Страницы

воскресенье, 23 февраля 2014 г.

Արվեստ:Քանդակագործություն և նկարչություն

Վաղ միջնադարում զարգացավ նաև քանդակագործությունը՝ պայմանավորված ճարտարապետության և շինարարության բուռն վերելքով: Այդ շրջանից հայտնի են մի շարք բարձրաքանդակներ և զարդերի փորագրություններ, որոնցով պատում էին եկեղեցիների, դամբարանների և պալատների պատերը: Իր զարդաքանդակներով հատկապես աչքի է ընկնում Զվարթնոցի տաճարը, որի պատերին նռներ և խաղողի ողկույզներ են պատկերված: Զվարթնոցի սյուներին քանդակված են թևատարած հզոր արծիվներ: Պահպանվել են նաև շինարարների մի քանի պատկերներ՝ աշխատանքային գործիքները ձեռքներին: Զվարթնոցի պատին Ներսես կաթողիկոսը թողել է հունարեն արձանագրություն. «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»:
Վաղ միջնադարում եկեղեցիների պատերը երբեմն ներսից զարդարում էին նկարներով: Դրանցում պատկերում էին Քրիստոսի հսկայական կերպարանքը՝ եզերված նռների, խաղողի ողկույզների և այլ զարդերի նկարներով:

Նկարչության մի տարատեսակ է խճանկարը (մոզաիկան), որով սովորաբար ծածկում էին եկեղեցիների, պալատների և բաղնիքների հատակը: Խճանկարները պատրաստվում էին բազմագույն և բազմերանգ քարերից: Հայկական լավագույն խճանկարները պահպանվել են Երուսաղեմի հայկական եկեղեցիներում: Դրանցից մեկն ունի շուրջ 30 քառ. մ մակերես և եզերված է թռչունների, ձկների և խաղողի ողկույզների զարդանախշերով:

Комментариев нет:

Отправить комментарий