Բխում է Վարագա լեռան տակից, Վան քաղաքի մոտ
Ա
Շամիրամ թագուհու օրոք Գայլ գետը, Շամիրամի բերդի արևմտյան ստրորոտում մի նեղ անցք բացելով, հոսում ու ողողում է անհամար տներ: Իմանալով այդ մասին՝ Շամիրամն իսկույն գալիս է դեպքի վայրը (Արտոս լեռան մոտ), իր ոսկեթել մազերից պարսատիկ հյուսում և մի քանի մեծ ժայռեր է նետում գետի մեջ՝ մինչև բերդի ստորոտը: Ապա իր Նազնազ աղջկա հետ հազար հակ բամբակ է խրում ջրի բերանը, ահագին ժայռեր շարում բամբակի վրա, որպեսզի այդպիսով ահաբեկված ժողովուրդը խուսափի վտանգից:
Բ
Մի անգամ Շամիրամ թագուհու տղան այս գետում լողանալիս խեղդվում է: Շամիրամը զայրացած ուզում է կորցնել գետը: Յոթ բամբակ է խցում նրա ակի մեջ, քար ու հող է լցնում վրան, մեծ-մեծ քարեր դարսում: Սակայն Գայլ գետը հողի տակից իր համար նոր ճանապարհ է բաց անում՝ անցնելով Վանի քաղաքամիջով:
Դալմա
Գտնվում է Երևանի մոտ, Հրազդան գետի աջ ափին
Երևանի խանը ժամանակին կանչում է իր խանության բոլոր հմուտ առու հանողներին և հրամայում է նրանց որոնել և գտնել վաղեմի ջրանքցի ակը: Բազմաթիվ վարպետ-արհեստավորների բոլոր ջանքերը՝ կատարելու խանի հրամանը, ապարդյուն են անցնում: Կատաղած խանը կարգադրում է գլխատել բոլորին:
Այնուհետև վարպետներ են կանչվում Մակվից, Թավրիզից, Սպահանից: Ձորաբաշի տակ գետի եզերքը բռնելով՝ նրանք գնում են ջուրն ի վեր և վերջապես հասնում այն տեղը, ուր երևում էին վաղեմի ջրանցքի հետքերը: Սկսում են օր ու գիշեր աշխատել, մինչև որ կարողանում են խցված ակը բանալ (ՙդեոլմե՚ անել), քանդվածը վերաշինել, լցվածը մաքրել: Դրանից հետո ջուրն առատ-առատ հոսում է դաշտն ի վեր ու ոռոգում գետի մյուս ափին տարածված անծառ, անտունկ անապատը: Ջրանցքի անունը դնում են Դալմա (Դեոլմե), որը նշանակում է պեղած, ծակած, իսկ մոտակայքի այգիները կոչվում են Դալմայի այգիներ:
Եղվարդ
Ա
Ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանում գտնվող մարդիկ անհամբեր սպասում են ջրի իջնելուն և երկրի երևալուն: Ժամանակ անց, երբ նրանք տեսնում են Արայի լեռան ստորոտը, ուրախացած բացականչում են. «Եղև արդ…»: Դրանից հետո այդ տեղը կոչվում է Եղվարդ:
Բ
Եղվարդը ժամանակին շատ մեծ գյուղ է եղել, հողով առատ: Նրա մի ծայըը հասել է Քանաքեռ, մյուսը՝ Աշտարակ: Ունեցել է 4 ջրանցք, որոնցից ամեն մեկը տարբեր գետերից է ջուր առել: Գյուղի բոլոր հողերը ծածկված են եղել անտառներով ու այգիներով: Եղել է ծաղկով, վարդով ու յուղով առատ, ինչի համար էլ անունը դրել են Եղվարդ (եղ-վարդ):
Զանգեզուր
Ա
Երբ Լենկ-Թեմուրը գալիս, հասնում է Արաքսի ափը, դեռ գետը չանցած նրան է ներկայանում Մեհրի անունով մի իշխան և ասում. «Լենկ Թեմուրն ապրած կենա, եկել եմ քեզ ծառայեմ»: Թեմուրի հարցին, թե ինչով նա կարող է ծառայել իրեն, իշխանը պատասխանում է. «Քանի Խոտ գյուղի գլխին գտնվող վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը, թշնամուն հեռվից տեսնելուն պես տալիս են այդ զանգը և ժողովրդին հանում նրա դեմ»: Լենկ-Թեմուրը մի քիչ մտածելուց հետո ասում է. «Գնա՛, էդ զանգը վառիր, փչացրու, ես քեզ շատ ոսկի ու իշխանություն կտամ»: Դավաճանն իր նման մի քանի ուրիշների հետ գնում է, գիշերով զանգի տակ կրակ են վառում և կտրում նրա ձայնը: Լենկ-Թեմուրը զորքով անցնում է Արաքսը: Իմանալով այդ մասին՝ վանահայրը կանչում է զանգահարին և կարգադրում շտապ զանգը տալ: Զանգահարը որքան փորձում է, զանգը ձայն չի հանում: Վազում է վանահոր մոտ և ասում. «Ամեն բան զուր է, զանգը ձայն չի տալիս…»: Լենկ-Թեմուրը գիշերով գալիս, գրավում է ամբողջ երկիրը: Գյուղերում մարդիկ զարմանքով հարցնում են իրար. «Բա ինչո՞ւ զանգը չտվին»: Ոմանք էլ պատասխանում են.«Զանգը զո՜ւր է, զանգը զո՜ւր է…»: Դրանից հետո գավառի անունը մնում է Զանգեզուր:
Բ
Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ՝ մեկ-երկու եկեղեցի: Առավոտները, երբ զանգերը տվել են, ձորը լցվել է նրանց ձայնով: Լսողներն ասել են.«Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»: Դրանից հետո գավառի անունը դրել են Զանգեձոր, որը բերանից-բերան դարձել է Զանգեզուր:
Գ
Տաթևի վանքը կառուցելուց հետո զանգակատանը մի մեծ զանգ են կախել: Սրա ձայնն այնքան ուժեղ է եղել, որ երբ ղողանջել է , լսվել է ամբողջ գավառի լեռներում ու ձորերում: Ժողովուրդն ասել է. «Էս ի՜նչ զոռ զանգ է, զանգը զո՛ռ է»: Սրանից էլ առաջ է եկել Զանգըզոռ կամ Զանգեզուր անունը:
Դ
Նոր Գորիսի մոտ գտնվող վանքում ժամանակին եղել է մի շատ մեծ զանգ: Երբ տվել են այդ զանգը, ձայնը լսվել է հեռուներում: Ժողովուրդն ասել է. «Զանգը զորավո՛ր ա, զանգը զո՛ռ ա»: Դրանից էլ առաջ է եկել Զանգեզուր անունը:
Ե
Սյունյաց երկրի քարանձավներին տեղացիներն առաջ ծակեր են ասել, իսկ ձորերին՝ ծակերի ձոր: Այստեղից էլ գավառի անունը մնացել է ծակերի ձոր, որը հետո դարձել է Ձագեձոր, Զանգեզուր:
Զ
Զանգեզուրի ձորերում տեսակ-տեսակ, գույնզգույն և շատ ծաղիկներ են եղել: Դրա համար էլ գավառի անունը դրել են Ծաղիկների ձոր, Ծաղկաց ձոր, որը հետո դարձել է Զանգեզուր:
Էշ
Աստված մի օր կանչում է կենդանիներին, որ խելք բաժանի: Ամեն կենդանի գալիս է իր բաժինը վերցնում: Վերջում ներկայանում է էշը: Աստված տալիս է նրան իր մոտ մնացած մի փոքր խելքը: Էշն ասում է. ՙԲա ես էս փոքր կտոր խելքով ի՟նչ պիտի անեմ՚:ՙՎնաս չունի, վաղը շուտ կգաս, ականջներ եմ բաժանելու՚,— է Աստված: Էշը հաջորդ օրը բոլորից շուտ է ներկայանում: Աստված մեծ-մեծ ականջներ է տալիս նրան: Այդ պատճառով էլ էշի խելքը փոքր է, ականջները՝ մեծ:
Թռչկանի ջրվեժ
Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից 12 կմ դեպի հյուսիս, Չիչխան գետի վրա
Չիչխան գետը հարուստ է եղել կարմրախայտ ձկնատեսակով: Ձվադրման շրջանում ձկները գետի հոսանքին հակառակ են լողում: Ու մի օր էլ գյուղացիներն ականատես են լինում, թե ինչպես են կարմրախայտերը գետի հոսանքին հակառակ լողալով գալիս ու թռչում մոտ 25 մ բարձրություն ունեցող ջրվեժի վրայով, ինչից հետո էլ ջրվեժի անունը մնում է Թռչկան:
Ավանդապատումը տեղաբնակներից լսեց և գրի առավ Սամվել Հովհաննիսյանը:
Կատու
Ա
Նոյի տապանում ապաստան գտած ժամանակ առյուծը հանկարծ փռշտացել է: Նրա քթից դուրս է ընկել կատուն: Դրանից է, որ կատուն շատ նման է առյուծին:
Բ
Երբ Քրիստոսին չարչարում էին փշե պսակով, արցունքն առատ հոսում էր աչքերից, և նա թաշկինակով սրբում էր: Մեկը Քրիստոսի ձեռքից թաշկինակը խլում է և նետում աղբանոց: Թաշկինակն իսկույն կատու է դառնում:
Գ
Հիսուսը մի գյուղում մեծ մկներ է տեսնում, որոնք շատ էին վնաս տալիս բնակիչներին: Գյուղացիները խնդրում են նրան ազատել իրենց այդ չարիքներից: Հիսուսը ծալծլում է թաշկինակն ու նետում մկների վրա: Թաշկինակն իսկույն կատու է դառնում և խեղդում բոլոր մկներին: Ասում են, թե կատուն Քրիստոսի թաշկինակն է, դրա համար էլ չի կարելի սպանել նրան:
|
|
|
|
|
|
|
|
Комментариев нет:
Отправить комментарий