Страницы

понедельник, 9 февраля 2015 г.

Վահան Տերյանի մասին

հեղինակ՝ Հովհաննես Թումանյան

Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։
Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։

Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է: Դուք խոսքերի հետ չեք խաղում... Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք... Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ նոր բաներ... Լեզունմաքուր, զտված և արծաթե զանգի պես հնչուն... Մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի... 1908 թվականին Վ. Տերյանը հրատրակեց իր «Մթնշաղի անուրջները», ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ: Հովհաննես Թումանյան
Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը... հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում: Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ: «Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելիություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն: Իսկ երկրպագուների թիվ չկար: Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները: Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»:Ստեփան Զորյան

Վահան Տերյանի հիշատակին

Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո, Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո: Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա, Քամին բերե թող մահվան բոթ, ու անձրևը լա: Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին: Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր... Եղիշե Չարենց

Մեռած պոետին

Նրանք ասում են, որ դու անցել ես, Ու հնացել ես, ու հեռացել, Որ լքել են քեզ ու մոռացել Օրերում այս խենթ ու դարձդարձիկ. Բայց տե՛ս - կանչում է ահա մի ձեռ Եվ մի սիրտ, որ քեզ սիրում է դեռ. - Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր... Եղիշե Չարենց

Комментариев нет:

Отправить комментарий