց խմբի պատումներից գրառված 30-ից ավելի կտորներ (կան նույն երգի տարբերակներ), որոնք կարևոր են նաև ազգային մոնոդիկ (միաձայն երգեցողություն կամ գործիքային նվագ) երաժշտության ձևավորման ու զարգացման պատմության ուսումնասիրման համար:
«Սասնա ծռերը», դարեր շարունակ ավանդվելով բանավոր, ներառել և գեղարվեստորեն համադրել է հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների նյութական ու հոգևոր կյանքի կարևոր իրողությունները, դարձել պատմամշակութային արժեքավոր հուշարձան:
1939 թ-ին վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ Մանուկ Աբեղյան, Գևորգ Աբով, Արամ Ղանալանյան), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս էպոսի մասին: 
Էպոսի համահավաք տեքստը թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, բելոռուսերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, լեհերեն և այլ լեզուներով:
«Սասնա ծռերն» ունեցել է բազմաթիվ գրական մշակումներ, որոնցից լավագույնը Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» (1903 թ.) անավարտ պոեմն է: «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Սողոմոն Տարոնցին, Վիգեն Խեչումյանը, Հմայակ Սիրասը, Մկրտիչ Խերանյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ: Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում (Հակոբ Կոջոյան, Երվանդ Քոչար, Մհեր Աբեղյան, Հրայր Իսաբեկյան, Արտաշես Հովսեփյան և ուրիշներ), երաժշտության մեջ (Գևորգ Բուդաղյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ Արման Մանարյան, 2010 թ., մուլտֆիլմ), թատրոնում:
Երկրորդ աշխարհամարտի (1939–45 թթ.) տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, Ղարաբաղյան պատերազմի տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները:


Комментариев нет:

Отправить комментарий