Страницы

пятница, 24 января 2014 г.

Սուրբ Խաչ Եկեղեցի, Ախթամար Կղզի, Վան, Թուրքիա

X դարում Սուրբ Խաչ եկեղեցու կառուցմամբ սկիզբ առավ Ախթամար կղզու`որպես հոգևոր կենտրոնի կենսագրությունը: Սակայն Վանի Ախթամարի պատմական կարևոր շրջափուլը նշանավորվեց Արծրունյաց թագավորության հաստատմամբ, երբ 915-921թթ Գագիկ Արծրունու (908-943/944 թթ.) պատվերով Մանվել ճարտարապետը կառուցեց Սուրբ Խաչ եկեղեցին՝ հատկանշելով թագավորական տոհմի վերելքը: XIII դարում եկեղեցու արևելյան մասում կառուցվում է մատուռը, իսկ ավելի ուշ՝ 1296 թվականին հարավ արևմտյան մասից ավելանում է աղոթատունը: XIX դարի սկզբին կառուցվում է նաև զանգակատունը: Այն ունի ուղղանկյան մեջ տեղադրված երեքնուկի խաչաձև նախագիծ:




Արծրունյաց արքայական տան մայրաքաղաքը կենտրոնացավ Ախթամարում: Բացի պալատից, զինանոցից և նավահանգստից, կղզին ուներ նաև Սուրբ Խաչ եկեղեցին: Նույնիսկ թագավորության անկումից հետո՝ XIV-XV դդ., ըստ մատենագրության վկայությունների Ախթամար կղզին խիտ բնակեցված վայր էր և ըստ տարբեր աղբյուրների ուներ 4-6 հազար բնակիչ: Այժմ Ախթամար կղզում կանգուն են 6 տասնյակից ավելի խաչքարեր, սակայն ժամանակին հայկական խաչքարերի թիվն այստեղ հազարից անցել է:

XII դարի սկզբից ՝ 1116 -1895 թվականները Վանա կղզին Մայր Կաթողիկոսական նստավայրն էր: Վերջին Կաթողիկոսի՝ Խաչատուր II Շիրոյանի մահով 1895 թվականին դադարում է գործել նաև Ախթամարի Կաթողիկոսությունը: Հետագայում, մինչև 1915 թվականը, Ախթամարը կառավարում են հոգևորականները: Վեհարանի մոտ շարունակում է գործել Խաչատուր II- ի կառուցած դպրոցը: 1915 թվականին թուրքերը թալանում են Սուրբ Խաչը և դաժան կերպով սպանում քահանաներին: Վանա լճի Լիմ կղզու վանքը՝ (որը քիչ ավելի հյուսիսում էր) պայթեցվել էր, հիմնահատակ ոչնչացվել էր Ախթամարից 7-8 կմ հեռավորության վրա գտնվող Նարեկավանքը, սակայն Սուրբ Խաչն այս իմաստով «բախտավոր» էր, քանի որ նրան լուրջ վնաս չէր հասցվել:

Սուրբ Խաչն ամփոփում է ոչ միայն թագավորական կարևորագույն էջերը, այլև ամբողջացնում վաղ միջնադարից մինջև ուշ միջնադարյան հայկական արվեստի գրեթե բոլոր առանձնահատկությունները: Ախթամարի գեղարվեստական անզուգագան կերպարը դարձել է հայկական միջնադարյան արվեստի զարգացման ուղենիշը: Եկեղեցու ճարտարապետական լուծումների արձագանքները հարատևել են հետագա դարերին: Հին և Նոր կտակարանների տեսարանները եկեղեցու որմերին արտահայտում են քրիստոնեական հիմնական գաղափարները՝ չսահմանափակելով, սակայն, Սուրբ Խաչի խորհրդաբանությունը: Ճարտարապետական անթերի կոթողի թե՛ ճակատային հատվածները և թե՛ գմբեթը պատկերաքանդակված են հոգևոր և աշխարհիկ թեմաներով: Պատկերված են նաև Արծրունյաց թագավորները: Որմերի արձանագրությունները դեռևս հարուստ պատմական նյութ են պահպանում պատմաբանների և հնագետների համար: Որմնաքանդակները տրված են գոտիներով, հարդարում են չորս ճակատները՝ ընդհուպ մինչև թմբուկի քիվը, իսկ եկեղեցու կարևոր մասը կազմում են հարթաքանդակները: Ախթամարի վերջին կաթողիկոսի վեհարանի և դպրոցի կառուցման մասին արձանագրությունը «ներբող» է նաև Սուլթան Համիդի հասցեին, իսկ վիմագրությունից էլ պարզ է, որ կաթողիկոսանիստ եկեղեցուց խաչը հանվել է պարտադրաբար: Հետագայում արդեն Թուրքիայի մերժողական կեցվածքն ավելի է առարկայացել:

2005 թվականին թուրքական կառավարությունը ֆինանսավորել է Սուրբ Խաչի վերանորոգումը և 2007 թվականին վերանորոգման աշխատանքները ավարտին են հասցվել: Սակայն, թուրք պաշտոնյաները հրաժարվել են է է եկեղեցու գմբեթի վրա խաչ տեղադրել, պարզաբանելով, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի պարզեն նախկինում այնտեղ խաչի առկայությունը: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ խաչը իսկապես գոյություն ուներ, բայց երբեք իր ճիշտ տեղում չի գտնվել:

Սեպտեմբերի 19-ին՝ ցեղասպանությունից 95 տարի անց, առաջին անգամ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ էր անցկացվել, չնայած այցելուների 90%, ովքեր մտադիր էին այցելել Աղթամարը մասնակից լինելու այդ նշանակալի իրադարձությանը, եկեղեցու գմբեթին խաչի բացակայության պատճառով իրենց գալը չեղյալ հայտարարեցին: Պաշտոնատար անձիք խաչի բացակայության փաստը բացատրել են որպես «տեխնիկական խնդիր», որը խոստացան շտկել առնվազն 1.5 ամսվա ընթացքում:. Հոկտեմբերի 2-ին Վանի մարզպետը և Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Սուրբ Խաչ եկեղեցում Խաչի տեղադրման միջոցառում կազմակերպեցին:

Կղզու անվան ծագման մասին գոյություն ունի մի հին հայկական առասպել, ըստ որի Վանա լճի առափնյա գյուղից ամեն գիշեր գաղտագողի մի տղա առանց նավակ մտնում էր լիճը ու լողում դեպի դիմացի կղզին: Արքայադուստր Թամարն ամեն գիշերԱյնտեղ կրակ էր վառում, որպեսզի լուսավորի տղայի ճամփան: Բայց մի անգամ չարկամ մարդիկ իմացան սիրահարների գաղտնիքն ու մի մութ գիշեր հանգցրին Թամարի վառած կրակը: Տղան խավար ծովում մոլորվում է, իսկ հողմը միայն դառը հառաչանքներ է բերում. «Ա՛խ, Թամա՛ր...»: Առավոտյան Վանա լիճը ափ է նետում սիրահար տղայի դիակը, որի շուրթերին ասես սառել էին երկու բառ. «Ա՛խ, Թամա՛ր...»: Այն օրվանից կղզին կոչվեց Ախթամար...

Комментариев нет:

Отправить комментарий