Страницы

воскресенье, 23 февраля 2014 г.

Սանահինի վանք

Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, համանուն գյուղում, ներկայումս՝ Ալավերդի քաղաքի շրջագծում։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի (նահանգի) Տաշիրգավառի մեջ։ 1996 թվականին ՄԱԿԳՄԿ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս։

966 թ։ Սանահինի վանական հաստատությունը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև XIդ. կեսը)։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան։ XIIդ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։ Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին՝ մատուռը։ Համալիրի հնագույն եկեղեցին՝ Ս.Աստվածածինը, կառուցվել է 928-944թթ.-ին։ Գմբեթավոր դահլիճ տիպի վաղագույն օրինակներից է։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։ Ս.Աստվածածին եկեղեցուց հարավ Ամենափրկիչ եկեղեցին է վանքի գլխավոր տաճարը, որը 957-966թթ.-ին կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը՝ Խոսրովանույշը։ Հայ միջնադարյան քանդակագործության արժեքավոր օրինակ է հանդիսանում արևելյան ճակտոնապատի վերին մասի կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմառդեմ կանգնած Գուրգեն (Կյուրիկե) և նրա եղբայր՝ Անիի Սմբատ Տիեզերական թագավորները պահում են տաճարի մանրակերտը։ Հայկական միջնադարյան աշխարհիկ շինությունների եզակի նմուշ է վանքի ակադեմիան՝ Մագիստրոսի ճեմարանը։ Կառուցվել է Xդ. վերջին XIդ. սկզբին, Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիների միջև ընկած տարածքում։ Գրատունը (կոչվել է նաև նշխարատուն) շենքերի խմբի հյուսիս-արևելյան անկյունում է։ Կառուցվել է 1063թ.-ին՝ Դավիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու միջոցներով։ Գրատան հարավ-արևելյան անկյունին կից է Ս.Գրիգոր եկեղեցին (Xդ. վերջ)։ Հորինվածքային տարբեր լուծումներ ունեն Սանահինի վանքի գավիթները։ Առավել պարզ է գրատան գավիթը, որը կառուցվել է XIIդ. վերջին - XIIIդ. սկզբին, գրատան հարավային պատին կից։ Ամենափրկիչ եկեղեցու գավիթը (ներքին գավիթ) կառուցվել է 1181թ.-ին (ճարտարապետ Ժամհայր)։ Այն չորս կենտրոնական, սյուներով գավիթների տիպի առավել վաղ օրինակներից է։ Հայկական գավիթների եզակի օրինակ է Ս.Աստվածածին եկեղեցու գավիթը (Մեծ գավիթ, Դրսի գավիթ), որը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1211թ.-ին։ Մեծ գավթի հյուսիսային պատին կից է Սանահինի վանքի զանգակատունը (Հայաստանի հնագույն օրինակներից է)։ Կառուցվել է 1211-1235թթ.-ին։ Դեկորատիվ հարդարանքով հատկապես աչքի է ընկնում արևմտյան ճակատը։ Վանքի տարածքից դուրս պահպանվել են Ս.Հակոբ եկեղեցու ավերակները (թվագրվում է Xդ. 2-րդ կես), Ս.Հարություն եկեղեցին (XIIIդ. 1-ին քառորդ)։ Սանահինում պահպանվել են երկու աղբյուր, մեկը՝ նախկին գյուղամիջում (XIIդ. վերջ - XIIIդ. սկիզբ, երկկամար բացվածքով՝ թաղածածկ սրահ է), մյուսը՝ վանքի հյուսիսային պարսպապատին կից (1831թ. միակամար բացվածքով)։ Միջնադարյան հայկական ճարտարապետության ինժեներական լավագույն կառույցներից է Սանահինի կամուրջը։ XIIդ. վերջին կառուցել է տվել Վանենի թագուհին։ Կամրջով է անցնում Սանահինի վանքը տանող ճանապարհը։ Միաթռիչք (թռիչքի երկարությունը 18,6մ), կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը՝ գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամրջի քարաշեն պատնեշի վրա առյուծների բարձրաքանդակներ են։ Սանահինի համալսարանը (Սանահինի դպրոց), միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնա-դաստիարակչական և գրչության կենտրոն էր։ Հիմնադրվել է 966թ.-ին՝ Աշոտ Գ Ողորմածի կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու պատվերով։ XIդ. 1-ին կեսին դպրոցում բացվել են հռետորական, փիլիսոփայական, երաժշտական, բժշկական վարժարանները, դասավանդվել «յոթ ազատ արվեստներ», տոմար և այլ գիտություններ։ Սանահինի համալսարանին կից ստեղծվել է նաև մատենադարան։ Այն ունեցել է հատուկ շենք, սակայն ապահովության համար ձեռագրերի մի մասը պահվել է անմատչելի քարայրներում։ Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար՝ վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում։ Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու (Ս.Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, 1184թ., գործ՝ Մխիթար Կազմիչի) և Սարգսի (Ս.Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատի տակ, 1215թ.) խաչքարերը, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են։ Սանահինի արևելյան կողմում կանգուն են. Ս.Կարապետ եկեղեցին (Xդ. վերջ - XIդ. սկիզբ), արևմուտքում՝ բարձրադիր տեղում՝ Սարգսի մատուռը (XIIդ. վերջ - XIIIդ. սկիզբ)։
Sanahin Salvador 2.jpgSanahin monastery.jpg

Комментариев нет:

Отправить комментарий