Страницы

воскресенье, 23 февраля 2014 г.

Հաղպատ

Հաղպատի վանքը գտնվում է Հաղպատ գյուղում: Հաղպատ անունը ստուգաբանվում է որպես ամուր պատ, այն կապվում է նաեւ հաղբ` որոգայթ, ծուղակ բառի հետ: Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Տեղադրված է կիրճերով եզերված սարահարթի վրա, որի մատույցները վերահսկել է այդ նպատակով կառուցված Կայանբերդը։ Համալիրի կազմում են Ս.Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատուն, գրատուն, զանգակատուն, մի քանի մատուռ-դամբարաններ և խաչքարեր։

Համալիրը շրջապատված է աշտարակավոր պարսպով։ Նրա տարածքից դուրս են աղբյուրի շենքը և մի քանի փոքր եկեղեցիներ։ Համալիրի հնագույն եկեղեցին Ս.Նշանն է, որը կառուցել է Խոսրովանույշ թագուհին` 976-991թթ.-ին։ Տաճարին արևմուտքից կից է մեծ գավիթը, որ կառուցվել է XIIIդ. 10-ական թթ.` 1185թ.-ին իշխանուհի Մարիամի հիմնարկած տապանատան տեղում։ Գլխավոր տաճարից հյուսիս վանահայր Համազասպը 1257թ.-ին կառուցել է ընդարձակ մի գավիթ, այսպես կոչված, «Համազասպի շենքը», որը արևելքից կցված է ոչ մեծ, թաղածածկ եկեղեցու:
Հաղպատի վանքը X-XIIIդդ. Հայաստանի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից էր։ Այն Հայաստանի խոշորագույն վանքային համալիրներից է, որում առավել շեշտված ձևով են դրսևորված զարգացած միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը` գեղատեսիլություն, շրջապատող միջավայրի հետ ներդաշնակ կապ: Համալիրն աչքի է ընկնում ինչպես առանձին հուշարձանների, այնպես էլ ընդհանուր բարձր արժանիքներով, հորինվածքային փայլուն մտահղացումներով, գեղարվեստական-ճարտարապետական կատարելությամբ: Հիրավի, բնության եւ մարդկային արարչագործության հազվագյուտ ներդաշնակություն: Ալ. Շիրվանզադեն անցյալ դարի վերջերին այցելելով Հաղպատի վանք, իր տպավորություններն արտահայտել է հետեւյալ կերպ. "Ամեն անգամ նայելիս մեզ համար բացվում էին նոր եւ նոր գեղեցկություններ, քանդակագործության եւ ճարտարապետության հրաշալիքներ, եւ մենք հիանում էինք այն արվեստագիտությամբ, խելքով, իմաստով եւ, որ գլխավորն է, գեղարվեստական նուրբ ճաշակով, որոնցով օժտված են եղել մեր նախահայրերը տասնյակ դարեր մեզանից առաջ": XIIդ. 2-րդ կեսից XIVդ. Հաղպատի վանքը դարձել է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվել տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։
Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել է երկրաշարժերից, որոնց մասին հիշատակում են պատմիչներն ու վիմագրողները: Թշնամական հրոսակախմբի հաժախակի կատարվող ասպատակությունները ստիպել են վանքի միաբանությանը մտածելու նաեւ պաշտպանական խնդիրների մասին: Դրանով է պայմանավորված վանքը ամրակուռ պարսպով շրջափակելը, վանքի մատույցներում պաշտպանական հուսալի հենակետեր ստեղծելը, շրջակա տարածքը եզերող ձորերում եւ ժայռոերի ծերպերում թաքստոցների ու ամրացված կացարանների հիմնումը: Հաղպատի վանքը սերտորեն ընդհանրանում է իր հռչակավոր հարեւանի` Սանահինի վանքի հետ ոչբ միայն պատմական ճակատագրով ու ժամանակագրական մերձությամբ, այլեւ հորինվածքային գծերով հուշարձանների ազմով, ճարտարապետական-գեղարվեստական լուծումներով, կոնստրուկտիվ հնարքներով:
Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։
Հաղպատ գյուղը միայն իր հռչակավոր վանքով չէ, որ հայտնի է: Այն ունի պատմական եւ հեղափոխական հարուստ անցյալ: Շատ անգամ են հաղպատցիները շրջակա գյուղերի բնակիչների հետ ետ մղել օտարերկրյա նվաճողների ասպատակությունները, բողոքի եւ զինված ապստամբության դրոշ պարզել ընդդեմ կալվածատերերի:

Комментариев нет:

Отправить комментарий