Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը
Արտաշես Ա-ն մեծապես հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում: Կարևոր նշանակություն ունեցավ հատկապես երկրի նոր մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը: Քաղաքը կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում:
Արտաշատի հիմնադրման վերաբերյալ արժեքավոր վկայություն է թողել Պատմահայր Մովսես Խորենացին. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ, քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները. «Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»: Հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տեղում, առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հռոմեացիներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»:
Քաղաքը բնակեցնելու համար Արտաշեսը կարգադրում է այնտեղ տեղափոխել Երվանդաշատի բնակչության և ռազմական արշավանքների ժամանակ գերեվարվածների մի մասին: Շուտով Արտաշատը դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը: Արտաշես Ա-ի նախաձեռնությամբ թագավորությունում կառուցվեցին մի շարք այլ քաղաքներ, ինչպես օրինակ՝ Զարեհավանը, Զարիշատը և այլն: Այդ քաղաքներն անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի:
Հողային հարաբերությունների կարգավորումը
Արտաշես Ա-ի բարենորոգումների շարքում կարևոր նշանակություն է ունեցել հողային հարաբերությունների կարգավորումը: Խնդիրն այն է, որ մեծապես սրվել էին հարաբերությունները գյուղական համայնքների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս տարբեր եղանակներով փորձում էին զավթել համայնական հողերը և գյուղացիներին զրկել իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը և ի վիճակի չէր զինվորագրվել բանակին: Արտաշեսը՝ հասկանալով դրա ողջ վտանգավորությունը երկրի համար, կարգադրեց սահմանազատել համայնքի և մասնավոր տնտեսությունների հողերը Արտաշեսի հրամանով համայնքային և մասնատիրական հողերի միջև սահմանաքարեր կանգնեցվեցին, որով փորձ արվեց պաշտպանել համայնքի իրավունքները: Արտաշեսի թողած սահմանաքարերի մի մասը հայտնաբերվել է, իսկ մի քանիսը ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:
Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումը
Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով կարիք ուներ նոր մայրաքաղաքի: Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն: Ահա թե ինչու նոր մայրաքաղաքի կառուցումը դարձավ օրակարգի հարց: Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին:
Մայրաքաղաքը կառուցվեց 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան: Հույն պատմիչ Ապիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից: Անշուշտ, Հայաստան տեղափոխված ամբողջ բնակչությունը չի բնակեցվել միայն Տիգրանակերտում: Նրա մեծ մասը հաստատվել է Արտաշատ, Արմավիր, Երվանդաշատ, Վան և այլ քաղաքներում:
Հույն պատմիչ Պլուտարքոսի խոսքերով Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, ցանկանալով հաճոյանալ թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար: «...Նա այստեղ հրավիրում է հայերից լավագույններին և սպառնում էր բռնագրավել այն ամենը, ինչ իրենց հետ Տիգրանակերտ չէին տանելու»: Այսպիսով, կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք: Քաղաքը շրջապատված է եղել 25 մետր բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ: Հետաքրքիր է, որ թագավորական պալատը կառուցվել է քաղաքից դուրս, որը շրջապատված է եղել պարտեզներով, այգիներով և որսատեղիներով: Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն: Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել:
Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից, Տիգրանակերտ անվանումով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում:
Комментариев нет:
Отправить комментарий