Страницы

среда, 27 мая 2015 г.

Պարույր Սևակ. Ստեղծագործություններ

ԴԻՄԱԿՆԵՐ

ԽԵՂԿԱՏԱԿԸ

-Որտե՞ղ են ապրում քամիները:
-Պալատների մեջ:
Եվ, անշո՛ւշտ, մեր իսկ ռունգներում:
-Որտե՞ղ է մեռնում լռությունը:
-Քարոզների մեջ:
Եվ բռնադատված մեր իսկ ունկերում:
-Որտե՞ղ է պահված արյունը մեր տաք:
-Մեր հին թշնամու եղունգների տակ,
Մկրատի՜ կարոտ կեռ եղունգներում:
-Որտե՞ղ են մեռնում բոլոր կուռքերը:
-Ծափ ու ծնծղայի ծանրության ներքո,
Նաև խունկերում:
-Իսկ զորանում է մեր խելքը որտե՞ղ:
-Ո՛չ գանգում,
Այլ մեր վերքերո՜ւմ:
-Իսկ որտե՞ղ է մեր փրկությունը:
-Մե՛ր,
Եվ, ավա՜ղ, ո՛չ մեր ձեռքերում...

ԴԻՄԱԿՆԵՐ

ԾԱՂՐԱԾՈՒՆ

Վճռել եմ այսօր ձեզ զվարճացնել...
Ես, ինչ խոսք, այսօր պիտի բոց չուտեմ
Կամ կուլ տամ դաշույն
Ու կլլածիս տեղ
Բերնիցըս հանեմ թաշկինակ կամ ծիտ,
Ինչպես անում են 
Շատ սովորական ձեռնածուները:
Եվ գլխիս վրա չպիտի դնեմ
Մի հսկայական երկաթե գերան
Ու կախ տամ վրան
Ճութ-ճութ կիսամերկ կանայք սիրունիկ,
Ինչպես անում են, գիտե՛ք, կրկեսում:
Եվ ո՛չ էլ պիտի ես արջ պար ածեմ
Մի զույգ շնիկի հաչոց-նվագով...
Կարող եմ նաև դդումից սարքել
Արև՝ թե կուզեք , թե կուզեք՝ գլուխ...
Սատուռնից սարքել լայնեզըր գլխարկ
Եվ տեղն ու տեղն էլ նվիրել սիրով
Ծխախոտագործ մի ընկերուհու...
Իսկ գլխարկից էլ կարդինալ սարքել
Կամ մարշալ
Եվ կամ...
Ախար, բարեկա՛մ,
Ախար ինձ համար ո՜չ մի բան չարժի
Փայտին տալ, ասենք, ուղեղի ծալքեր,
Ուղեղից... հավի համեղ կուտ սարքել,
Կուտից՝ կերակուր հասարակական...
Սակայն ես այսօր
Չե՛մ զբաղվելու նման բաներով:
Ես այսօր պիտի ձեզ հավատացնեմ,
Ձե՛զ հավատացնեմ - ի՛նձ վստահեցնեմ,
Որ հենց վաղվանից,
Պատվով ու հարգով,
Բանտարկյալները գազանանոցի
(Փղից սկսած ու հասած օձին),
Առա՛նց, խտրության ու տարբերության,
Բոլո՜րը պիտի ստանան կարգով
Համապատասխան շքանշաններ
Եվ… ինչի՞ համար.
Լոկ համբերությա՜ն...
Շքանշաններ կստանան, այսպե՛ս,
Բոլո՛րը,
Գուցե զեբրերից բացի`
Ա՛յն հին էշերից, որ մինչև այսօր
Չեն դարձել կարգին-լավ քաղաքացի.
Երբեմըն, դարձյա՛լ, տալիս են քացի`
Իրենց վանդակի ճաղերին թեպետ,
Բայց մեկ չէ՞ միթե. քացի է քացին…
Հույս ունեմ, որ դուք
Ինձ հավատացիք,
Ուստի թույլ տվեք՝ շարունակելով՝
Ձ՛եզ հավատացնել - ի՛նձ վհատեցնել,
Որ ճշմարտություն իսկույն ասելը
Դարձել է մի բան՝ այնքա՜ն հասարակ,
Որքան... ներեցե՛ք... որքան... միզելը:
Ուստի ասե՜մ ձեզ՝ բարեկամների՛ս,
Որ այսու և ետ բացառված հաշվեք
Հիվանդությունը երիկամների՝
Կա՞պ կոչվի, թե՞ մապ,
Քա՞ր կոչվի, թե՞ մար,-
Մեկ չէ՞ ձեզ համար...
Ուստի ո՞նց չասեմ բարեկամներիս,
Որ այսու և ետ պետք չէ սուտ ծախել,
Այլ, ինչպես ինքըս, մեջքից պոչ կախել
Ու... քշե՜լ կծող ճանճերին բոլոր՝
Դրանք կոչվեն մի՞տք, մտատանջությո՞ւն,
Թե՞ հոգետագնապ,-
Մի՞թե նույնը չէ...
Եվ ես,
Վերջապե՛ս,
Էլ ինչպե՞ս, ինչպե՞ս
Ձե՛զ վհատեցնեմ - ի՛նձ հավատացնեմ,
Որ ահա այսպե՛ս,
Ճի՛շտ ու ճի՛շտ այսպես
Ա՛յն դեղին ցուլը,
Որ ուզում էի աշնանը գնել,
Կերավ ա՛յն կանաչ բանջարեղենը,
Որ ուզում էի գարնանը ցանել:
Ի՜նչ չտեսություն,
Ի՜նչ չտեսություն...
Ուրիշ ի՞նչ:
Ոչի՜նչ:
Ոչինչն էլ՝ քո պինչ,
Քո պինչն էլ՝ մի պոչ
Եվ... ցտեսությո՜ւն...

ԴԻՄԱԿՆԵՐ

ԽԱՂԱԼԻՔ ՍԱՐՔՈՂԸ

Ես կարող էի ամեն տեղ լինել
Եվ ամեն տեղ էլ ես կարող էի ճչալ.
«Չե՛մ ուզում» և կամ «Ուզում եմ»:
Բայց ես ամեն տեղ չեմ եղել բնավ
Ու չեմ էլ լինում,
Իսկ ուր լինում եմ`
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»:
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»
Եվ իմ չասածը թողնում ամենքին,
Որ նրանք հետո տնտղե՜ն-շոշափե՜ն:
Ու երբ հասկանան,
Թե ինչ են իրենք տնտղել-շոշափել`
Այլևըս չասել չեմ կարողանա
Ու կասեմ.
-Գիտե՞ք,
Վճռել եմ դառնալ խաղալիք սարքող
Եվ, հավատացե՜ք, իրո՛ք կդառնամ:
...Աշնան պաղ քամուց ծառերն են շարժվում,
Ինչպես որ մարդու գլխում շարժվում է
Միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպած երկնքից
Ներքև են թափվում
Աստղերի պաղ-պաղ կաղապարները,
Որ ավելի կարճ կոչվում են «տերև»:
Ես խաղալիքներ կձուլեմ այդ պաղ կաղապարներով:
Եվ ով ինձ հարցնի. «Ի՞նչ արժի», ես ինձ
Լուռ կասեմ. «Չասե՜ս»,
Իսկ ի պատասխան հարցնողի հարցի
Ես կասեմ. «Ողջո՛ւյն»:
Չգիտեմ, թե նա իմ մասին արդյոք ի՞նչ կմտածի,
Իսկ նույն այդ պահին չեմ կարողանա ես չմտածել,
Որ կար մի աղջիկ...
Եթե ես ասեմ, որ մոռացել եմ անունը նրա,
Ինձ հավատացեք այնքան, որքան որ
Յուրաքանչյուրդ է հաստատ հավատում
Աշխարհի տարբեր լրագըրերին:
Եվ ամեն անգամ, երբ ես ուզում եմ
Աշխարհին հայտնել անունը նրա,
Ինքըս ինձ դարձյալ ասում եմ. «Չասե՛ս»:
Իսկ այդ աղջիկը, գիտե՞ք,ասում էր.
«Երբ Բեթհովեն եմ լսում` թվում է,
Թե ես քայլում եմ ծովի վրայով»...
Ես ունեմ նաև ճի՛շտ կաղապարը և այդ աղջըկա, 
Տա՜ք կաղապարը:
Ու խաղալիքներ ես պիտի ձուլեմ ա՛յդ կաղապարով,
Տա՜ք կաղապարով:
Եվ ով ինձ հարցնի. «Ի՞նչ արժի», ես ինձ
Լուռ կասեմ. «Ասա՛»:
«Դատա՜րկ բան,- կասեմ,-
Ընդամե՜նն արժի մի... անցած մի կյա՜նք»...
Այսպես` կարող եմ ամե՜ն բան սարքել.
Այդ իմպեսների մասին են ասում,
Թե մարդու տղան ոսկի ձեռք ունի:
Եվ ամեն անգամ,
Երբ ես նայում եմ իմ այս ձեռքերին,
Իմ ձեռքերը միշտ ինձ ասում են. «Հը՞»,
Որ հա ՛րց չէ բնավ,
Այլ պատասխան է իմ լռին հարցին:
Իսկ ամեն անգամ
Ես էլ ձեռքերիս նայում եմ այնպես,
Ինչպես նոր պեղած իրին է նայում հնաբանն անփորձ,
Եվ ասում եմ. «Հա՛»,
Որ պատասխա՛ն չէ, այլ հարց է շրջված:
Եվ իմ ձեռքերը գլուխ թափ տալիս,
Իսկ իմ գլուխը ձեռքով է անում,
Ու... հասկանում եմ, որ ես չե՜ մ կարող
(Եվ աշխարհումըս ո՛չ ոք չի կարող)
Լոկ մի՛ բան սարքել`
Ա՛յն միայն,
Ինչին ճշմարտություն են կոչել աշխարհում:
Լոկ ա՛յդ չի սարքվում,
Թեպետ և անվե՛րջ, դարե՜ր շարունակ
Ջանում են սարքել
Անունով աստծո՛ւ,
Տիրակալների հրամաններո՛վ,
Պարանո՛վ,
Ով լոկ իր պնդությունն է որոշում
Մարդկանց պարանոցներին.
Զենքո՛վ,
Որ մարդկանց կրծքերի վրա
Ուսուցանում է կետադըրություն:
Սարքո՜ւմ են այսպես:
Դարե՜ր շարունակ:
Անդուլ սարքում ա՛յն, ինչ որ չի՜ սարքվում,
Ուրեմըն նաև չի՛ կարող քանդվել:
Սարքո՜ւմ են:
Իսկ ես ումի՞ց եմ պակաս:
Եվ... վճռվա՜ծ է.
Ե՛ս էլ այսուհետ
Ճշմարտություն եմ սարքելու, և շա՜տ:
Ու պիտի ծախե՛մ,
Ծախեմ ամենո՜ւր`
Ուր կամենում են, թե չեն կամենում.
Խաչմերուկներո՛ւմ
Ու խանութների դռների՛ առջև.
Մայթերի՛ վրա
Եվ արձանների պատվանդանների՛ն,
Թե՛ գրքերի մեջ,
Թե՛ ամբիոններից:
Ու երբ ինձ մարդիկ հարցնեն. «Ի՞նչ արժի»,
Կպատասխանեմ արդեն ո՛չ թե ես,
Այլ այն խաղալիք աղջիկը:
Եվ նա
Կասի ոչ այլ ինչ,
Քան հենց իր գինը.
«Դատա՜րկ բան,- կասի,-
Ընդամե՜նն արժի մի... անցած մի կյա՜նք»... 
...Ու պիտի որ ես, ինքնե՛րդ էլ գիտեք,
Շա՜տ հարստանամ իմ առևտըրով:
Եվ այնքա՛ն պիտի ես հարստանամ,
Որ... համերգի տոմս առնեմ ու...
...գնամ Բեթհովեն լսեմ,
Եվ ինձ էլ թվա,
Թե ես քայլում եմ ծովի վրայով...
Իսկ թե այդ պահին
Գարու՞ն թե աշուն կլինի դրսում,
Մի՞թե նույնը չէ: Եվ ի՜նչ բանն է իմ:
Մի՞թե նույնը չէ և ի՜նչ բանն է իմ,
Թե քամուց պիտի ծառերը շարժվե՞ն,
Ինչպես որ մարդու
Գլխում շարժվում է միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպա՞ծ թե չամպած
Երկնքից պիտի թափվե՞ն-չթափվեն
Գունեղ աստղերի պաղ կաղապարներ,
Որ ավելի կարճ կոչվում են «տերև»...
Ու տուն գնալիս
Եթե ինձ հանկարծ մեկն ասի. «Բա՛րև»,
Ես ի պատասխան կասեմ. «Ի՞նչ արժի»:
Թե պատասխանիս վրա ծիծաղեն ինչ-որ աղջիկներ,
Որոնց անունը չգիտեմ իրոք,
Իբրև պատասխան ես կասեմ. 
«Չունե՜մ ձեր կաղապարը»:
Եվ կխռնըվեն նրանք իմ շուրջը.
Մարդիկ սիրում են միշտ խոսեցնել նրանց,
Ում իրենք խելառ են հաշվում:
Եվ կկամենան իմանալ իմ ո՛վ կամ ի՜նչ լինելը:
Ձեռներըս նորի՛ց ինձ կասեն. «Չասե՜ս»:
Ես ի՛նքս էլ, ի՛նքս էլ ինձ կասեմ. «Չասե՜ս»:
Սակայն խաղալիք սարքող վարպետը
Ի՛մ իսկ բերանից,
Ի՛մ իսկ բերանով
Արդեն կբոռա՜ ու կկրկընի՛
Հնավաճառի ելևէջումով.
«Ճշմարտությո՜ւն եմ ծախում, սարքովի՛»...

ALLO ՄԱՅԱԿՈՎՍԿԻ

........................
........................


Եվ արդ ոռնում է պատերազմը ծովից մինչև ծով,
Լիզելով սահմանաքարերը մեր կարմիր,
Անցնելով համայն Եվրոպայի միջով
Որպես հրեշ՝ քրմամարմին...
Որ զոհի իր կրքերին,
Իր ոսկեծին կուռքերին մոլար,
Կարծելով, որ կընդունենք այդ ինչպես գերի,
Կամ ինչպես Իսահակն առասպելյալ...
Թքած բոլոր Իսահակներին տխմար,
Աբրահամներին բոլոր, Ադամներին,
Ուրնաքայի՝ սին պսակներին արցունքանա
Իրեն՝ աստծո նեխած ատամներին...
Մեր հոգին աստծո հանդեպ Սոդոմ, Գոմոր-
Նախապատիվ տվող բարուբային,
Տիրոջ հանդեպ՝ խառնած ծաղր ու յումոր
Պահած մաղձն իր հոգու՝ ամպային...
Կկռվենք մենք համառ ջանքերով
Մինչև վերջին կաթիլը մեր արյան,
Որ ազատությունը սեփական ոտքերով
Շրջի երկրագնդում բազմադարյան,
Որ փախած մի անգամ կռատնից,
Ինչպես Սանասարը մեր դյուցազուն
Առյուծ Մհեր ու Դավիթներ ծնի
Աշխարհի ամեն մի մասում
Մեր երկիրը կարմրակարմիր,
Կտրելով հրեշի զարհուր լեզուն,
Լեզուն հրեշի քրմամարմին...
Եվ ի՞նչ է կյանքը, թքած անմիտ կյանքին,
Երբ կնոջ պես պիտի կրես քեզ հետ միշտ
Բռնության լակոտը՝ նստեցրած կոնքիդ,
Երբ պիտի ուտես՝ տանջանք, արտասվես՝ վիշտ:
Գիտի այդ մեզնից անգամ յուրաքանչյուր պիոներ,
Զգում է այդ անգամ հոկտեմբերիկը ժիր,
Բռնության հանդեպ միշտ անողոք, աններ,
Ազատությամբ սնված,- այդ միշտ անխախտ հիշիր-
Եվ մենք կյանքի մարդիկ, որ կյանքն ենք վայելել,
Այսօր մարտիկ դարձած գոռ բախման ենք ելել,
Որ պաշտպանենք մաքուր
Հողը մեր Միության,
Չդառնանք կերակուր
Վայրագ մոլիության...
Ու շրջում է մահը
Այսօր ողջ ֆրոնտով,
Մերթ այրուձին նստած,
Մերթ սեփական ոտով,
Ու գտնում է նա մեզ
Ժպտադեմ ու անդող՝
Թքած իր երեսին,
Իր ամրոցը քանդող...
Մենք փարվել ենք կյանքին
Ազատությամբ միայն.
Պետք չէ երբեք կրել
Ազատության մումիան:
Նա պետք է մարմնանա
Մեր մկանուտ ձեռքով,
Մեր բազուկով անահ,
Մեր երկնքի ներքո,
Մեր աստղերի ներքո,-
Ու վայելենք պիտի
Նրան խրոխտ երգով
Մեր սրտերով արի,
Մեր սրտերի բերքով,
Խորությամբ մեր դարի,
Մեր արևով կարմիր,
Մեր բիլ երկինքներով,
Գալիքնահունձ հերկով
Եվ անգո, անմարմին
Տիեզերքով...
Դրա համար ենք մենք
Ահա ելել ոտի,
Որ աշխարհը մեր նոր
Կապի մեջքին իր սեգ
Ծիածանը գոտի,
Կրի արևը՝ թագ,
Բիլ երկինքը՝ հովհար,
Տիեզերքը անտակ՝
Զբոսավայր...



........................
........................


Սակայն չկաս դու, չկա և ուրիշը...
Պոեզիայի դերը չունի իր կերտողը,
Թեկուզ հավաքված է վարագույրն ու կուլիսը,
Չի երևում սակայն արժանավույն քերթողը...
...Այստեղ, ահա, պոե՛տ, սառչում է շրթներիս
Համարձակությունը, որպես ջրասառույց,
Եվ ինչ ցանկանում է սիրտս, ների՛ր,
Գուցե անմիտ երազանք է՝ եթերակառույց,
Որի հանդեպ միշտ ուղեղս լախտ է հանել,
Ուղեղս միշտ մնացել է ամբաստանող...
Բայց հիշո՞ւմ ես, շատերն ամբաստանել
Եվ քշել է նրանց ուրագանը տատանող
Մինչև Հոկտեմբերը մեր կարմրակարմիր...
Թերևս քշվելու արժան է և իմ ամբաստանող միտքը,
Գուցե իղձն այդ չունի դեռ միս ու մարմին...
Բայց, ինչ որ է՝ կասեմ այն բարձրաձայն, քանզի նրա հետքը
Արնածիր է իմ սրտում, և ճնշող է, ինչպես հսկա քար մի,
Գիտե՛ս, կամենում եմ դողացող շրթներով շշնջալ,
Շշնջալ ականջիդ, կամացուկ, որ ոչ ոք չլսի,
Որ հետո երբ անզոր լինեմ, չծաղրեն ինձ, չխնդան,
Ինչպես խեղկատակի վրա՝ պարսկական Մեջլիսի:



........................
........................


Օ՜, դո՛ւ, անհամարձակ շարժում՝ երկմտում, հեռացի՛ր,
Սատանայի գիրկը, անկա՛րգ...
Իսկ դու լսիր, պոե՛տ, հայցը այս նորածին
Այս թոթովող մանկան:
...Ի՞նչ է հայցում քեզնից նա, ինքն էլ չգիտե,
Մի անանուն, անկամ խոկում է այդ միայն,
Այն , որ մշուշ է լոկ, ինքդ ահա դիտիր,
Այն, որ բիլ երկինք է, դիտիր հենց այն:



........................
........................


Դի՛ր քո ձեռքն այդ դեպքում իմ մատաղ ճակատին,
Քո բազուկով գրկիր իրանը պատանուս,
Քո գոռ շնչով լցրու թոքերն իմ աղքատիկ,
Կամքիդ ուժով կամքս չտեսնի տատանում:
Դի՛ր քո սիրտը կրքոտ,- թեև պակաս չէ իմ
Սիրտը՝ կատաղությամբ մոլուցքում մխրճված,-
Կրծքավանդակիս տակ... Արհամարհանքդ հին
Աչքերիս քուրայում բոցկլտա թող թրծված,
Անհողմնահար մնա, մնա հար մշտառկա...
Եվ մոլեգնած խոլ ձիդ թող ելնի արշավի
Հոգուս ստեպներում անծայրածիր այնքա՜ն,
Այնքան արգասավոր և բազմաբարիք...
Թող որ այսօրվանից ես երգեմ քո ձայնով,
Քո երգերի թափի ժառանգորդը լինեմ,
Լինեմ գալիքների աստղագուշակ, ձայնող,
Գալիք ղողանջների սրտում ապավինեմ,
Սիրտս պարզած թովիչ ղողանջների ձայնին՝
Անցնեմ որպես դղիրդ համայն երկրագնդով,
Տված իմ նեկտարը կյանքի խոր հնձանին՝
Դառնամ հոգիները գոտեպնդող...
Սիրտս՝ ծնծղա-զարկի, հոգիս՝ թմբուկ-թնդա,
Ձայնս՝ ամպրոպ-շաչի եզերքից մինչ եզերք,
Երգս հեռուներում մոտիկից հռնդա,
Մոտիկ՝ հեռուներից արևի պես կիզե...
Եվ հանդարտված հոսի խաղաղ ու լայնահուն
Դաշնությամբ մի, անցած փոթորկին միացած,
Գալիք հեռուների բիլ երկնակամարում
Ժպտա որպես պայծառ, երփներանգ-ծիածան...

ՖՐԱՆՉԵՍԿԱ ԴԱ ՌԻՄԻՆԻ (ԸՍՏ ԴԱՆԹԵԻ)

1

Ինչպե՞ս եղավ, որ (տե՜ր աստված) այսպես եղավ...
Ի՞մ միամիտ-անգետ ձեռքով,
Քո՞ կույր կամքով,
Թե՞ պարզապես բախտի բերմամբ
Անկարելին տնկվեց ձախում՝
Մեկ սյունի պես,
Անհնարինն աջում տնկվեց՝
Երկրորդ մի սյուն,
Սյուներն այդ զույգ միացվեցին
Անթուլատու հույսի լծով
Եվ ստացվեց...
Եվ չստացվե՞ց մի... կախաղան՝
Մի այնպիսի հանցավոր սեր,
Մի այնպիսի սեր ահռելի,
Որից հետո չի կարելի
Նախկին անվամբ ապրել կյանքում:
Եվ այսուհետ ես Պաոլո,
Դու այսուհետ՝ Ֆրանչեսկա...
Ինչպե՞ս եղավ, որ (տե՜ր աստված) այսպես եղավ...
Ինչպե՞ս եղավ,
Որ ողջ կյանքը թողած մի կողմ,
Ասես ուրիշ մի գործ չունենք,
Հիմա պիտի, Ֆրանչեսկա՛,
Տասը ծանոթ պատվիրանի անդաստանում
Քաղհան անենք,
Եվ ի՜նչ քաղհան տառապալից.
Բան չգտնենք քաղհանելու...
Միշտ զբաղված անկարելի այս քաղհանով,
Եվ խաշվելով մի քրտինքով շիկակրակ,
Որ չի պղտում դեմքի վրա,
Այլ պտկում է հեգ հոգու մեջ,
Հիմա պիտի ստվերաշատ այս աշխարհում
ստվեր փնտրենք ու չգտնենք
Եվ ստիպված տնկենք... ասե՛ղ,
Որ ասեղի՜ ստվերի տակ
Ոչ թե մի կերպ հանգստանանք,
Այլ թաքցնենք մեր գաղտնիքը...
Ֆրանչեսկա՛,
Այդ գաղտնիքը՝
Գաղտնիքներից զարհուրելին,
Հաստանալով հաստանում է,
Ինչպես շյուղը օտար աչքում:
Որտեղ որ է նա կդառնա գերան մի մեծ՝
Այլևըս մե՛ր աչքերի մեջ,
Եվ մարդկանցից ամենաբութն անգամ դարձյա՛լ կհասկանա,
Որ մեզ իրար շաղկապողին Սեր չեն կոչում,
Այլ անվանում Աններելի՜...
Ի՞նչ ես անում դու առանց ինձ,
Ֆրանչեսկա՛:
Ես առանց քեզ այդ գերանն եմ անվերջ տաշում.
Մեր գաղտնիքի ա՛յն գերանը,
Որ մեր աչքում հաստանալով հաստանում է:
Ու տաշում եմ` ամեն ձևով,
Մինչեւ անգամ եղունգներով իմ հնամաշ:
Ու տաշում եմ,
Ու քերծում եմ,
Ու ճանկռտում,
Որ բարակի՛,
Գեթ բարակի՜...
Դու առանց ինձ արդյոք ի՞նչ ես միշտ երազում:
Ես առանց քեզ երազում եմ,
Թե սա, իբըր, մի իսկական սեր չէ բնավ,
Իբըր, միայն փոխ է տրված,
Ու ես պիտի ժամանակին վերադարձնեմ իր տիրոջը:
Ֆրանչեսկա՛,
Ի սեր սիրո՝ իսկականի՜,
Ինձ այս սերը փոխ տվողին մի կերպ գտի՛ր,
Որ իր փոխը վերադարձնեմ,
Հետն էլ տամ շահ, բարձըր տոկոս...
Իսկ այդ սերը`
Աններելին,
Ինձ է ահա շրջափակել
Կայսերական մի անիրավ սահմանի պես...
Բայց դա քիչ է,
Ֆրանչեսկա՛,
Սահմանապահ զորամասերդ ավելացրու,
Սահմանախախտ ամեն հայացք
Եվ հետախույզ ամեն ակնարկ ձերբակալի՛ր,
Ֆրանչեսկա՛:
Կա և ուրիշ մի կայսրություն՝
Կույրերինը:
Եվ վարժվել եմ այնտեղ ապրել ու գործելուն.
Մթան մեջ էլ,
Փակ աչքով էլ ես գտնում եմ՝
Ողորկություն-կորությունները քո բոլոր,
Ակնկալված նորությունները քո բոլոր,
Որոնք -գուցե մինչև անգամ քեզնից թաքուն -
Որոնում են իմ շոյանքը,
Որոնում են՝
Աղվամազիդ յուրաքանչյուր շոշափուկով...
Ի սեր արյան և թանկարյուն եղբայրության,
Մի հրաշքով բաց անել տուր աչքերըս կույր,
Մի կերպ գտիր ամենաբուժ Հիսուս մի նոր,
Որ նայեմ քեզ նախկինի պես՝
Բա՛ց աչքերով՝
Ու նայելով բաց աչքերով՝
Չտեսնե՜մ քեզ այս տեսությամբ...
Բայց աշխարհում
Թե ամեն բան իր բույնն ունի և իր հոտը,
Մի՞թե դժբախտ երջանկությունն է, որ չունի:
Ա՜խ, չէ՜.
Նա էլ ի՛ր բույրն ունի՝ 
Քո արգելված մարմնի բույրը,
Որ միայն ինքն է չարգելված
Այն ամենից, ինչ ունես դու...
Տե՛ս,
Ծառերի արյան ճնշումն ահա կրկին
Բարձրանում է և բարձրանում այնքան գուցե,
Որ գնում է ուշքը նրանց.
Նրանք ճոճվում ուշակորույս, բայց չեն ընկնում:
Ես վաղուց եմ եղբայրացել նրանց բախտին`
Քո՛ պատճառով,
Ավելի ճիշտ` քո բուրմունքի՜,
Որ միայն ինքն է չարգելված
Այն ամենից,
Ինչ որ ունի քո արգելված այս մարմինը...
Դու չես կարող
Դառնալ անհոտ և անբուրմունք,
Բայց աղաչում-պաղատում եմ,
Վերստացի՜ր նախկին բույրըդ: 
Իսկ նախապես դու ունեիր ցորենի՛ բույր,
Սուրբ ցորենի՜, ոչ թե սրճի,
Որ հանգստի ու քնի դեմ ունի հին ոխ
Եվ խռովքի աջակիցն է ավանդական... 
Դու ազնիվ ես,
Ինչպես ինքը որթատունկը,
Շնորհալի ողկույզի պես,
Եվ այսքանը ավելի քան բավական էր.
Պետք չէր դառնալ նաև գինի
Եվ առավել պետք չէ հետո օղի՜ դառնալ...
Իսկ ես մարդ եմ, ոչ թե ջայլամ,
Որ ամեն ինչ կուլ տամ իսկույն:
Իսկ ես մարդ եմ, ոչ թե ստվեր,
Որ հեշտությամբ
Կտրեմ - անցնեմ ամեն արգելք ու խոչընդոտ:
Եթե անգամ ամե՜ն արգելք ու խոչընդոտ`
Ո՛չ այս մեկը,
Այս միա՜կը,
Ֆրանչեսկա՛... 
Մենք առավել ենք մտերիմ,
Քան թե դաղձը և առվակը:
Մենք ավելի ենք մտերիմ,
Քան թե շունչը և կոկորդը:
Մենք առավել ենք մտերիմ,
Քան թե օղակն ու կոճակը:
Սակայն պիտի, Ֆրանչեսկա՛,
Հավիտենից հավիտյանըս մնանք կարոտ
Մտերմությանն այն հասարակ,
Որ սփռոցին է լուռ թառում`
Ցերեկային անքուն - անգույն բուի նման,
Իսկ երբ հոգնում է նստելուց`
Պտըտվում է լուսամփոփի ուղեծիրով:
Ու բերանըս,
Որ եղել է խոսքի փեթակ,
Նույն բերանըս վերածվել է արդեն բանտի.
Կալանքել եմ այնտեղ բառեր`
Սիրո՛,
Տենչի՛,
Ու ցանկությա՛ն բառեր անթիվ,
Ամեն մեկը` մի ավազակ,
Ամեն մեկը` մի հանցագործ,
Ես էլ` միակ պահակ բանտի...
Եվ նրանցից ո՞վ է արդյոք բանտարկյալը.
Բանտարկյա՞լը, թե՞ պահակը բանտարկյալի:
Եվ նրանցից ո՞վ ավելի է կաշկանդված.
Դռան հետև կալանվա՞ծը,
Թե՞ տնկվածը դռան առջև...
Ֆրանչեսկա՛,
Չէ՞ որ եթե մենք իրա՛ր չենք, ես քո՛նն եմ գեթ:
Գոնե խղճա իբրև քոնի՜դ,
Եվ արձակիր բոլոր նրանց,
Եվ ազատիր ինձ էլ մի կերպ 
Անվանարկու և խոշտանգող
Այս պաշտոնից բանտապահի...
Ա՜խ, մի՛ լսիր, Ֆրանչեսկա՛,
Իսկ լսել ես եթե արդեն`
Մի՛ կատարիր իմ խնդիրքը,
Թե չէ հենց որ արձակեցիր փակ բերանըս`
Ես քեզ կասեմ...
... Զարհուրելի՜ խոսքեր կասեմ: 
Կասեմ, որ դու միշտ ինձ հետ ես,
Միշտ ինձ հետ ես,
Ինչպես ծուխը ծխախոտի`
Բերնիս վրա,
Հագուստիս մեջ,
Իմ թոքերում...
Քո անունը, անու՜նը լոկ
Ինձ ձգում է,
Ինչպես աղբյուրն անապատում.
-Եվ գեղեցի՜կ-գեղեցի՜կ ես,
Ինչպես մեղքը...
-Իսկ բերանըդ հրաբխի խառնարան է...
-Իսկ քայլքիդ տակ
Ինքը հողն է հեռախոսում
Հրահեղուկ իր արգանդից...
-Իսկ աչքերըդ ապստամբած երկրներ են.
Նոր արքայի են սպասում...
-Կըշիկանան մատները... քեզ մերկացնողի
Ու շիկացած՝ կեռերի պես կըկորանան,
Իսկ քեզ այդպես` մերկ տեսնողը, անտարակույս,
Տեղն ու տեղը և մեկընդմիշտ կը... կուրանա...
Ֆրանչեսկա՜,
Ի սե՜ր աստծո,
Ըմբերանիր ինձ վերստին ու առհավետ: 
Ըմբերանիր և դրանով օգնիր դու ինձ,
Որ ես դառնամ
Երազելի այն մարդն էլի,
Որ ստվերի՛ց, և ստվերի՜ց է ամաչում:
Թե չէ այսպես բարբաջելիս ինքըս հիմա
Զզվելու չափ շատ եմ նման
Մի երջանի՜կ դատավորի,
Որ իր անկուշտ վառարանը ձմեռային 
Տաքացնում է օրենսգրքի այն էջերով,
Որոնցով նա ամբողջ կյանքում դատ է վարել...


2

Մեքենական դարում ապրել
Եվ խեղճորեն չկարենա՞լ փախչել հեռու:
Որոշել եմ, քանի՜ անգամ,
Նստել ինչ-որ մի մեքենա
Եվ... ազատել քեզ ինձանից-ինձ քեզանից:
Բայց մի՞թե դու չես նկատել,
Թե ինչպես են մեքենաներն ընկնում գործի.
Բանալիի փոքրիկ շարժում,
Վառելիքի չնչի՜ն հոսանք՝
Եվ մեքենան կենդանանալ է սկսում, 
Սկսում է խայտալ, ինչպես...
Ինչպես... կինը անկողնու մեջ իր սիրածի...
Ինքդ ասա.
Ես ինչ տեսակ մեքենայով
Եվ ո՞ւր փախչեմ
Պատկերավոր այս աշխարհից... 
Հազար տեսակ պատկերի հետ
Հազար տեսակ լռություններ կան աշխարհում:
Իմն ամենից ահավորն է,
Որովհետեւ լցված է նա միշտ քեզանով:
Ու ես ինքըս, որ մարդ էի,
Քո պատճառով կարծես հիմա
Նկարազարդ գիրք եմ դարձել.
Հուշ-հիշատակ-հիշողություն՝
Եղած-չեղած,
Մթահանգած-մտահանգված,
Գեղեցիկ ու զարհուրելի,
Ինչպես ինքըդ...
Եվ հոգուս մեջ
Շինություն է և ավերմունք:
Եվ գլխիս մեջ
Դատարան է ու դատաստան:
Եվ աչքիս դեմ,
Թռչունները, տե՛ս, երկինքն են նոտագըրում,
Եվ հնչում է ոչ թե նրանց երգը վճիտ ու պարզունակ,
Այլ քո քայլքի եղանակը
Վսեմ ու պիղծ...
Ժպիտներից լավագույնը
Փակ աչքովն է երևի:
Քոնն է հասցեն:
Եվ լավագույն երազանքը
Բաց աչքերովն է, անկասկած:
Նույնն է հասցեն:
Իսկ դու գիտե՞ս, թե մենք ո՞վ ենք:
Մենք նրանք ենք,
Ովքեր ինչքան խոսք են խոսել՝
Ողջը թերատ,
Ովքեր ինչքան խոհ են խորհել՝
Ողջը լրիվ:
Նայի՛ր,
Թլվատ ստվերները 
Ինչ-որ մի բան են բարբաջում.
Թարգմանում են ինձ երևի:
Տե՛ս,
Ջրի մեջ շող-շառավիղն է կոնդացել. 
Պատճենում է ի՛նձ երեւի:
Տե՛ս, 
Երկնքից սահանքվում է լռությունը,
Բայց խրվելով խոտ ու թփի թավության մեջ,
Հոծ սաղարթում խիտ ծառերի,
Կասեցվում է ու... փշրվում,
Եվ ի վերջո դառնում խշշոց-շրշյուն-սոսափ:
Անիրավված այդ լռությանն ինչո՞ւ մարդիկ
Չեն անվանում հերոս և կամ գեթ նահատակ:
Եթե հերոս կամ նահատակ չեն անվանում,
Թող որ կորչեն կա՛մ իմ, կա՛մ քո անվամբ գոնե...
Համբերությունն այս քարեղեն
Կարող է և ճաքել մի օր՝ ժայռի նման,
Եվ այդ ճաքից բխելու է ոչ թե աղբյուր,
Ժայթքելու է սեր՝
Խառնըված ամոթի հետ,
Այսինքն՝ արյուն լերդակալած...
Արևը՝
Չար նկարչի պես,
Նկարչական իր գործիքի կիկլոպային միակ աչքով
Չորսբոլորքում՝ որոնում է իր - առարկա,
Մարդ-կենդանի,
Որ բոլորին այլանդակի՝
Ամեն մեկին ի՛ր ստվերով:
Փախչե՜նք սիրո կիկլոպային միակ աչքից. 
Չայլանդակվենք... 
Բայց միևնույն արեգակը
Նաև բարի վարսավիր է. 
Զբաղված է ծառ ու ծաղկի,
Խոտ ու հասկի
Սանրվածքը հարդարելով:
Այնպե՛ս չանես,
Որ քո ծանոթ ու սիրելի սանրվածքը
Հանկարծ խախտվի ի՛մ մատներով:
Օ՜, դրանով մի սանրվածք չի ավերվի,
Այլ մի աշխարհ՝ 
Ամենասուրբն ամեն տեսակ աշխարհներից:

ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ

ԳԺՎՈՒՄ ԵՄ

Եվ ինձ լսելով՝ 
Կարող են ասել. 
«Գժվե՞լ է, ի՜նչ է». 
Իսկ ես էլ կասեմ. 
«Այո՛, գժվե՜լ եմ, 
Ինչո՞ւ չգժվել»: 
Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում: 
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում: 
Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ: 
Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ: 
Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա, 
Կեղև չի պատռի հատիկը նռան: 
Ծառե՞րն են փթթում՝ 
Գժվա՜ծ են անշուշտ: 
Երկի՞րն է պտտում՝ 
Գժվա՜ծ է անշուշտ... 
Սերմերը մինչև կարգին չգժվեն՝ 
Բե՛րք չեն դառնալու: 
Թաթերը մինչև կարգին չգժվեն 
Ձե՜ռք չեն դառնալու: 
Բառերն էլ մինչև կարգին չգժվեն՝ 
Ե՜րգ չեն դառնալու... 
Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի՛ժ լինեի... 

Комментариев нет:

Отправить комментарий