XII դարի կեսերից հայ գրականության մեջ աստիճանաբար տեղի են ունենում նկատելի փոփոխություններ, որոնք գրական ստեղծագործությանը հաղորդում են բովանդակության և ձևական կառույցների բազմազանություն:
Այդ և հետագա մի քանի դարերում, որոշ ընդմիջումներով, շարունակում է զարգանալ պատմագրական արձակը, որի ականավոր ներկայացուցիչներն են Մատթեոս Ուռհայեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Օրբելյանը, Թովմա Մեծոփեցին, Առաքել Դավրիժեցին և ուրիշներ:
Ձևավորվում է նաև փաստագրական սկզբնաղբյուրի մի նոր տեսակ՝ տարեգրությունը, որի հիմնական նպատակը փաստի հաղորդումն է և ոչ թե գեղարվեստական մանրամասները: Մատենագրության մեջ հաստատվում է ուղեգրության ժանրը: Ձեռագիր հին մատյանների արտագրմանը, նոր գրքերի ստեղծմանը զուգահեռ լայն կիրառություն է ստանում հիշատակարանի տեսակը: 1512 թվականից սկզբնավորվում է հայ տպագրությունը:
Չափածո խոսքի բնագավառում նկատվում են թեմատիկ բազմազանություն ու գաղափարական աշխույժ վերելք՝ քնարական շնչի գերիշխումով: Արդեն XIII-XIV դդ. Կոստանդին Երզնկացու և Հովհաննես Թլկուրանցու տաղերով սկզբնավորվում, իսկ հետագա ժամանակներում մի շարք այլ բանաստեղծների, հատկապես Նաղաշ Հովնաթանի, Պաղտասար Դպրի և Սայաթ-Նովայի վաստակով վերջնականապես ձևավորվում և կատարելագործվում է սիրերգությունը: XIII-XVI դդ. տաղասացներ Կոստանդին Երզնկացու, Առաքել Բաղիշեցու, Մկրտիչ Նաղաշի, Գրիգորիս Աղթամարցու և ուրիշների ստեղծագործություններով հայ բանաստեղծության մեջ հաստատվում է Վարդի և Սոխակի սիրային այլաբանության գրական տեսակը: Այս այլաբանությամբ մեր տաղասացները փորձում էին արտահայտել թե´ կրոնական և թե´ աշխարհիկ գաղափարներ: Ստեղծվում են Ֆրիկի սոցիալական տաղերը, գրվում են պատմաքաղաքական, անձնական-քնարական, դամբանական ողբեր, տարբեր բնույթի գովեստներ, պարսավներ, խրատներ, չափածո աղոթքներ և այլն: Բանաստեղծության քնարական հերոս է դառնում մարդը ոչ միայն իր կրոնական, այլև աշխարհիկ մտածողությամբ, ազգային և հասարակական ձգտումներով, անձնական և անանձնական ապրումներով:
Նշված ժամանակաշրջանում առանձնապես աշխուժանում են գեղարվեստական արձակի մանրապատում տեսակները՝ առակը, զրույցը, ասույթը, որոնք ձեռագրերում տեղ են գտնում թե´ որպես հեղինակային գործեր (Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի) և թե´ որպես անհեղինակ ստեղծագործություններ:
Արմատապես վերափոխվում է գրականության լեզուն: Դասական գրաբարը ավելի ու ավելի հաճախ է սկսում գործածվել իր պարզեցված տարբերակով: Զուգահեռաբար գրական լեզու է դառնում ժողովրդի խոսակցական աշխարհաբարը՝ միջին հայերենը:
Գրական այս նոր հոսանքը ներկայացնում են ստեղծագործողների մի քանի անուններ, որոնց մեջ առանձնակի տեղ են գրավում Մխիթար Գոշն ու Վարդան Այգեկցին:
Комментариев нет:
Отправить комментарий