Страницы

суббота, 5 марта 2016 г.

Հայոց գրերի գյուտ

Հայոց կամ հայկական գիրը հնչյունային գրանշանների համակարգ է, որն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թ-ին, ուստի այդ գրերը կոչվում են նաև մեսրոպյան կամ մաշտոցյան: Մեսրոպ Մաշտոցը այբուբեն ստեղծած մինչև այժմ հայտնի առաջին հեղինակն է:
Հենվելով հայագիր հնագույն մատյանների, վիմագրությունների, Մաշտոցի աշակերտներ Կորյունի և Մովսես Խորենացու վկայությունների վրա՝ կարելի է տարբերել հայկական գրի ստեղծման մի քանի փուլ: 
Առաջին փուլում Մաշտոցը բացահայտել է հայերենի բանավոր-խոսակցական հնչյունական համակարգը, ապա տարորոշված հնչյունների համար որոշել գրանշանների քանակը: Նրան օգնել են կաթողիկոս Սահակ Պարթևը և բանիմաց այլ անձինք: 
Երկրորդ փուլում ստեղծել է հայոց գրերը՝ 36 տառ: Մաշտոցյան այբուբենի բոլոր տառերն ստեղծված են վերից վար իջնող երկար, կարճ ու լայն, ուղղաձիգ և հորիզոնական գծերով: Բաղադրիչների մեջ երկարը հիմնագիծն է, որի աջ կամ ձախ կողմերում կարճն ու լայնը, վերից վար համապատասխան դիրք գրավելով, միանում են նուրբ գծերով: 
Երրորդ փուլում Մաշտոցը դասավորել է տառերը, ճշտորոշել է նրանց  թվային արժեքները, տվել համապատասխան անուն: 
Չորրորդ և վերջին փուլում սահմանել է հայերեն նորաստեղծ գրերի գործածության կանոնները, մշակել գրչության արվեստի հիմունքները: 
 
Ըստ Կորյունի՝ այդ նպատակով Մաշտոցը Սամոսատ քաղաքում հույն գրիչ Հռոփանոսի հետ ձևավորել է հայոց գրերը, ապա Աստվածաշնչից թարգմանաբար գրել հայերեն առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ»: 
 
Ժամանակակից հայերենն ունի 39 տառ: Արևելահայերենում ւ-ը` որպես առանձին տառ, չի գործածվում:
XII դարի վերջերին հայերենի այբուբենը համալրվել է օ և ֆ, XX դարում՝ և տառերով: 
Միջնադարում հայոց գրերը նաև նկարազարդել են ծաղկողները (նկարիչներ): 
Զանազան խորհրդանշական պատկերներով ծաղկած հայոց գրերը դարձել են գեղեցիկի և իմաստավորի կրողներ ու արտահայտիչներ:
Հայկական գիրը հնչյունական-տառային գրատեսակ է և իր կազմով՝ ամբողջական: Կազմված է մեկ հնչյունին՝ մեկ տառ, մեկ տառին՝ մեկ հնչյուն սկզբունքով: Չնայած որոշ փոփոխությունների՝ հայկական գիրը ցայսօր պահպանել է նշված սկզբունքը: 
 
Տառերի համակարգումով, դրանց կառուցվածքով, դասավորությամբ այն ինքնատիպ է, անմիջականորեն չի պատճենում օտար որևէ համակարգի. այս տեսակետից ևս այն աշխարհի հազվագյուտ տառատեսակներից է: Ինքնատիպությունը երևում է տառերի թվային արժեքների մեջ (տառերը դասավորված են 4 շարքով՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ, հազարավորներ): Գործածության մեջ լինելով ավելի քան 1600 տարի՝ հայոց այբուբենը չնչին փոփոխություն է կրել:
Հայկական գիրն աշխարհի ամենակատարյալ ու կենսունակ գրերից  է. օգտագործվում է և՜ Հայաստանի, և՜ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում, Ջավախքում, Սփյուռքի հայկական գաղթավայրերում, մշակութային և հայագիտական տարբեր կենտրոններում: 
 
Հայոց մեսրոպյան գրերով ստեղծվել է հարուստ գրականություն: Այն հին, միջին ու նոր քաղաքակրթությունների գիր է և արժեքավոր ավանդ ունի համաշխարհային մշակույթի գանձարանում:

Комментариев нет:

Отправить комментарий