Ճիշտ 115 տարի առաջ՝ 1897 թվականի մարտի 13-ին, մեր մեծ հայրենիքի Կարս քաղաքի բնակիչ Աբգար աղայի «անտաշ քարով» շինված տան վրա աստղ իջավ, ի դեմս Եղիշե Սողոմոնյանի, հետագայում՝ բանաստեղծՉարենց, հայոց բազմադարյան գրականության ամենապայծառ աստղերից մեկը՝ Մաշտոցի, Խորենացու, Գրիգոր Նարեկացու, Խաչատուր Աբովյանի,Րաֆֆու, Թումանյանի, Իսահակյանի, Դանիել Վարուժանի ու Սիամանթոյիտիեզերածին շարքում: Մեծերը համեմատելի են, բայց ոչ համատեղելի ու նույնական, յուրաքանչյուրն ունի իր տեղն ու նշանակությունը երկնային անհունի մեջ, և, կարծում եմ, ի տարբերություն տիեզերքի շարժման ընդհանուր ու միասնական օրենքներով գոյատևող աստղերի, գրականության ու արվեստի գերմեծություններից յուրաքանչյուրը, ես Հոմերոս, Շեքսպիր և Գյոթե ասեմ, դուք ձերն ավելացրեք, ապրում են գլխավորապես իրենց ներհատուկ կանոնակարգով, յուրաքանչյուրը մի ինքնատիպ հոգևոր երևույթ: Եղիշե Չարենցն այդ երևույթներից է, որ ահա հարյուր տարի անμաժան է իր ժողովրդից, գրականության հավերժական ճամփորդ, առանց որի և նմանների անհնարին է անգամ երևակայել մեր մարդկային, հասարակական ու ազգային ներկայությունն այս դժվարին երկրագնդի վրա:
Չարենցն ստեղծագործեց ընդամենը քսանհինգ տարի, հրապարակելով բոլոր ժանրերի հարյուրավոր երկեր, որոնք հետաքրքիր ու արդիական են առ այսօր: Չարենցը չի հնարում, այլ գնալով, յուրաքանչյուր սերնդի հետ, հնչում է ավելի նոր ու նորովի:
Եղիշե Չարենցի կյանքի ժամանակը, որ համընկավ հարազատ ժողովրդի ողբերգական իրադարձություններով հարուստ ճակատագրին, պայմանավորեց և ուղենշեց նրա ամբողջ ստեղծագործության բովանդակությունը: Այդ ժամանակը կարելի է բնորոշել մեկ բառով՝ ցեղասպանություն:
Ցեղասպանությունը Եղիշե Չարենցի կյանքի ժամանակն է: Բայց ոչ միայն այդ: Նրա կյանքը շարունակվեց տոտալիտար համակարգի պայմաններում, որն ուներ յուրովի ողբերգական դիմանկար՝ նման նախորդ շրջափուլի հանցանշաններին: Չարենցի դրաման խորանում է նրանով՝ վերածվելով ստեղծագործող մարդու համար բացառիկ ողբերգության, որ նա և՛ տառապում էր, և՛ լուսավոր ապագայի հույսեր փայփայում: Հոգու այս երկփեղկվածությունը ներկա է 1936-1937 թվականներին գրված նրա հալածական բանաստեղծություններում, որոնցից շատերը տպագրվեցին շատ տարիներ հետո՝ 1983-ին, Անահիտ Չարենցի «Անտիպ և չհավաքված երկեր» հատորում: Չարենցի լավատեսությունը «լուսավոր, պայծառ» ապագայի վերաբերյալ, որքան էլ անկեղծ ու հավատով լի, կարծում եմ, ուներ ռոմանտիկական գունավորում և ցեղասպանությանը հաջորդած տարիներին հայ ժողովրդին վաղվա օրվա հանդեպ հույս-հավատով համակելու և ոչ հուսահատեցնելու նպատակ, այնինչ ստալինականության բարոյական, ազգային, սոցիալ-քաղաքական հանցավոր մթնոլորտի բանաստեղծական-պատկերային մերկացումները պայմանավորած էին իրականության ռեալ զգացողությամբ ու խոր գիտակցումով: Հիշենք մի քանի տողեր և պատկերագրեր՝ գրված 1936 և 1937 թվականներին.
«Ո՞ւր ես արդյոք քո սև խաչափայտը տանում... Չարչարանքիդ այս սև՜ կեսգիշերին...»: «Կրկին կանգնած եմ ես ինքըս իմ դեմ շըվար՝ Անօգնական, մենակ, ինչպես կաղնի հանդում, Ուր ոչ մի ծառ չկա,-ուր տագնապով անդուլ Քամիներն են միայն շաչում դժնի ու հար»: «Հուսահատական ժամերին իմ սև...»: «Այլևս ինչ մնաց քեզ՝ խնդրելու կյանքից... Խաղաղություն անխոհ,-մահվան հանգիստ»: «Ընկել ես դու արդեն չարչարանքի ուղի, Ուր ոչ մի սիրտ այլևս քեզ չի կարող գթալ. Խմիր հոժար կամքով, իμրև լեղի մի թաս, Տառապանքիդ μաժակը՝ վաղվա կյանքով հղի»: «Մահվան մոխիր է մովից մաղում... Մտորումներս մահ են, մութ են...»: «Բայց, ա՜խ, քրքջացել է կյանքը երեսիդ,-Եվ երգը տվել է քեզ թույն միայն, սի՛րտ...»: «Մի՞թե փորձանք է մեր կյանքն անհընար,-Սին զառացանք է և կյա՛նք, և քնա՛ր...»-գրում է Չարենցը խոշտանգումներով մեռնելուց ոչ շատ առաջ: Վերջապես մի զարհուրելի պատկեր. «Ատամնաթափ մի մարդ, գանգը նման կապկի, նստել էր կոկորդիս և ինձ խեղդում էր...»: Այս տողերից շատերը գրված են գիշերը, անքնության մեջ: Իմանանք նաև. «...և այսպես,-գրում է μանտարկյալ Չարենցը,-ահա ես, 25 տարի ստեղծագործական աշխատանքով հայրենի հերկը խոփով ոգեկան հերկելուց հետո՝ ահա տոնում եմ իմ կրկնակի հոμելյանը – մենա՜կու հալածական՝ պոետ աքսորյալ սեփական հայրենիքում՝ հերկի եզերքին հայրենական երգի՝ ամայացած դաժանագույն եռանդով սեփական նախարարների և պետերի՝ հայրենի երգակիցների դեռ մնացած մի քանի խեղճերի հախուռն ցնծության ներքո», ստորագրված է՝ Եղիշե Չարենց, 1937.28. մարտի, գիշեր, այսինքն՝ հանճարի մեծարման այս հանդիսությունից մեկ օր հետո, թերևս նույն օրը:
Ռոմանտիզմ և իրականություն առնչությամբ Չարենցը հոդվածներից մեկում հետաքրքիր դիտարկում ունի. «Ռոմանտիզմը, ինչ գույնի էլ նա լինի, մանկական է, երեխայական հասակը բնորոշող...», ավելի գերադասելի է «կոնկրետ, պոզիտիվ վերաբերմունքը դեպի կյանքը»: Այստեղ, իհարկե, չպետք է նկատի ունենալ «ռոմանտիզմ» գրական-ստեղծագործական ուղղությունը, որով աչքի են ընկնում Րաֆֆին ևՄուրացանը, Ֆրանսիայում՝ Վիկտոր Հյուգոն, այլ՝ իրականությունից զգալիորեն կտրված լավատեսություն:
1915-ը և 1937-ը Չարենցի կյանքի, 20-րդ դարում մեր ժողովրդի պատմության գլխավոր թվականներն են, դարակազմ ողμերգություն երկու գործողությամբ, որի արձագանքները մեր հոգիներում լսելի են առ այսօր: Ոչ շատ վաղուց ես «Գրական թերթում» հոդված հրապարակեցի «1937» վերնագրով՝ Չարենցի օրինակով փորձելով ցույց տալ անագորույն ժամանակի դեմքը: Այդ դեմքին գույն ու գծեր կան նաև Հայաստանի գրական կյանքից, շատ պատեհապաշտ գրողներ ոգևորված ընկնելով տոտալիտարիզմի գիրկը, ձգտում էին դառնալ հոգևոր կյանքի տերեր՝ իսկական տերերի՝ Չարենցի, Բակունցի, Վահան Թոթովենցի, Գուրգեն Մահարու, Զապել Եսայանի, Լեռ Կամսարի,Մկրտիչ Արմենի և այլ իրական գրողների փոխարեն: 1937-ին Գրողների միության ընդհանուր ժողովում Հրաչյա Քոչարը ճիզվիտական ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ Չարենցը քար է՝ ընկած սովետահայ գրականության զարգացման ճանապարհին, ըստ էության, գրականության ու ժողովրդի թշնամի: Այս ելույթը երկրորդական դեր չխաղաց բանտարկելու Չարենցին: Մեկ այլ հոդվածում ես նկարագրել եմ Չարենցի բանտային վերջին օրերն ու ժամերը: Մենախցում նա կապկպված է եղել երկաթե սյունին և անվերջ բղավել է՝ թմրադեղ խնդրելով: Այդպես կապված էլ հանճարն ավանդել է հոգին հավերժությանը: Չարենցին սպանեց ստալինիզմը: Ֆրեդերիկո Գարսիա Լորկային՝ իսպանական ֆաշիզմը: «Ժողովրդի թշնամի» հռչակված այս երկու մեծագույն գրողները տարեկիցներ են և ճակատագրով եղբայրներ: Մարդկությունը տեսե՞լ էր այսօրինակ մարդատյացություն լուսավորի ու առաջադեմ զարգացումների հանդեպ: Իհարկե: Օրինակ՝ Քրիստոսի խաչելությունը, միջնադարյան ինկվիզիցիան, որը խարույկի վրա այրեց Ջորդանո Բրունոյին և Ժաննա դը Արկին, շուտով էլ վերջինիս սուրբ կարգեց՝ գնա մեռի արի սիրեմ աղքատամիտ բարոյականությամբ: Չարենցի սիրելի Ակսել Բակունցը բանտից նամակ է գրում իշխանություններին, խնդրելով իրեն չաքսորել, պահել հայրենի բանտում. «ես,-ասվում է նամակում,-հայ գրող եմ և չեմ կարող ստեղծագործել հայրենիքից հեռու»: Տաղանդավոր, միամիտ Ակսել, չիմացավ, որ իրեն շուտով գնդակահարելու են: Ինքնատիպ, հայրենասեր գրող Վահան Թոթովենցին, որ թողեց ապահով Ամերիկան և եկավ մասնակցելու հոգևոր Հայաստանի կառուցմանը, մեղադրեցին որպես ֆաշիստ, ստիպում էին ստորագրել մի թխված մեղադրանքի տակ, թե ինքը Թուրքիայի լրտես է: Պետանվտանգության վարչության «ներքին բանտի» իր խցում նա անվերջ μղավում էր. «Ֆրանսիացոց լրտես՝ ուզենաք կլինեմ, ճապոնացոց՝ կլինեմ, հաբեշների լրտես ուզենաք՝ կլինեմ, թուրքական լրտես չեմ լինի, չեմ լինի, չեմ լինի»: Ինչպե՞ս կարող էր Հովհաննես Թումանյանի կրտսեր բարեկամ, զորավար Անդրանիկի թիկնապահ և թարգմանիչ Վահան Թոթովենցը լինել Թուրքիայի լրտես: Եվ գնդակահարվեց: Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, Զապել Եսայանը գերեզման չունեցան: Նրանց գրչեղբայր Գուրգեն Մահարուգլխագինը շատ թանկ արժեցավ՝ բանտեր, հավատաքննություն, տասնութամյա սիբիրյան աքսոր, 30-40-ական թվականների հասարակական ու ազգային ողբերգությունների անքուն հիշողությունները, որոնք ժամանակից շուտ ծերացրին նրան:
Մեր այս գրող նահատակներից յուրաքանչյուրի հոգում, ավելի կամ պակաս չափով, շեքսպիրյան Համլետ կար՝ ազատության ու ճշմարտության ասպետ, և նա էլ կարող էր հուսահատորեն ասել. «Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, օ, μախտ իմ դժխեմ, ինչու ծնվեցա, որ հենց ես ուղղեմ»: Համլետը փիլիսոփայորեն հուսահատ է, այնինչ հայ գրողների սրտում թրթռում է իրատես հույսը, որ հայերիս ավանդական վերաբերմունքն է աշխարհին: Ցեղասպանության ժամանակակից Վահան Տերյանը գրում էր. «Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ, Արքայական խոսքը մեր կըմնա հավետ»: Իսկ իր վերջին ժամերին Թոթովենցն ասաց. «Հինգ րոպեի դատավարությամμ դատապարտվեցի մահվան. բացարձակապես անմեղ եմ: Կեցցե՜ հայ ժողովուրդը»: Իր մահվան թվականին՝ 1937-ին, Չարենցը գրում է տպավորիչ տողեր իր հալածական հոգու և մարմնի հավերժական անպարտելիության մասին.
«Չնչին, ինչպես Արարատին նետած քար՝
Դավերը սև մարդուկների այդ անկար –
Օ՜, չհասած քղանցքներին անգամ քո՝
Վայր են թափվում համայնացած քո կամքով –
Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,
Ինչպես անհաս Արարատին նետած քար...»:
Դավերը սև մարդուկների այդ անկար –
Օ՜, չհասած քղանցքներին անգամ քո՝
Վայր են թափվում համայնացած քո կամքով –
Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,
Ինչպես անհաս Արարատին նետած քար...»:
Հայ ժողովուրդը չվհատվեց ո՛չ իր գոյությանը սպառնացող պատմական հեռուներում, պետականազուրկ դարերում՝ իրեն զենք ու զրահ անելով քրիստոնեությունը, մայրենի լեզուն, գրականություն, արվեստ ու գիտություններ, ո՛չ էլ ցեղասպանության ու խորհրդային տոտալիտարիզմի ժամանակներում: Սա ազգային բնավորություն է, ապագայի նկատմամբ հույս և հավատ, որ իր ռոմանտիկականությամբ ոչ միշտ է իրականություն դառնում: Չարենցը գանգրահեր տղային համարում է «Մեր լա՜վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ»: Բարձրաձայնում. «Ես գալիս եմ դարերից ու գնում եմ հաղթական, Դեպի դարերը նորից, դեպի պայծառ ապագան»: Նրա հավերժությունը միանգամայն ճշմարիտ է՝ դարերից է գալիս և գնում է դեպի դարերը, միայն թե «պայծառ ապագա» արտահայտությունը հալած յուղի տեղ չընդունենք, իմանանք, որ արևի վրա էլ թանձր ստվերներ կան: Ինչպես Պուշկինն իր անմահության «Հուշարձանում»՝ ես ինձ անձեռակերտ հուշարձան կանգնեցրի, այնպես էլ Չարենցը հավատում է լուսավոր գալիքին, թեև կանգնած է մահվան, իսկ ռուս հանճարը՝ չարությամμ, նախանձով ու քսությամμ պայմանավորված մոտալուտ մահացու կրակոցի առջև: Այս մտածական-զգացմունքային, μարոյա-հոգեբանական դաշտում հանճարեղորեն է հնչում Խաչատուր Աբովյանի կայծակնային խոսքը. «Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»: Ինձ թվում է, որ այս ոսկե բառերն ասվել են Քրիստոսից առաջ, վաղնջական ու միջին դարերում, ցեղասպանության ժամանակ ու հետո, նմանապես այժմ և ընդմիշտ՝ տառապալից-հերոսական հիմներգի նման:
20-րդ դարի ոչ մի հայ գրող, մինչև իսկ ստալինիզմի ականատես վկան և կենդանի մնացած նահատակը՝ Գուրգեն Մահարին, իր ստեղծագործություններում այն լայնք ու խորքով չի արտահայտել իր այդ ժամանակի ոգին, ինչ Եղիշե Չարենցը: Նրա ստեղծագործության հիմունքներով այսօր հնարավոր է բավականին մանրամասնորեն ու տիպական գունագծերով ներկայացնել եղերական ժամանակի դեմքը՝ գուցեև փաստագիր պատմաբանից առավել: Չարենցը մեծ գրող լինելուց զատ՝ նաև մեծ ու անփոխարինելի պատմագիր է: Նրա ժամանակագրությունն ուղեկցում է նրա ողջ ստեղծագործությանը՝ արձակ, պոետական բոլոր ձևաչափերը, մեծ ու փոքր ամեն գրավոր խոսք, նաև ոչ երկար կյանքի էական տեսարանները՝ մինչև եղերական վախճան, մինչև անհայտ գերեզմանը:
1920-ական թվականների առաջին տարիները շատ կարևոր ժամանակաշրջան են մահ ու ավերներից հառնած նոր Հայաստանի պետական ու հոգևոր կյանքի կառուցման ճանապարհին, որտեղ գլխավոր դերը վերապահված էր մեր երկրորդ հանրապետության անդրանիկ ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանին: Հոգևոր Հայաստանի տեսլականը, որ տեսան Հովհաննես Թումանյանն ու Վահան Տերյանը, ցեղասպանությունից հետո կրկին դարձավ ազգապահպանման գլխավոր սյուներից: Մոսկվայից Թումանյանին հղած մի նամակում Չարենցը գրում է՝ «Մեկնում եմ Երևան, գնում եմ մեր երկիրը... միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան...»: Սա ժամանակի սևեռուն գիտակցությունն էր, և, կարծում եմ, նաև ընդհանրապես ու միշտ: 1921 թվականին Վենետիկից Թումանյանին հասցեագրված նամակում Ավետիք Իսահակյանը ցանկություն է հայտնում վերադառնալու հայրենիք և լծվել կուլտուրական աշխատանքի, «ես սպասում եմ այդ ժամին»: Թումանյանը նրան պատասխանում է. «... Արի՜, Ավո ջան... Թերևսայժմ կազմենք մեր «Վերնատունը» մեր երկրում ու վերջին օրներս միասին անցկացնենք»: Թումանյանին Ամերիկայից գրած նամակում, ազգային մշակույթի ու հայրենի եզերքի անքակտելիության վերաբերյալ Չարենցի մտքին անտեղյակ՝ Վահան Թոթովենցը կրկնում է այն գրեթե բառացիորեն. «Մեր նոր գրականությունը իր հասակը կառնի միայն այստեղ, ժողովրդի ծոցում»: Թոթովենցը իր Լուսիկ կնոջն անվերջ ասում էր՝ Լուսիկ ջան, ի՞նչ գործ ունի հայ գրողը Ամերիկայում, նրա տեղը Հայաստանն է: Եվ նա ու Եղիշե Չարենցը եկան հայրենիք՝ կառուցելու հոգևոր Հայաստան և նահատակվելու: Ճիշտ և ճիշտ ցեղասպանության միջոցներով ու անմարդկային տրամաբանությամբ: «Վերնատունը մեր երկրում» պիտի դառնար ավերակված հոգևոր Հայաստանի նոր շենքի հիմնաքարը: Եվ դարձավ, թեև առանց Կոմիտասի, Թումանյանի, Շանթի, Իսահակյանի, Աղբալյանի ու Տերյանի, բայց նաև նրանց պատգամներով: Այդ ազգային մեծ շինարարության տեսիլքն է լուսավորել Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Թամանյանի, Թորոս Թորամանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, Հակոբ Կոջոյանի, Հրաչյա Ներսիսյանի, Մանուկ Աբեղյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Արուս Ոսկանյանի, Հայկանուշ Դանիելյանի, Շարա Տալյանի և շատ ուրիշների հայրենասեր հոգիները՝ Մյասնիկյանի նախաձեռնությամբ նրանց բերելով-կապելով մայր հողին՝ իրենց «գութանին և արորին ժանգը նորեն սրբելու» մտքի և հոգու գեղեցկություններով: Հոգևոր Հայաստանի կառուցման գործում գրականությանը հատկացվում էր գլխավոր-որոշիչ դերը: Եվ դա հասկանալի է. գեղարվեստական գրականությունը ոչ միայն կյանքի ու պատմության, գեղեցիկի, սիրո ու մտքի արտահայտիչն է, այլև լեզվի հիմնական կրողն ու պահապանը, իսկ լեզուն՝ Աստծուց տրված այդ հրաշալիքը, ժողովրդի գոյության արմատն է, վերընձյուղումն ու ծաղկումը: «Լեզվի մեջ ապրում է մեր ժողովրդի պատմությունը» Թումանյանի այս գիտակցությունը, որը նրան տարավ երկարամյա լեզվական պայքարի, Տերյանը շուտով հարստացրեց նոր գաղափարով՝ լեզվի ծոցում ապրում է ոչ միայն պատմությունը, այլև ժողովրդի ներկան ու գալիք օրը: Այս քննարկման հաջորդ ալիքն արդեն առնչվեց Չարենցի հետ՝ նրա 1934-ին կարդացած «Մեր գրական լեզվի զարգացման տենդենցները և Դ. Դեմիրճյանի լեզուն» զեկուցմանը, որը դեմ դուրս գալով «լեզվի բացասական նիվելիրովկային», առաջադրում էր «լեզվի ազգային ձևի» պահանջը՝ իբրև և՛ գրական, և՛ ազգային հեռանկար: Այս չափազանց հետաքրքիր ու կարևոր բանավեճը շարունակվում է մինչև Պարույր Սևակ և հետագայում, ցավոք սրտի, պարտվողաբար շարունակվում է և ներկայումս, երբ մեր մայրենին ամեն պահ աղարտվում է քաղքենիական բառապաշարով ու շարահյուսությամբ զանգվածային թերթերի ու հատկապես հեռուստաալիքների կողմից: Հանուն լեզվի «ազգային ձևի» պայքարն ընդդեմ տգիտության ու քաղքենիության կշարունակվի նաև այսուհետև, և Սփյուռքը չպետք է այդ ազգային կռվին անմասն մնա:
Չարենցն ապրել է մի քանի ստեղծագործական շրջափուլեր, կանգ չի առել մեկ, թեկուզև μարձրակարգ տեղում, այլ մշտակա որոնումներով հասել է նոր հանգրվաններ և շարժվել առաջ՝ դեպի գալիք օրը: Նա այժմ էլ է ընթանում զարգացման առջևից, ակնհայտ է, հայ պոեզիան որքան էլ վազում՝ չի հասնում նրան, թերևսի բացառյալ Պարույր Սևակի, և Չարենցը ինչպես իր ժամանակ, այնպես էլ ներկայումս մնում է մեկ ու միակ առաջնորդ, փարոս գրականության ծովում մոլորյալ նավերի համար:
Չարենցը 20-րդ դարի հայ գրողների շարքում ամենազարգացածներից էր, հիանալի տիրապետելով ռուսաց լեզվին, որն այն ժամանակ, այսօր էլ մի զգալի չափով, միջազգային հնչողություն ունեցող լեզու էր, նա ռուսերենով թարգմանաբար կարդաց համաշխարհային գրականության ընտիր երկերը, նաև փիլիսոփայական, արվեստաբանական-տեսաբանական, տարբեր գիտություններին վերաբերող գրքեր: Բավական է դիտել Երևանի Չարենցի տուն-թանգարանում պահվող բանաստեղծի անձնական գրադարանը՝ համոզվելու, թե որքան գիտակ ու զարգացած է եղել նա: Այդ գրադարանում 1400 հատոր օտարագիր գիրք կա միայն ռուս և արևմտյան գրականությունից, այդ թվում՝ Պուշկին, Լերմոնտով, Եսենին, Պաստեռնակ, Մանդելշտամ, Բելի, Գումիլյով, Բալմոնտ, Բրյուսով, Դոստոևսկի, Չեխով,Մայակովսկի և այլն, Օմար Խայամ, Սաֆո, Պիրանդելլո, Հոմերոս, Իբսեն, Սերվանտես, Մետերլինգ, Ռոլան, Շեքսպիր, Ստենդալ, Գյոթե,Վոլտեր, Բայրոն, Բերանժե, Ֆլոբեր և այլն, ինչպես նաև բառարաններ, հանրագիտարաններ, քաղաքական, երաժշտագիտական, փիլիսոփայական, արվեստաբանական հարյուրավոր գրքեր:
Մոսկվայում երկարատև ներկայությունը, այցելությունը Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա նույնպես նպաստեցին Չարենցի զարգացածությանը, հատկապես Մոսկվան, որտեղ խաչավորվում էին անցյալ դարասկզբի գրականության ու արվեստների նորարարական զարգացման ճանապարհները: Այս ամենին հավելեմ նաև Եղիշե Չարենցի մասնակցությունը հարազատ ժողովրդի պաշտպանության կամավորական զորամասերին, Կարմիր բանակի շարքային զինվորի կարգավիճակով՝ Ռուսաստանի քաղաքացիական կռիվներին, Հայաստանում Մայիսյան ապստամբությանը և այլն: Չարենցի գրականության, հասարակական, ազգային, պատմական, սոցիալական, մշակութային, գրական, գիտական և այլ ասպարեզներին վերաբերող բառերի, արտահայտությունների, հասկացությունների բառագրքի հարստությունը մեր ուրիշ ոչ մի գրող չունի: Նման բառագրքի ստեղծումն անհրաժեշտ է Եղիշե Չարենցի կերպարն ավելի ամբողջական դարձնելու համար:
Եղիշե Չարենցն իբրև հեղափոխության երգիչ իր կենդանության ժամանակ չէր ընդունվում այնքան անվերապահորեն, ինչ մահվանը հաջորդած տասնամյակներում, գրեթե մինչև վերջերս: Այժմ էլ քիչ չեն այն ընթերցողներն ու նրա ստեղծագործության մեկնիչները, որոնք նրան նախ և առաջ և հիմնականում համարում են հեղափոխության գրող: Սա չափազանցություն լինելուց զատ նաև սխալ է ու միակողմանի և խաթարում է ողբերգակ բանաստեղծի ազգային նկարագիրը: Ե՛վ սովետահայ գրականության ակադեմիական երկհատորյա ստվարածավալ պատմության մեջ, և՛ շատ հոդվածներում, զեկուցումներում ու առաջաբաններում Չարենցը նախ և առաջ հեղափոխական է՝ նկատի են առնվում «Ռադիոպոեմները» («Եկել -երկաթե երգ եմ ձեզ ասում Ես – կարմիր պոետ -Եղիշե Չարենց», Լենինին ու հեղափոխությանը նվիրված պոեմներն ու բալլադները և նման թեմաներով ուրիշ երկեր: Երևանի կենտրոնում՝ ռադիոտան հարևանությամբ վեր է խոյանում Եղիշե Չարենցին պատկերող խմբաքանդակային կոմպոզիցիան՝ հեղափոխության հաղթանակը խորհրդանշող երկնամերձ շեփորներով: Այստեղ Չարենցը բացարձակապես լենինյան հեղափոխական է, ճանաչված քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը նեղացրել-փոքրացրել է բանաստեղծի մեծ էությունը, սրանով չգոհացած՝ նաև սրբատաշ կարմիր մարմարյա լայն ու երկար ճանապարհ գցել դեպի խմբաքանդակը, հեղափոխական բովանդակությունը դարձնելով ավելի բացահայտ ու արտահայտիչ, մեզ աննշան հնարավորություն իսկ չտալով տեսնելու և ընկալելու ողբերգական Չարենցին, որ որոշ դեպքերում շեքսպիրյան հզորությամբ արտահայտեց իր ժամանակի տառապանքն ու ինքնազոհումը: Ահա ձեզ ներկայացնեմ «Մահվան տեսիլ» ընդարձակ բանաստեղծությունից մի հատված.
... Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի եգով մթար
Ու Նաիրյան իմ երազի վերջին սիրով,-
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուշեղ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր...
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի եգով մթար
Ու Նաիրյան իմ երազի վերջին սիրով,-
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուշեղ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր...
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...
Բանաստեղծությունը գրված է 1920 թվականին և, ըստ իս, արտահայտում է Չարենցի և՛ նախորդ շրջանի, և՛ հետագայի ամբողջ ստեղծագործության հոգեբանությունն ու ոգին, նրա ալեկոծ ողբերգությունը, որ, իբրև ընդհանրական պատկեր, բացակայում է շատ ուսումնասիրություններում, վերջին տարիներս է վերլուծաբանվում միայն և հաճախակի արտասանվում բեմերից՝ հեղափոխական երգերի ու բալլադ-պոեմների փոխարեն: Վերոհիշյալ խմբաքանդակը ամբողջովին զերծ է այդ բանաստեղծության բովանդակությունից և հետևբար մասնակիորեն է մարմնավորում Չարենց երևույթը: Ավելի տխուր փաստն այն է, որ տասնամյակներ շարունակ դպրոցական դասագրքերում ու ծրագրերում Չարենցը ներկայացվել է որպես լենինապատումների հեղինակ, և հայրենի նոր ու երիտասարդ սերունդները խորապես չեն ճանաչել իրենց անմիջականորեն նախորդող հանճարին:
Չեմ ցանկանում ընկնել հակառակ ծայրահեղության մեջ և անտեսել Եղիշե Չարենցի հեղափոխականությունը: Դա փաստ է և փաստարկվում է վարպետ գրչով ստեղծված բազմաթիվ երկերով: Սակայն, կրկնեմ, Չարենցին հարկ է տեսնել, զգալ ու գիտակցել «Մահվան տեսիլի», «Էպիքական լուսաբաց», «Գիրք ճանապարհի» գրքերում, 1920-ական թվականների բանաստեղծական շարքերում և «Երկիր Նաիրի» վեպում:
Սովորաբար ամեն գրող սկսվում է ավելի կամ պակաս չափով ուրիշներից կրած ազդեցությամբ: Մշտապես մնալ ազդեցության տակ՝ նշանակում է ի վերջո կործանվել, չհասնելով ինքնուրույնության: Ազդեցությունն օգտակար է, երբ գրողն աստիճանաբար ձեռք է բերում իր սեփական ձայնը և սեփական հուզաշխարհը: Եղիշե Չարենցի սկիզբը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Տեսիլաժամեր», «Ծիածան», «Էմալե պրոֆիլը Ձեր» բանաստեղծական շարքերը կրեցին Մեծարենցի և հատկապես Վահան Տերյանի ազդեցությունը: Բայց նույնիսկ այստեղ Չարենցը որոնում էր իրեն, և շատ ժամանակ չպահանջվեց գտնելու իր ars poetica-ն՝ բանաստեղծական արվեստը: Բանաստեղծն առաջին շրջանում անտարբեր չեղավ նաև անցյալ դարասկզբի ստեղծագործական ուղղությունների ու հոսանքների հանդեպ, առավել հիմնավորապես կանգ առնելով սիմվոլիզմի վրա, որը բանաստեղծական մեծ նվաճումների էր հասել ինչպես հայ իրականության մեջ, այնպես էլ, առավել, Ռուսաստանում ու Եվրոպայում: Չարենցը երգում էր «Երկնային ճամփաները» և «Կապույտ հեռուները»: Նրա դեպքում դա ուներ նաև իրական նստվածք՝ ցեղասպանության ողբերգական զգացմունքներից անցում կատարել դեպի երկնային ու կապույտ՝ ասել է մաքուր, ազնիվ ու լուսավոր, երազելի մի իրականություն: Առհասարակ նկատեմ, որ հայ գրականության հայտնի ուղղություններն ու հոսանքները ինքնաբավ և զուտ արվեստական չեն եղել, ինչպես եվրոպացիների մոտ, մեզանում դրանք պայմանավորված են ժողովրդի կյանքի հանգամանքներով, նույնիսկ այնպիսի հզոր մի ուղղություն, ինչպիսին ռոմանտիզմն է: Մեր ուղղությունները փորձել են կենսական հարցերի գիտակցություն արթնացնել ընթերցողների շրջանում, որի փայլուն օրինակը Րաֆֆին է, նրանից առաջ՝ Խաչատուր Աμովյանը: Այս կամ այն ուղղությանը տուրք տալով, Չարենցը ևս հիմնովին հարաբերվում էր կյանքին և ելնում նրա պահանջներից, «փղոսկրյա աշտարակում» ներփակված գրող չէր բնավ, այլ՝ հասարակական անկրկնելի անհատականություն: Այստեղ դարձյալ անդրադառնամ նրա, այսպես կոչված, հեղափոխականությանը, որը տարիներ շարունակ դրոշակ դարձրինք և մթագնեցինք իսկապես ողբերգական Չարենցին: Նրա հեղափոխականությունը Հոկտեմբերյան հեղափոխության գովքը չէր, ինչպես և Մայակովսկու, այլ՝ մի նոր աշխարհի սկիզբ, որը, հույս ուներ, կբուժի հին աշխարհի հայոց ցեղասպանության վերքերը: Այդ վերաբերմունքն ազգային էր և հասարակական-պատմական: Գուցե սխալվում եմ՝ խորապես համոզված լինելով, որ Չարենցը նույնիսկ հեղափոխական երկերում ուրիշների պես բացարձակ Հոկտեմբերյան հեղափոխության երգիչ չի եղել, մանավանդ շատ շուտով՝ 1920-ական թվականների առաջին տարիներին տեսավ ու համոզվեց Ռուսաստանի ու Թուրքիայի, Լենինի ու Աթաթուրքի պոռնիկ քաղաքական խաղերն ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի, որի արդյունքներից մեկն էլ բնիկ Հայաստան Արցախի ու Նախիջևանի նվիրատվությունն էր նորելուկ Ազրբեջանին: Չարենցը մեծ հայրենասեր էր, հայ ժողովրդի մեծագույն տառապյալներից, գլխավոր սերը՝ Հայաստան և հայ ժողովուրդ՝ «ժողովրդի թշնամի», «նացիոնալիստ» ահեղ մեղադրանքները ճակատին դաջված, և, իհարկե, 1937-ին պիտի խստագույնս պատժվեր՝ զրկվելով հասարակայնորեն ճանաչելի գերեզմանից անգամ:
Եղիշե Չարենցի սիմվոլիզմն աչքի է ընկնում գույների հրապուրիչ խաղով՝ ոսկեգույնի, կապույտի, ծիածանի, արևը, երազը, տխրությունը, կնոջ թովչանքը, դաշտ, ծաղիկներ, կարոտ և այլն: Բանաստեղծությունները նրμակերտ են ու զգացմունքային, կարդում ես և այդ պահին դու էլ ես դառնում սիմվոլիստ: Ահա մի հատված.–
Կապույտի՜ մեջ, կա՜ մեջ -արևի ոսկին:
– Քնի՛ր, քնի՛ր, կապույտ աղջիկ, չզարթնես ծեգին:
Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա...
– Քնի՛ր, քնի՛ր, կապույտ աղջիկ, չզարթնես ծեգին:
Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա...
Սիմվոլիզմը համաշխարհային արվեստի գլխավոր ստեղծագործական մեթոդներից է և արտահայտվել է թե՛ գրականության և թե՛ թատրոնի, կերպարվեստի ու երաժշտության մեջ: Գոյություն է ունեցել ի սկզբանե, սակայն 19-րդ դարում և 20-րդի սկզբում առավել բարձրաձայն խոսեց, հատկապես՝ Ֆրանսիայում (Վեռլեն, Մալարմե, Ռեմբո), ռուս գրականության մեջ՝ Մերեժկովսկի, Բրյուսով, Բալմոնտ, Սոլոգուբ, Ալեքսանդր Բլոկ և այլն: Այստեղ աշխարհի երևույթների հիմքում սիմվոլն է՝ խորհրդանիշը, որպես «իդեալականի և զգայականի» համադրություն: Եղիշե Չարենցի սիմվոլիզմը գրքային երևույթ չէ, այլ՝ իր աշխարհընկալումը, կյանքի դուռը բացելու բանալի:
Եղիշե Չարենցը բացեց ոչ մեկ դուռ և մտավ պատմության, ազգային ու սոցիալական կյանքի, ժողովրդի ճակատագրի, ժողովրդի կենսափիլիսոփայության, անհատի ու հասարակության, հայրենիքի երեկվա, ներկայի ու գալիք օրվա, աշխարհակործան ու աշխարհաստեղծ շարժումների և շատ ու տարբեր երևույթների մեջ, փորձելով պարզել ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում, ո՞րն է մեր էթնոգենեզի տեղը, դարն ու նշանակությունը մարդկության հոգու աշխարհագրության տարածքում: Թվում է, իր հետաքրքրություններով նա կարող էր հռչակավոր գիտնական լինել, բայց դարձավ հիրավի հանճարեղ բանաստեղծ: Սիմվոլիզմին հաջորդած ժամանակաշրջանում՝ հազիվ երկու տասնամյակ, Չարենցն աշխարհին հարաբերեց բացարձակապես իր նման, ոչ այս կամ այն մեթոդով և ստեղծագործական ուղղությամբ, նա ինքնին ուղղություն էր, յուրակերպ հայացք, նման չէր ոչ մեկին, և ոչ ոք նրան նման չէր, այնքան խոր ու լայնատարած, որ նրա հուզաշխարհում կտեղավորվեին շատ ու տարբեր աշխարհընկալումներ: Չարենցը ուղիղ և միագիծ չէր, այլ՝ զիգզագ ու բազմագիծ, անսանձելի ալեկոծության նման և՛ քնարական բանաստեղծություններում, և՛ էպիկական պոեմներում ու բալլադներում: Նրա ստեղծագործությունն արտացոլեց մարդու, հասարակության ու ժողովրդի մտահուզական գրեթե բոլոր վիճակները: Նրա գրականությունն անպարագիծ կյանքի ու ժամանակի յուրահատուկ հանրագիտարան է. մենք բոլորս այնտեղ ենք մեր ճակատագրով ու հուզմունքներով, ոչ ոք բացակա չէ, այնտեղ մինչև իսկ ներկա են նրանք, որոնք նոր պետք է ծնվեն և կոչվեն հայ ու հայ ժողովուրդ, հայոց հայրենիք:
«Դանթեական առասպել», «Ազգային երազ», «Ամբոխները խելագարված», «Խմբապետ Շավարշը» և շատ ուրիշ պոեմներ ինքնատիպ ողμերգություններ են՝ գրված սրտի ցավով ու մտքի ցավատանջ լարվածությամբ: Դրանք յուրահատուկ պոետական վեպեր են: Առհասարակ պիտի նկատել, որ Չարենցը հաճախ իր պոեմները պատմում է իբրև էպոս՝ ժողովրդական վեպ, հատկանիշ, որն ընդարձակում է նրա պատումի դաշտը և դեպքերի ու հերոսների դերակատարությունն այդ դաշտում: Չարենցի բանաստեղծական շարքերն ու գրքերն առանձին-առանձին գագաթներ են, իսկ բոլորը միասին՝ լեռնաշղթա, ինչպես մեծ Արարատից հյուսիս-արևմուտք տարածվող Հայկական պարը: Հնարավոր չէ հայոց բնապատկերը ճշմարիտ ընկալել առանց այդ լեռնաշղթայի, այդպես էլ՝ հայերիս 1500-ամյա գրականությունն ու գրական մտածողությունն առանց Չարենց բանաստեղծական լեռնաշղթայի: Չարենցը ստեղծեց գրական մեծ ու անփոխարինելի աշխարհագրություն, առանց որի հնարավուր չէ պատկերացնել մեր գրականության հոգու և մարմնի աշխարհագրությունը:
1920-ական թվականների սկզբին Եղիշե Չարենցը գրեց ու հրատարակեց հայ գրականության ամենաառեղծվածային և ողբերգական գործերից մեկը՝ «Երկիր Նաիրին», և ժանրը բնորոշեց իբրև «պոեմանման վեպ»: Ինչո՞ւ «պոեմ», երբ ստեղծագործությունը չափածո չէ, և ինչո՞ւ վեպ, երբ այստեղ բացակա են հերոսների ու դեպքերի ընդունված վիպական առնչությունները: Սա նոր վեպի տեսակ է, որը հնարավոր չէ չափուձևել դասական վեպի օրինաչափություններով: Պոեմ է իր գերխիտ զգացմունքայնությամբ: «Կարոտը խեղդում է», «կանչում – մտերիմ, կանչում -«անվերջ», «ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ – սրտով, սիրել նրան»: «Գուցե սուտ է Նաիրին, Նաիրին – չկա... Գուցե -հուշ է միայն,-ֆիկցիա, միֆ:-Ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն...»: Զգացմունքի տառապալից հարցականները տեղ ու ժամանակ չեն տալիս սովորական պատմողականությանը, իսկապես՝ խեղդում են քեզ: Այս հատկանիշներով «Երկիր Նաիրին» իհարկե պոեմ է և հուզականությամբ մերձենում է Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպին, որը «հայրենասերի ողբ» է: Ողբը ինչպե՞ս պատմես վեպի ընդունված ոճաբանությամբ, պիտի միայն զգաս, ապրես, ներզգաս իբրև ողբ-երաժշտություն: «Երկիր Նաիրին» նաև վեպ է, այստեղ կան բազմաթիվ հերոսներ, տեսարաններ ու դեպքեր, որոնց Չարենցը ոչ թե սփռել է տարածության մեջ, այլ սեղմել միմյանց, մեկը պատկերել մյուսի ներսում, ստեղծելով ադամանդի պես գերխիտ ողբերգական տարածք: Վեպի ու պոեմի այս միացությունը նոր գեղարվեստական կառույց է, որի ազդեցությանը ենթարկվել են և՛ Բակունցը՝ «Կյորես» վեպում, և՛ Գուրգեն Մահարին՝ «Այրվող այգեստաններում»: Չարենցի պոեմանման վեպը ողբերգական գիր է հայոց հայրենիքի մասին ոչ միայն 20-րդ դարում, այլև հարյուրամյակների կտրվածքով, մեր տևական ու անդադար ողբը, մեր ցավն ու հայացքը հուսո հանգրվաններին, մշտապես արդիական երկ:
«Էպիքական լուսաμաց» (1930 թ.) և «Գիրք ճանապարհի» (1934 թ.) գրքերը նշանակալից երևույթներ են ինչպես Չարենցի, այնպես էլ 20-րդ դարի հայոց պոեզիայում: Երկրորդն, իսկապես, ճանապարհի գիրք է, այնքան իմաստուն և օգտակար խորհուրդներով, առանց որոնց հազիվ թե հնարավոր է ապահովապես ապրել այս աշխարհում: Գրքերին ձոնված տաղում՝ «Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»: Իսկ «Յոթը խորհուրդ գալիք երգասաններին» բանաստեղծության մեջ շատ բարձր է գնահատում երգի նշանակությունը, այն «երկրից ու դարից միշտ երկար է ապրում»: Ի տարբերություն գրականության ու արվեստի կարճատես օրենսդիրների, Չարենցն ազատամիտ է և նույնիսկ իր հանճարեղ կամքը չի պարտադրում գեղարվեստական մշակույթի զարգացմանը. «Խորհուրդ չի պահանջում ապագայի երգը,-Եվ ա՜յսէ իմ խորհուրդը յոթերորդ» (ընդգծումը Չարենցինն է):
Եղիշե Չարենցի հուզաշխարհի մաս են կազմում նրա թարգմանությունները Գյոթեից, Ուիտմենից, Վերհարնից, Մայակովսկուց, Եսենինից, Լերմոնտովից, Հայնեից և շատ ուրիշներից: Չարենցը հայացրել է նրանց, ում հոգեհարազատ է զգացել, ովքեր նրա գրական եղբայրներն են:
Այս տարի լրանում է հայ գրքի տպագրության 500-ամյակը: 1512 թվականին Հակոբ Մեղապարտը Վիեննայում լույս ընծայեց«Ուրբաթագիրքը», որից հայոց տպագիր գրքի պատմությունն է սկիզբ առնում: Սա մեծ ու հարուստ պատմություն է: Այս հոբելյանական 500-ն առիթ դարձավ, որ Երևանը միջազգայնորեն հայտարարվի գրքի համաշխարհային մայրաքաղաք: Սա մեզ պարտավորեցնում է սիրել գիրքը և նրա մշտական տունը՝ գրախանութներն ու գրադարանները, որոնք, ցավոք սրտի, մեր մայր հայրենիքում վերջին տարիներս զգալիորեն կրճատվել են, իրենց նվիրական տարածքները զիջելով նյութական շահ հետապնդող առևտրական կազմակերպություններին: Այս պահին չեմ կարող մեջբերում չանել Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջին կաթողիկոսի հարցազրույցից. «Հայ գիրքը մեր հոգեմտավոր արժեքների աղբյուր է՝ պետք է մոտենալ այս աղբյուրին: Հայ գիրքը հայությանն առաջնորդող ապահով ճամփա է՝ պետք է քայլել այդ ճամփով: Հայ գիրքը մեր կյանքը հայոց, պատմության հարազատ ճառագայթներով լուսավորող արև է՝ պետք է բացվել այդ արևին: Հետևաբար սովորական երևույթ չէ հայ գիրքը, այն սրբազան արժեք է: Այս գիտակցությամբ ու նախանձախնդրությամբ հարկ է մոտենալ հայ գրքին»: Եղիշե Չարենցի գրականությունը հոգեմտավոր արժեքների անեզր տիեզերք է և որոշակի ազդեցություն ունեցավ հայ պոեզիայի հետագա զարգացման ճանապարհին և մի որոշակի չափով պայմանավորեց Պարույր Սևակի մեծ գալուստը հայ գրականություն:
Չարենցագիտությունը ժամանակակից հայ գրականության գլխավոր բաժիններից է՝ թումանյանագիտության, տերյանագիտության, վարուժանագիտության, իսահակյանագիտության շարքում: Այն սկիզբ է առել դեռևս բանաստեղծի կենդանության օրոք, հետագայում խորանալով և ընդգրկելով նրա գրական ժառանգության գրեթե բոլոր շերտերը: Չնայած զգալի նվաճումներին, հատկապես ողբերգական Չարենցին բացահայտելու խնդրում, այստեղ այժմ էլ կան չբացահայտված հարց ու պատասխաններ: Չարենցն անսպառելի է և միանշանակ ու վերջնական մեկնաբանությունների հնարավորություն չի տալիս՝ աշխարհաստեղծ որոշ գրողների պես:
Եղիշե Չարենցի ստեղծագործության և կյանքի դասերն ու խորհուրդները գրական, հասարակական և ազգային վստահելի դպրոց են հայ ժողովրդի համար: Դրանց մեջ կա մի դաս, որը երեկ, այսօր և վաղը, դեռ շատ երկար ժամանակ արդիական է լինելու: Ահա այդ դասը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Այս պահին ես ուզում եմ մեր մեջ արթնացնել այդ դասի մեծ խորհուրդը՝ մայր հայրենիքի և Սփյուռքի հավաքականության վերաբերյալ, որը հայ ժողովրդին ավելի տոկուն կդարձնի ճակատագրի անարդարության հանդիման: Այս դասը Եղիշե Չարենցի գուցե ամենամեծ ու ճշմարիտ բանաստեղծությունն է:
Комментариев нет:
Отправить комментарий