Տիգրանակերտը տարբեր դարաշրջաններում տարբեր անուններ է ունեցել` Մարտիրուպոլիս, Մուաֆարկին, Նփրկերտ… Քաղաքի պատմության մասին դժվար է հստակ տեղեկություն իմանալ, քանզի Տիգրանակերտը երբևէ չի պեղվել, ավելին, մինչ օրս տարակարծություններ կան նրա գտնվելու աշխարհագրական ճշգրիտ վայրի վերաբերյալ:
Տիգրանակերտն ու Վանն այն եզակի մայրաքաղաքներից են, որոնք կառուցվել են ոչ Հայաստանի սրտում` Արարատյան դաշտում: Դրա համար օբյեկտիվ ու տրամաբանական պատճառներ են եղել:
Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55) գահ բարձրանալով` անցավ ակտիվ արտաքին քաղաքականության: Կարճ ժամանակում հայոց արքան նվաճեց հարևան մեծ ու փոքր երկրները և Հայաստանը դարձրեց Առաջավոր Ասիայի աշխարհակալ տերությունը: Այս պայմաններում հայոց մայրաքաղաք Արտաշատը մնաց Տիգրանի աշխարհակալության ծայր հյուսիսում, և Տիգրանը 70-ական թվականներին ձեռնամուխ եղավ նոր մայրաքաղաքի կառուցմանը:
Տիգրանն իր մայրաքաղաքը կառուցեց իր տերության աշխարհագրական կենտրոնում, որ Հայկական բարձրավանդակի հարավարևմտյան հատվածն էր կազմում: Հայոց արքան նոր մայրաքաղաքը կառուցեց Նինվեի ու Բաբելոնի նմանությամբ: Քաղաքը ռազմավարական, տնտեսական առումներով բավականին նպաստավոր դիրք ուներ: Այն գտնվում էր միջազգային տարանցիկ առևտրական ուղիների վրա: Տիգրանակերտով էր անցնում նաև Աքեմենյան Դարեհ Ա թագավորի կառուցած Արքայական պողոտան:
Տիգրան Մեծը ջանք չխնայեց քաղաքի ամրացման ու պաշտպանունակության համար: Ժամանակակիցների վկայությամբ` Տիգրանակերտի աղյուսապատ պարիսպների բարձրությունը հասնում էր 50 կանգունի (մոտ 25 մետր): Պարսպի ներսում կառուցվել են ախոռներ, զինանոցներ, օժանդակ շինություններ, պահեստներ: Հատուկ ամրացված էր քաղաքի միջնաբերդը: Այնտեղ էր գտնվում Տիգրանի փառահեղ պալատը: Բայց Տիգրան Մեծը պալատներ ու ապարանքներ էր կառուցել նաև քաղաքից դուրս: Այստեղ հայոց արքան արհեստական լճեր, որսատեղիներ, իր դիրքին ու հզորությանը համապատասխան կառույցներ սարքեց: Հռոմեացի պատմիչ Պլուտարքոսի խոսքերով` իրենք` հայ ազնվականները, հայոց ահեղ արքային հաճոյանալու համար ջանք չէին խնայում մայրաքաղաքի ընդարձակման ու բարեկարգման համար և այդ առումով մրցակցում էին միմյանց հետ: Հայոց թագավորը, Տիգրանակերտում բնակեցնելով հայ իշխաններին, սպառնում էր բռնագրավել այն ամենը, ինչ իրենց հետ Տիգրանակերտ չէին տանելու: Արդյունքում քաղաքը շատ արագ բարեկարգվեց ու շենացավ:
Դա էր պատճառներից մեկը, որ հայոց նորաստեղծ մայրաքաղաքը շատ արագ զարգացավ: Ընդամենը երկու տասնամյակում Տիգրանակերտը դարձավ Առաջավոր Ասիայի բազմամարդ ու գեղեցիկ քաղաքներից մեկը:
Տիգրանի թագավորության տարիներին Հայաստանն ուներ ևս մեկ` երրորդ` հարավային մայրաքաղաքը, որ Սելևկյանների կենտրոն Անտիոքն էր: Պետք է նշել նաև, որ հայոց հզոր տիրակալն իր կառավարման տարիներին Տիգրանակերտ անվամբ միանգամից չորս քաղաք է կառուցել իր տերության տարբեր մասերում:
Տիգրանակերտում ծաղկում էր առևտուրը, արհեստագործությունը: Առհասարակ Տիգրանակերտը տիպիկ քաղաքային բնակավայր էր: Արտաշատի նման այն շրջակայքում չուներ ընդարձակ դաշտավայրեր, որտեղ հնարավոր կլիներ երկրագործությամբ զբաղվել:
Քաղաքը մարդաշատ էր: Ուսումնասիրողները Տիգրանակերտին վերագրել են 100-300 հազար բնակչություն: 300 հազար բնակիչը պետք է չափազանցություն համարել: Դրա համար ուսումնասիրողները հիմք են ընդունել այն հաղորդումը, որ Տիգրան Բ Մեծը գրավեց Կապադովկիան և Կիլիկիան և այնտեղից շուրջ 300 հազար բնակիչների վերաբնակեցրեց Հայաստանում: Սակայն որևէ հիմք չկա կարծելու, թե այդ վերաբնակիչներին հայոց արքան բնակեցրեց միայն մայրաքաղաքում: Ամեն դեպքում, Տիգրանակերտն իր ծաղկուն շրջանում ունեցել է ոչ պակաս քան 100 հազար բնակիչ:
Քաղաքի բնակչության ազգային կազմը խայտաբղետ էր: Տիգրանակերտի հիմնադրումից հետո, բնականաբար, այնտեղ բնակություն հաստատեց հայոց ավագանին. ազնվականներ, պալատականներ, զինվորականներ: Տիգրան Մեծը նաև Հայաստանի տարբեր շրջաններից շատ հայերի վերաբնակեցրեց նոր քաղաքում: Բացի այդ, բնակչության մեծ հոսք եկավ Պաղեստինից, Կիլիկիայից, Կապադովկիա-Գամիրքից, Ասորիքից: Հետևաբար, հայերից զատ, Տիգրանակերտում բնակվում էին նաև հույներ, հրեաներ, ասորիներ:
Տիգրանակերտը նաև մշակութային մեծ կենտրոն էր: Հայաստանը, լինելով Առաջավոր Ասիայի հզորագույն երկիրը, տիպիկ հելլենիստական պետություն էր: Տիգրան արքան այստեղ նաև թատրոն է կառուցել, որ ավելի հին է, քան Հռոմի հռչակավոր կոլիզեումը: Այստեղ բեմադրվել են հայ և օտար թատերագետների ստեղծագործություններ:
Սակայն, Տիգրանակերտի փառքը շատ կարճ տևեց: Մ.թ.ա. 69 թ. հռոմեական զորավար Լուկուլլոսը անակնկալ հարձակվեց Հայաստանի վրա: Տիգրան Մեծը զբաղված էր Պաղեստինի նվաճումով: Թշնամուն դիմագրավելու համար 2000մարդուց բաղկացած հեծելազորով նրա դեմ արշավեց Տիգրանի զորավարներից Մեհրուժան Զարեհյանը: Սակայն ուժերն անհավասար էին, և հայկական զորագունդը ջախջախվեց, իսկ քաջ Մեհրուժանը զոհվեց: Հռոմեացիները պաշարեցին Տիգրանակերտը:
Առհասարակ այս պատերազմին Տիգրան Մեծը սկզբում լուրջ չէր վերաբերվում: Հավանաբար հայոց արքային կուրացրել էին իր հաջողությունները: Այլապես նա ահեղ Հռոմի դեմ միայն փոքր հեծելազոր չէր ուղարկի: Իսկ հռոմեացիները հանգամանորեն էին պատրաստվել պատերազմին: Նախ Լուկուլլոսը Հայք ներխուժեց Ծոփքի վրայով, որի ավագանին, բնականաբար, դժգոհ էր Տիգրանի կառավարումից: Լուկուլլոսը հույսը դրել էր նաև Տիգրանակերտի օտարազգի, հիմնականում հունախոս բնակչության վրա: Նրա հաշվարկները ճիշտ էին:
Տիգրանն արագ երթով Պաղեստինից հասավ հայոց միջնաշխարհ և մ.թ.ա. 69 թ. հոկտեմբերի 6-ին ճակատամարտ տվեց Լուկուլլոսի դեմ հայոց մայրաքաղաքի մատույցներում: Ճակատամարտից առաջ Տիգրանը փոքրիկ ջոկատով ճեղքեց թշնամու օղակն ու մտավ Տիգրանակերտ: Մինչ թշնամին ուշքի կգար, հայոց արքան դարձյալ համարձակ ճեղքումով քաղաքից դուրս բերեց իր կանանոցն ու գանձերը:
Սա ևս պետք է Տիգրան Մեծի սխալը համարել: Այդ քայլը փաստորեն բարոյալքեց քաղաքի պաշտպաններին, մանավանդ որ ճակատամարտում հայոց բանակը պարտություն կրեց:
Տիգրանը նահանջեց իր զորքի մնացորդների հետ, իսկ Լուկուլլոսը Տիգրանակերտի հույն բնակչության ապստամբության շնորհիվ գրավեց հայոց մայրաքաղաքն ու կողոպտեց այն: Ի վարձատրություն այլազգիների մատուցած ծառայության` Լուկուլլոսը նրանց թույլ տվեց վերադառնալ իրենց երկրները:
Սակայն, ըստ էության, ոչ բոլոր օտարազգիները լքեցին Տիգրանակերտը, քանզի մեկ դար անց` հայ-հռոմեական պատերազմի ժամանակ` 59 թ., մեկ այլ հռոմեացի զորավար` Կորբուլոնը, Տիգրանակերտը կարողացավ գրավել դարձյալ քաղաքում բնակվող այլազգիների դավաճանությամբ: Հռոմեացի պատմիչների հավաստմամբ` Լուկուլլոսը անբավ հարստություն տարավ Տիգրանակերտից` շուրջ 8000 տաղանդ, որ գերմանացի պատմաբան Ռեյնախի հաշվարկներով` հավասարազոր է 50 միլիոն ֆրանկի: Սա այն դեպքում, որ մինչ հռոմեացիների կողմից քաղաքի գրավումը Տիգրանը հասցրել էր քաղաքից հանել իր գանձերի հիմնական մասը:
Բայց հայոց արքան ժամանակին ուշքի եկավ, նոր զորք հավաքեց և հաջորդ` մ.թ.ա. 68 թ. Արածանիի մոտ ճակատամարտում ջարդեց հռոմեական զորքերն ու Լուկուլլոսին արտաքսեց Հայաստանից: Սակայն երկու տարի անց` մ.թ.ա. 66 թ., Հայաստան արշավեց հռոմեացի մեկ այլ զորավար` Գնեոս Պոմպեոս Մեծը: Միաժամանակ Հայաստանի դեմ արշավեց պարթևաց Հրահատ արքան, և Տիգրանի դեմ ապստամբեց կրտսեր որդին` Տիգրան Կրտսերը: Այս պայմաններում հայոց արքան որոշեց չգնալ արկածախնդրության և հաշտություն կնքեց Պոմպեոսի հետ: Արդյունքում Հայաստանը պահպանեց իր անկախությունն ու ամբողջությունը, բայց զրկվեց արտաքին նվաճումներից: Տիգրանակերտը հայտնվեց հայոց պետության ծայրամասում, և բնականաբար, արքունիքն ու Հայաստանի մայրաքաղաքը տեղափոխվեցին Արտաշատ:
Տիգրան Մեծից հետո Տիգրանակերտն անկում ապրեց: Գտնվելով պարսկա-հռոմեական շարունակական պատերազմների շփման գոտում` քաղաքն անընդհատ ավերվում էր: Շատ արագ կորավ Տիգրանակերտի ոչ միայն քաղաքային, այլև տնտեսական նշանակությունը: Ճիշտ է, կարճ ժամանակահատվածով Տիգրան Զ թագավորի տիրապետության օրոք (60-61) այն դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր: Սակայն հայոց Տրդատ Ա Արշակունի արքան (54-88) վտարեց Տիգրան Զ-ին Հայաստանից և մայրաքաղաքը հաստատեց Արտաշատում:
Իր կարճատև փառքից հետո Տիգրանակերտը, կորցնելով իր նշանակությունը, աստիճանաբար վերածվեց ավատական փոքր քաղաքի: Ամեն դեպքում, Արշակունիների թագավորության շրջանում (54-428) Տիգրանակերտը Աղձնիքի բդեշխության կենտրոնն էր: Արշակունիների թագավորության մայրամուտին ` 387 թ., Տիգրանակերտն անջատվում է հայոց պետությունից, նախ անցնում հռոմեական, ապա` պարսկական և արաբական տիրապետության տակ: Մինչ այդ` հայ-պարսկական երկարատև պատերազմների ընթացքում, քաղաքն ավերում են պարսից թագավորներ Շապուհ Առաջինը (243-273) և Շապուհ Բ Երկարակյացը:
Բյուզանդական Հուստինիանոս կայսեր (527-565) վարչական բարեփոխումների արդյունքում Տիգրանակերտը դարձավ Չորրորդ Հայքի կենտրոնը:
Արաբական տիրապետության տարիներին էլ թեև քաղաքը վարչատարածքային կենտրոն էր, այլևս նախկին շուքը չուներ: Քաղաքը շարունակ ավերածությունների էր ենթարկվում արաբա-բյուզանդական անվերջանալի պատերազմների ընթացքում:
VIII դարից այնտեղ արդեն արաբ բնակչություն կար հաստատված: Իսկ XII դարից հետո Տիգրանակերտը վերածվեց աննշան բերդաքաղաքի: 1515 թվականից Տիգրանակերտի վրա հաստատվեց Օսմանյան թուրքերի տիրապետությունը:
Комментариев нет:
Отправить комментарий