Страницы

четверг, 23 января 2014 г.

Պարույր Սևակ...

Բեռան ներքո 

Անցնում էիր:
 Ողջ երեկոն քոնն էր կարծես,
 Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
 Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
 Ես կասեի,
 Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
 Քո հագուստի փեշի նման:
 Սակայն կարճ էր հագուստը քո:
 Եվ երեկոն
 Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
 Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո… 

Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
 Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
 Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
 Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես,
 Ու քայլում էր քեզնի՛ց առաջ` հմայքի՜դ պես… 

Եվ արթնացավ մեջս հանկարծ
 Ինքնաձաղկման և ամոթի
 Տարօրինակ մի ցանկություն.
 Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն
 Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
 Ոչ թե անո՜ւշ մի հիացքով,
 Այլ մի տըտի՛պ,
 Հաճախ դա՛ռըն,
 Նաև կծո՜ւ մի հայացքով:
 Եվ ինչպե՛ս եմ հաճախ իջել-ստորացել`
 Բարկանալու և դատելու աստիճանի,
 Չարանալու և ատելու աստիճանի,
 Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
 Հիացմունքի՜ն:
 Հոգով-սրտո՜վ ներողություն… 

Այսուհետև, ինձ հավատա՜,
 Է՜լ չպիտի ես խառնվեմ ո՛չ իմ գործին.
 Է՜լ չպիտի այսուհետև
 Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
 Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
 Ա՛յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
 Սապատվել է իմ շալակին:
 Թող հնչի նա՛:
 Եվ անցիր դո՛ւ: 

Միայն թե դու … «մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ»,
 Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
 Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
 Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
 Եվ քեզ թաքուն ունենալուց
 Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
 Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման,
 Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես…
Պատանքի պատանքը 

Եվ շատ ավելի վատթար է ցավը,
 Քան անարգանքն ու անպատվությունը,
 Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:

Վե՛հ ու վսեմի՜ն,
 Լսո՞ւմ եք, տղե՛րք,
 Վե՛հ ու վսեմի՜ն: 

Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,
 Այն էլ ո՞ւմ համար, իր … Սահարայի՜:
 Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:
 Բայց Սահարայի ավազն իսկապես
 Շինարարական շաղախ չի՜ դառնում.
 Մանր է չափազանց: 

Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝
 Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,
 Հարկավո՜ր ավազ: 

Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը
 Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,
 Որ հավասար է…(բառը չե՛մ ասում):
 Եվ բավական չէ՞,
 Որքան մերպեսին
 Այլասերեցին այդ պատրանքները՝
 Այդ հանդերձափոխ գործակալները… (բառը չե՛մ ասում): 

Թե բավական է՝
 Հուղարկավորման լռությամբ լռենք
 Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝
 Իբրև նորօրյա աղվեսադրոշմ
 Սին պատրանքների ճակատի համար… 

Կորչելը, անշո՜ւշտ, աղետ է ահեղ,
 Աղետն էլ գոնե լավ է այնքանով,
 Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից:
 Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չե՛մ ասում),
 Որ տարածվում է… խոնավության պես
 Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա
 Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով:
 Անգե՛տ տղաներ,մի՞թե չգիտեք
 Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան:
 Նա հենց այնտեղ է,որտեղ պատրանքն են պատանքում, տղե՜րք,
 Պատրա՜նք պատանքում: 

Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի:
 Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան:
 Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն,
 Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի,
 Այլ սուրբ ավյուն է
 Ու սուրբ արյուն է,
 Որ պիտի տա ծիլ
 Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան,
 Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես,
 Այլ իբրև … պատա՜նք,
 Որ… պատառոտվի պատանք-պատրանքը
 Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին:
 Նո՜ր ոգին, տղերք,
 Նո՛ր ոգին, նո՜րը…

Օտար սիրո այբուբենը 

Ձմեռային նվազ արեգակը կրկին
 Շողն իր դարձըրել է ճոպանուղի մի շեղ,
 Որով ճամփորդում է անվախ փոշին միայն
 Վաղո՜ւց չմաքըրված իմ սենյակում:

Ցավի պտտահողմից կյանքիս ամբողջ փոշին
 Բարձրացել է տեղից ու աչքերըս խցել,
 Եվ իմ արցունքները դրանցից են գուցե…

Ու վերստին ես ինձ դուրս եմ գցում փողոց:

Քաղաքային նեղլիկ ամեն պատշգամբում,
 Ինչպես նորատեսակ տապկոցի մեջ,
 Ձյունն է հիմա եռում մարմա՜նդ-մարմա՜նդ՝
 Արձակելով բարակ գոլ գոլորշի:
 Իսկ շեղ կտուրներից ու քիվերից, հանկարծ,
 Ձյան կույտեր են երբեմն այնպես փռվում գետին,
 Ասես հարբա՜ծ լինեն՝
 Արեգակի՛ց հարբած…

Ես աչքերիս խորքում կասկածներս եմ ճմռում
 Իմ բարեկամ ձեռքի պարզ օգնությամբ,
 Ու բութ կոշկաքթով կտրատում եմ կրկին
 Խուճուճ հանգույցները փողոցների:

Հավատ չընծայելով իր իսկ խոսքին ճոռում՝
 Կեղծ-դասական մի հողմ հավակջ՜ց է ճառում,
 Խոսում սրբությունի՜ց,
 Հավերժական սիրու՜ց:

Իսկ ես… իսկ ես, կարծես երազի մեջ,
 Ինձ զգում եմ ինչ-որ վանքի գավթում՝
 լեցուն խեղվածներով ու մուրացողներով,
 Եվ չմեկնած ձեռքիս ափում դատարկ
 Եթե մինչև անգամ տասնոց դնեն,
 Ես – փորձե՜լ եմ արդեն – չե՛մ գոհանա.
 Ես քո կոպեկների՜ կարիքն ունեմ:

Բայց ես աշխարհ չեկա, որ «գթացե՜ք» նվամ,
 Ես ծնվել եմ, որ գութ ու բարություն ցրեմ…

Եվ ինքնասեր-հպարտ ջղե՞րս են ցնցում,
 Թե՞ քամին է սարսում ամեն վայրկյան՝
 Էլեկտրական ուրույն հոսանքի պես:

Մութը սոսնձվում է հոգուս և աչքերիս:

Լարի վրա թառած ագռավը սև
 Հանկարծ – ինձ տեսնելո՞ւց – ճչում է խռպաձայն,
 Դեմքս, հավանաբար, ահավոր է սաստիկ:
 Ու խենթ նայելով ինձ՝
 Շունն էլ է գռմռում,
 Քաղաքայի՜ն շունը, որ չի հիշում նույնիսկ,
 Թե մինչև դա մեկ էլ ե՞րբ է հաչել:

Ու երբ տուն եմ մտնում ու հայելուն նայում,
 Հասկանում եմ շա՛նն էլ, ագռավի՛ն էլ.
 Քո երեկվա սերն է լուսավորում դեռ ինձ,
 Բայց և մեր բաժանման շուքն է ընկել վրաս,
 Եվ զգում եմ ես ինձ ա՛յն վիճակում ծանըր,
 Որ և պատահում է արեգակին նույնիսկ
 Եվ (քանի՜ դար արդեն) «խավարում» է կոչվում:

Եթե խավարում է՝ թող իր լրի՜վ լինի
 Եվ ո՛չ թե մասնակի:
 Թող մթընդի այնպե՜ս,
 Որ երևան երկնի բոլո՛ր աստղերն անգամ.
 Ամեն մեկը՝ մի կին,
 Ամեն մեկը՝ աղջիկ,
 Որոնց ես շա՜տ վաղուց չեմ նկատում՝
 Քո խաբուսիկ սիրո ցոլանքի մեջ:

Թող խավարում լինի լրի՛վ-լրի՛վ-լրի՛վ…

Ու ես լույսն եմ վառում իմ սենյակի,
 Միացնում եմ նաև երգասփյուռն էլ իսկույն,
 Որ…տառերը սերտեմ նո՛ր մի սիրո,
 Օտա՛ր-օտա՛ր-օտա՛ր-օտա՛ր սիրո…
Արգելանոց 

Երկու նռնակ՝ կրծքիդ վրա…
 Երանի՜ թե նրանց պայթյունն ինձ սպաներ
 Անտառի մեջ՝
 Փասիանների ներկայությամբ
 Կամ սենյակում՝
 Վարագույրի վկայությամբ…

Ու երկու աչք՝ հոնքերիդ տակ
 Պատերազմի երկու հրձի՜գ…
 Ե՛կ, գրավի՜ր, միացրու քե՛զ.
 Ես մի ամբողջ տիրություն եմ անտիրական,
 Որ վաղուց է զգում կարիք
 Քեզ պես վայրագ ու բարբարոս տիրակալի…

Ու երկու ոտք՝ նազանքիդ տակ,
 Մկրատ մի նուրբ, որ կոպտորեն
 Կտրատում է թելն ըղձանքիս,
 Ինչպես լույսի էլեկտրական լարն են հանում,
 Եվ խավարը անհուսության
 Ինձ է ներսից շրջապատում…

Եվ զույգ ականջ՝
 Ցորենագույն գանգուր մսե
 Սևամազի գանգուրիդ տակ անթափանցիկ…
 Եվ զո՜ւր մի կանչ.
 Դու չե՛ս լսում,
 Որովհետև…մտքիս մեջ եմ հետըդ խոսում,
 Որովհետև մինչև անգամ…ծանո՜թ չեմ քեզ…

Ու թերևս դու կի՛ն էլ չես,
 Այլ գուցե իմ…արգելանո՜ց,
 Ուր հասնում են նռնե՜ր վայրի,
 Ուր փասիաններն են զբաղվում հրձիգությա՜մբ,
 Ուր հրազեն չի արձակում ո՜չ մի որսորդ…

Արգելանո՜ց…արգելանո՜ց:
 Ես հասկացա՛,
 Բայց…ոտքե՜րըս չեն հասկանում
 Եվ, ինքնաշարժ կարկինի պես,
 Բնա՜վ կամքըդ չհարցնելով՝
 Հետևում են դեռևըս քեզ
 Եվ չափում ա՛յն,
 Ինչ կոչվում է «անմատչելի»,
 Ու ձգվում է
 Իմ հիացքից մինչև անծիր հմայքը քո,-
 Մի անսահմա՜ն տարածություն,
 Որ թերևըս հաղթահարվեր,
 Թե աստղային օրացույցով մենք ապրեինք
 Կամ թերևըս չլինեինք այսքա՜ն…այսքա՜ն օրինապահ:

Ավելորդ անհավատություն 

Քո անունո՛վ, Մարիա՜մ,
 Քո անունով՝
 Այստեղ նահանջում է ձմեռն արագ:
 Ամառն առանց հերթի՝
 Գարունի՜ց էլ առաջ,
 Նպաստով է ապրում՝ քո անունով…

Եվ այստեղ կա մեկը քո անունով:
 Ու երդվում եմ ես քեզ քո՛ անունով,
 Որ ատում եմ մի քիչ
 Եվ սիրում եմ նույնքան
 Օտա՜ր այս աղջըկան՝ քո անունով:

Նա ինչպե՞ս է ապրում քո՛ անունով.
 Ինքը դո՛ւ չես, և նա… քո անունո՞վ:
 Ուստի ատում մի քիչ
 Ու սիրում եմ նույնքան
 Օտա՜ր այս աղջըկան քո անունով:

Ես կանչում եմ նրան քո անունով
 Ու տանջում եմ ես ինձ քո՛ անունով,
 Իսկ նա իմ տանջանքից չի հասկանում ոչի՜նչ.
 Այսքա՜ն անհակացող՝ քո անունո՞վ:

Բայց կանչում եմ նրան քո անունով,
 Կանչում այնպես, ինչպես մարդիկ հնում
 Կանչում-կանչում էին ոգիներին բարի…
 Ոգիդ չի՜ հայտնվում՝ քո՛ անունով:

Ուրեմն աշխարհումըս իրո՞ք չկա
 Ու չի՞ լինում ո՛չ մի ոգի…

Ես ավելորդ անգամ, վա՛տ իմ,
 Անհավա՛տ իմ,
 Անհավատ եմ դառնում…քո՛ անունով:

Այդ ո՞վ է ասել՝ նորի՛ց են սիրում նորից չե՛ն սիրում, սիրում են կրկի՜ն… 

Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում:
 Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն…

Ու երբ մինչևիսկ այլուրիս (դեռ տա՜ք)
 Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
 Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
 Եվ քո գունազարդ քնի փոխարեն
 Անքնություն է փռում սպիտակ.
 Երբ աստղերն իրենք կլորակ սանրով
 Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
 Շոյանքի սովոր քո մազերի մեջ
 Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում.
 Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
 Նմանությունը հեռու-մոտավոր
 Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
 Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
 Ինչպես լույսերի վետվետումներից
 Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
 Երբ անձրևներից հողն ասես թթվում
 Եվ ստիպում է ռունգերո՜վ էլ զգալ,
 Որ մենակ ես դու իբրև մի…Իգրեկ,
 Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
 Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
 Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
 Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
 Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
 Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
 Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,
 Քանզի կա մթին մի կախյալություն
 Ջղի և արյան, հոգու և կրքի.
 Քանզի նռանը հանման-գումարման
 Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
 Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
 Բայց բա՛խտը,
 Բա՛խտը,
 Բա՜խտն է մեզ ընտրում…

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
 Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն…

Ամպոտ եղանակ 

Խելքս հալվում է ոսկորներիս մեջ,
 Հալվում ու հոսում արյան պես անգույն՝
 Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ:
 Ու ես դառնում եմ… համատարած սիրտ.
 Շարժումներս ամեն՝ սրտի բաբախում,
 Բոլոր ձևերըս՝ շարժումներ սրտի…

Տե՜ր աստված, դու բարի՜ն կատարես…

Իսկ դրսում ցուրտ է.
 Դրսում ամպ ու զամպ,
 Իսկ դրսում հիմա տարանցիկ քամին
 Տոմսակ է փոխում ա՜յն կայարանում,
 Որ ո՜չ մի տեսակ ցուցանակ չունի:
 Եվ խշրտուքը անօգ ծառերի՝
 Շնչառությա՛ն պես,
 Հևոցի՜ նման՝
 Խուժում է սրտիս համատարածը,
 Խուժում, գրավում ու նստում ծանըր՝
 Չինգիզ խանի՛ պես,
 Լենկ Թեմուրի՛ պես
 Ու թուրքի՛ նման:

Տե՜ր աստված, դու բարի՜ն կատարես…

Անվավեր սիրո հորձանուտի մեջ
 Գլուխ եմ հանում ես՝ լոտոսի պես
 Մինչև կզակըս արդեն ջրասույզ՝
 Չեմ խեղդվում դարձյալ:
 իսկ հետամնաց արփին, վերջապես,
 Ծագում է դրսում,
 Ծագում կեսօրին,
 Աշխարհը ներկում ծաղր ու ծանակով:
 Տարանցիկ քամին մեկնում է հեռու,
 Ամպերը մատնում-դավում են իրար,
 Ու խշրտուքը մրսող ծառերի
 Հրդեհում է ինձ, կրակի մատնում՝
 Չինգիզ խանի՛ պես,
 Լենկ Թեմուրի՛ պես
 Ու թուրքի՜ նման:

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Իգությունն օդի սիրտս է խռովում,
 Սիրտըս, որի մեջ, արյան հետ մեկտեղ,
 Հոսում է նաև իմ խելքը հալված:
 Ու վերջանում է ահեղ անձրևով
 Ինքնամատնությունն անարգ ամպերի:
 Սևերես երկինքն ինքնաբավորեն
 Դառնում է իսկույն պարզերես կրկին
 Ու մթնոլորտը՝ արդեն լուսոլորտ:
 Եվ ժամանակն է կախվում օդի մեջ՝
 Նո՛ւյն Չինգիզ խանի հորդայի նման,
 Նո՛ւյն Լենկ Թեմուրի բանակի հանգույն,
 Ու մորեխի պես միևնույն թուրքի՛:

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Սառչում են դանդաղ
 Երակներս ամեն ու ոսկորներըս.
 Ո՛չ հալած խելքի,
 Եվ ո՛չ էլ արյան հոսք ու ընթացում:
 Ու վավերացված սիրո ճանկերից
 Մնում է միայն մի սիրտ բզկտված՝
 Արդեն ավերվա՛ծ,
 Ավարվա՜ծ արդեն,
 Որպես երբեմնի մի քաղաքամայր,
 Որով անցել է տարանցիկ քամին՝
 Նո՛ւյն Չինգիզ խանը,
 Նո՛ւյն Լենկ Թեմուրը,
 Միևնույն թո՜ւրքը:

Տե՜ր աստված, փառքըդ շա՛տ լինի:

Իմ կաթնեղբայրը 

          Ես եղբա՛յր չունեմ,
           Մայրս էլ մեղք չունի.
                 Ծնել է,
           Սակայն ծնելը քիչ է,
           Սնելն է դժվար,
           Քանի որ հաճախ
           Ե՛վ սով է լինում,
                Ե՛վ գաղթ,
                Ե՛վ ավեր:

          Ես եղբայր չունեմ:
           Ու եղբայրացար
           Ինձ եղբայր դարձար,
           Ո՛վ համբերություն:

Ես շատ եմ քայլել քեզ հետ միասին,
 Դու իմ մանկության միա՜կ խաղընկեր,
 Իմ պատանության միա՜կ գաղտնարան,
 Իմ ջահելության լո՜ւռ խորհըրդակից:

          Փոքր էիր այնքան՝
           Երբ փոքր էի ես,
           Ինչքան մեծացա՝
           Դու էլ մեծացար,
           Երկվորյակի պես
           Ետ չմնացիր
 Ու չթողեցիր երբեք ինձ մենակ.
           Երբ տատանվեցի՝
           Դարձար ինձ նեցուկ,
           Խեղանդամվեցի՝
           Դարձար ինձ հենակ…

          Ու դեռ քայլում ենք:

Իմ Համբի՛կ…Համբե՛ր…իմ Համբերությո՜ւն,

          Դու էլ ես հոգնել,
 Հոգնել ես, սակայն ծպտո՛ւն չես հանում,
           Թե տրտընջում ես՝
           Միայն ականջիս,
 Որ շատ է լեցուն քո շշուկներով,
 Ինչպես փչակը՝ շնչով հովերի
           Եվ ա՛յն լռությամբ,
           Որ քիչ է լինում,
           Եվ ա՛յն լռությամբ,
           Որ հասավ թե չէ՝
           Ես վեր եմ թռչում,
           Ասես խոցեցին,
 Ինչպես այն քնած ջրաղացպանը,
 Որ իր աղացի խոլ աղմուկի մեջ
 Կարող է քնել  մեռածի նման
 Եվ խայթվածի պես իսկույն արթնանալ.
 Երբ որ իջնում է մի պահ լռություն՝
 Երբ չի աղմըկում իր ջրաղացը…

Իմ Համբի՛կ…Համբե՛ր…իմ Համբերությո՜ւն…

Այսպես չեն սիրում 

Պարտականության և սիրո միջև
 Այս ես եմ տնկված՝
 Ուղեփակոցի գերանի նման…

Եվ որտեղ որ է
 Ես ինձ արմատից ինքըս կպոկեմ,
 Այսինքն՝
 Կելնեմ ու լուռ կգնամ հենց Օրենքի մոտ,
 Կասեմ.
 -Վերցրու՜ ինձ,
 Քո օրենսգրքի կետերից մեկը դարձրու՜ ինձ,
 Դարձրու՜ ինձ, կասեմ այն «Չի կարելի՜»-ին,
 Այն «Ո՛չ»-ը,
 Այն «Չէ՛»-ն,
 Որ մեզ խեղդում է
 Կրծքի չբուժվող հեղձուկի նման…

Ու եթե հարցնես կտակասերին,
 Ճարպոտ կժպտա ու կհռհռա,
 Թե աքաղաղը
 Զուրկ է ձեռքերից լոկ ա՛յն պատճառով,
 Որ հավն էլ չունի իրան ու հագուստ:
 Իսկ ես (ի՜նչ կատակ)… տնքոցով մի բութ
 Ասում եմ, ինչպես պաղատում են գութ.
 -Առե՛ք ձեռքերըս, խնդրեմ, կտրեցե՛ք,
 Որովհետև ես, ահա՛, տնկած եմ
 Պարտականության ու սիրո միջև՝
 Ուղեփակոցի գերանի նման,
 Եվ որովհետև ես այսուհետև
 Կարի՜ք  չունեմ իմ այս ձեռքերի,
 Եթե նա՛ չկա,
 Ում մի ժամանակ «իմս» էի  ասում,
 Եվ ասում այնպե՛ս,
 Որ բուդդայական պպզած գորտերը
 Առվի եզերքին
 Պլշած աչքերով ինձ էին նայում
 Եվ, հավանաբար, ջանք էին անում միտը պահելու
 Կարճ, բայց և կրակված այդ բառը («ի՜մըս»)…

Հիմա դու իմն ես, որքան որ իմն է… Մադագասկարը,
 Հիմա դու իմն ես,
 Որքանով իմն է… Հաբեշստանի արքայադուստրը,
 Որովհետև ե՛ս,
 Ես ի՜նքս եմ տնկված պարտականության ու սիրո միջև՝
 Ուղեփակոցի գերանի նման…

Այսպես չե՜ն սիրում:
 Այսպես…մեռնում են մի դանդաղությամբ,
 Որով փետում են հին նավակները ծովախորշերու

Անահիտ
Դու օտա՞ր չես, չէ՞:
 Բայց ի՞մն էլ չես, հա՞…

Դու՝ վաղընջական հինավուրց բագին՝
 Փակ շրթունքներով ու բաց աչքերով:
 Ես՝ մի հեթանոս՝ առայսօր ծպտյալ:

Դու՝ հավերժաբուխ աղբյուր տասնակունք,
 Քո ամեն մատից՝ մի ակըն ցայտիչ:
 Իմ թաց աչքերի երկու ափերով՝
 Եղեգնիկներով իմ թարթիչների,
 Քո կամքից անկախ ըմպում եմ ես քեզ:

Անշարժությունը քո պիրկ ոտների
 Դարձընում է ինձ մի խոյ օրուկված,
 Որ պտտվում է չորսբոլորքը քո
 Ողջ շառավիղով իր ոտնակապի:

Նա արածում է այն, ինչ աճում է
 Իր ոտների տակ և քո շուրջբոլոր,
 Բայց որոճում է… միայն քե՜զ ու քե՜զ
 Ու բառաչում է… միայն քե՜զ համար:

Քո ստինքները՝ պարսատիկի պես,
 Սպառնում են միշտ ջարդել գանգն իմ պիղծ,
 Երբ ասում եմ քեզ, որ դրանք հետո
 Կաղապար դարձան… սկիհի՜ համար:
 Թվում է, թե քո շրթունքներն փակ
 Ուր որ է պիտի բարկությամբ բացվեն,
 Երբ ասում եմ քեզ, որ հետագայում
 Քեզ գրկել տվին  մի… թո՜ւխ մանուկի:

բայց ամեն անգամ խաղաղվում ես դու,
 Երբ բաց աչքերիս երկու ափերով՝
 Եղեգնիկներով իմ թարթիչների,
 Քո կամքից անկախ ես ըմպում եմ քեզ:

Եվ հասկանում եմ, որ ամեն անգամ,
 Երբ սկսվում է նո՜ր դարագլուխ,
 ջանում եմ մի կերպ խուսափել քեզնից,
 Իսկ դարագլխի ավարտի վրա՝
 Ինքնակամորեն քե՜զ վերադառնում:

Անտեսանելի վերջի՜դ ժամանակ,
 Անտեսանելի սկզբի՜ս պահին
 Հանդիպում ենք մենք ու… տրվում իրար:
 Եվ չե՜ն տեսնում մեզ… չի տենսում նույնիսկ
 Ո՛չ պատվանդանըդ,
 Ո՛չ կոշկատակըս…

Դու դիցուհի՞ ես:
 Բայց և ի՜մն ես դու…
ԱՏՈՒՄ ԵՄ


Ատում եմ ձյունը`

Թե նա տեղում է ամառվա կեսին,

Եվ մահն եմ ատում`

Թե հյուր է գալիս աղջկատեսին,

Մահից ոչ պակաս`

Եվ այն քողարկված մենատնտեսին,-

Նրան ու Նրանց,

Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում`

Իրենց պետք եկած գերանի համար,

Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում`

Մի բուռ չհասած ծիրանի համար,

Ովքեր համայնքի ծովից են խոսում,

Բայց դեպի իրենց լճակն են հոսում…

Ատում եմ նաև այն խելոք սուսիկ-փուսիկությունը,

Որտեղ դժվար է տարբերել անգամ երեսն աստառից,

Եվ այն հարկադիր, ոչ թե ի ծնե կուզիկությունը,

որ ստացվում է …ցած առաստաղից:

Ատում եմ նաև այն նեղ կոշիկը,

Որ աքցանի պես ոտքերդ է բռնում,

Իսկ հոգուդ վրա կոշտուկ է թողնում…

Այն գործն եմ ատում,

Որ ոչ թե գործ է, այլ ծանր հանցանք,

Այն փորձն եմ ատում,

Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք,

Այն դավանանքը,

Որ վերջ ի վերջո փոխվում է դավի,

Գլխացավանքը,

Որ փոխարկվում է սուր գլխացավի…

Խավարն եմ ատում, եթե խավարում

Ոչ միտք է ծնվում և ոչ էլ զավակ:

Եվ լույսն եմ ատում, թեկուզև պայծառ,

ԹԵ չի հանդուրժում մինչև իսկ շվաք…

Ինչ խոսքեր ասեմայն ձեռագրին,

Որ չի հասկացվում, բայց կարդացվում է:

Ատեմ, թե խղճամ այն տարագրին,

Որ միշտ ապրում է… իր Հայրենիքում…

Թուհ, ինչքան բան կա կյանքում ատելի,-

ԵՍ ՉԳԻՏԵԻ….



ԺԽՏՈՒՄ ԵՄ

Ասում են, թե առանց սիրո

Կարելի է մեկտեղ ապրել:

Ես ժխտում եմ.

Կարելի է չմահանալ,

Ոչ թե ապրել:

Կժխտեի ես արևի գոյությունն էլ,

Թե արևը չշողշողար,

Այլ գրքերում անփայլ լողար

Ու գրքերում թաղվեր միայն:

Կժխտեի ես տերևիի գոյությունն էլ,

Թե տերևը ծառի վրա ոչ թե շողար,

Այլ ածուխի շերտերի մեջ պեղվեր միայն:

Կժխտեի ակներևի գոյությունն էլ,

Ակներևը թե չերևար`

Թե նա իբրև լավ ցանկություն

Զեղվեր միայն:

Ես լավ գիտեմ,

Թե ինչ բան է ցանկությունը.-

Ետ ես բերում անդարձ կորած մանկությունը,

Փոխարկում ես էժանության թանկությունը.

Սնանկության խեղդող ձեռքից

Ազատվում ես չստանալիք ժառանգությամբ.

Մնանկության բաց երկնքից

Դու զատվում ես ցնորական բնակությամբ.

Աղմկատար աշխատանքից

Շունչ ես քաշում մտացածին մենակությամբ

Բարակ մեջք ես դու երազում,

Չաղ աղջիկս,

Երկու առողջ ոտք ես ուզում,

Կաղ աղջիկս.

Հավանաբար աչքն է հուզում

Քեզ, չղջիկս.

Տրորվող խոտ,

Դու ուզում ես անշուշտ լեզու.

Դու մութ գիշեր`

Թեկուզ մի քիչ լույս ու լազուր…

Ես լավ գիտեմ,

Թե ինչ բան է ցանկությունը:

Բայց ցանկությամբ լոկ լիանալ,-

Ես ժխտում եմ:

երազանքով լոկ հիանալ,-

Ես ժխտում եմ:

Ես ժխտում եմ, չեմ ընդունում,

Երբ ժխտում են խոսքով միայն,

Ոչ թե փորձով, ոչ թե գործով:

Ես ժխտում եմ` երբ չեն փնտրում

Առաջ տանող մի նոր ճամփա,

Այլ սպառնում վերադարձով.

Երբ լրջորեն հոխորտում են ու պարծենում

Ոչ պարզապես եղած սառցով,

Այլ պաշարով և այն ջրի,

Եվ այն ձորի,

Էժան շոգու,

Որ չհալած ու գոլորշի դեռ չդառած

Այդ սառույցն է պարունակում…

Ինչպես որ դուք չեք հավատում

Միջնադարյան ոգիներին,

Գոյությունն եմ ես էլ ժխտում շոգիների,

Եթե նրանք …ԴԵՌ ՍԱՌՈՒՅՑ ԵՆ:

Комментариев нет:

Отправить комментарий