Ինքնակենսագրություն գրել նշանակում է վերհիշել անցյալը: Իսկ անցյալի վերհիշումը ոչ այլ ինչ է, քան անցյալին ներկայիս հայացքով նայել, այսինքն ոչ թե տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա. անցյալը ներկայացնել:
Սա անխուսափելի է մանավանդ նրանց համար, ովքեր արվեստագետ կոչվելու պատիվն ու պարտականությունն ունեն, և որոնց համար երեկը դառն ու քաղցր հուշերի օթևան չէ, այլ մտորումների օրրան:
Ուստի և իմ ինքնակենսագրության փորձը պիտի դաոնա ոչ թե հուշերի երեկո, այլ փորձարկման ստուգում:
Ինքնակենսագրություն գրել նաև նշանակում է գաղտնիքներ ասել: Բայց ասված գաղտնիքը ոչինչ չարժի, եթե չի գալիս բացահայտելու գաղտնիքների գաղտնիքը‘ խորհուրդը:
Ուստի և իմ հուշերը պիտի դառնան առիթ խորհրդածությունների, և իմ ինքնակենսագրությունը` փորձ ինքնաթարգմանության:
Բարեբախտություն ունեմ այս էջերը գրելու հենց իմ ծննդավայրում` Հայկական ՍՍՀ Վեդու շրջանի Սովետաշեն (նախկին Չանախչի) գյուղում: Բնությունը` այդ մեծագույն փորձարարը, այսօր տվեց այլակերպության իր հերթական դասը. տեղաց աոաջին ձյունը, որ կարողացավ իր բարությամբ փոքրիշատե մեղմել այս լեռնաշխարհի դիմանկարի խստությունը: Իմ համագյուղացիք իրենց գյուղի մասին առածանման խոսք ունեն. Քառասուն ձոր, ամեն ձորում էլ` քառասուն ձոր: Իսկ որտեղ ձոր, այնտեղ էլ սար: Եվ ահա առաջին ձյունը եկավ այդ քառասուն անգամ քառասուն ձոր ու սարի վայրիվերումները փոքր-ինչ հարթելու: Հողն ու քարը (դժվար է ասել, թե այստեղ սրանցից որն է շատ) հանձնվել են սպիտակի մեղսագործությանը: Միայն տերևաթափ ծառերն են համառաբար ընդգծում իրենց սևը` վանականների պես իրենց հավատարմությունը վկայելով երկնքին…
Բայց միայն ձյունից չէ և միայն այսօր չէ փոխվել իմ ծննդավայրը: Քառասուն տարի առաջ այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն եկեղեցին: Գարնանը թզաչափ խոտ էր ծփում տանիքների վրա և նրանց մեջ եկեղեցին, իր թիթեղե դեղինով, հիշեցնում էր կանաչի մեջ ծնրած ուղտ: Չլիներ նա` կարելի էր կարծել, թե գյուղն ունի մի ընդհանուր տափակ տանիք. տները մեջք մեջքի էին տվել, հպվել իրար, ինչպես բուքից հալածված անասունները, իսկ եղած ծուռտիկ-մուռտիկ փողոցներն էլ (ամոթ է փողոց ասելը) այնքան էին նեղլիկ, որ Տեառնընդառաջի տոնին չափահաս երեխաները, խարույկների վրայից թռչկոտելով, կրակ էին տանում գյուղի մի ծայրից մյուսը ոչ թե փողոցներով, այլ տանիքների վրայով…
Պատմության կամեցողությամբ հորս կրթությունը վերջացել է գրաճանաչությամբ: Մայրս այդ բախտին էլ չի արժանացել: Հայոց այբուբենի ամենահեշտ գրվող տառը ս-ն է: Եվ փոքրիկ քույրս հաճախ էր մորս հոգին հանում. Բաս գրել էլ չգիտես: Չգիտեր ու չգիտի…
Այդ պատճառով չէր արդյոք, որ ապրածս կյանքի կեսից ավելին (ամբողջ 23 տարի) անցավ ուսման վրա:
Դպրոց գնացի շատ վաղ` 6 տարեկան հասակում, ըստ որում արդեն գրաճանաչ և թվաբանական 4 գործողությանը տեղյակ: Միջնակարգն ավարտեցի գյուղում: Սիրում էի բոլոր առարկաները, այդ թվում նաև ֆիզիկա – մաթեմատիկականները: Դժվարանում եմ ասել, թե ինչն էր ավելի մեծ հաճույք պատճառում. երազած վեպի ընթերցանությունը, թե երկրաչափական խնդիրների լուծումը:
Զարթոնքի տարիներ էին, բայց և դժվարին տարիներ: Չկար թուղթ ու մատիտ: Չկար դասագիրք: Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով: Պակասում էին ուսուցիչները, եղածներն էլ`միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր: 9-րդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն էր որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ: Նույն այդ երիտասարդը 1Օ-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն ավանդել: Երեկ` ֆիզկուլտուրա, այսօր` գրականություն: Եվ դասավանդեց. գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը, և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ըստ որում բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես: Եվ այդպես` կլոր տարին…
Դեռ չէի ածիլվում, երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը` հիասթափեցնելով իմ բոլոր դասատուներին, բացի գրականության ուսուցչից և … մորիցս, եթե սա իմանար, թե ինչ բան է բանասիրականը և ինչու եմ ընդունվել այդ բաժանմունքը: Ուսուցիչներիցս յուրաքանչյուրը համոզված էր, որ պիտի ուսումս շարունակեմ իր առարկայի խորացմամբ: Գաղտնապահ երեխա էի: Ոչ թե ծածկամիտ, այլ գաղտնապահ: Այն ժամանակ ես չգիտեի, իհարկե, ինքնասիրություն, առավել ևս արժանապատվություն բառերը: Բայց հիմա գիտեմ, որ գաղտնապահությունը պայմանավորվում է այդ հատկանիշներով: Եվ գիտեմ նաև, որ գաղտնապահ երեխաները հետագայում դառնում են շատ անկեղծ և ուղղամիտ մարդիկ…
Եվ գաղտնապահ էի հատկապես մի բանում:
Տասնմեկ տարեկան էի, երբ գրեցի աոաջին ոտանավորս: Եվ ինչի մասին չէր, այլ ում: Զինաիդայի մասին: Այս Զինաիդան էլ դասընկերուհիս չէր, այլ… Տուրգենևի հերոսուհին: Գիրք չկար: Գյուղից գյուղ էինք գնում` գիրք խնդրելու: Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել. 3-4 հոգով կտրեցինք շրջակա 3-4 գյուղի դպրոցական գրադարանները` կեսգիշերին, գողության բոլոր կանոնների համաձայն: Գողություն` կարդալու ծարավից: Գլխավորը ես էի: Ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ էր հասնում: Ու կարդում էի ամեն ինչ. արգելված Րաֆֆու բզկտված վեպը (կեսն արտագրեցի), Դարվինի Տեսակների ծագումը (կոնսպեկտավորեցի), մենագրություն Դավիդ Ռիկարդոյի և Ադամ Սմիթի մասին (ինչպես հասկանայի) և նույնիսկ… Ռազմական արվեստ (ինչ հասկանայի): Եվ որովհետև այդ օրերին լույս էր տեսել Տուրգենևի Երկեր–ի առաջին հատորը, ուրեմն` նաև Առաջին սեր-ը: Տասնմեկամյա մանուկն ինչ էր հասկացել այդ սքանչելի վիպակից, – դժվարանում է ասել իր 41-ամյա աճորդը: Բայց որ նա իր աոաջին ոտանավորը գրել է ոչ թե տոնածառի, մայիսի 1-ի, կամ մեկ այլ տոնի մասին, այլ տուրգենևյան Զինաիդայի, – սրտաշարժ փաստ չէ:
Կարդում էի…
Ու մերոնք երկյուղում էին, թե… կգժվեմ: Գյուղացիք համոզված էին, որ շատ կարդալուց մարդկանց աչքերին կամ սև ջուր է իջնում, կամ խելքներն են թռցնում: Ծնողներիս վախը կրկնապատիկ էր, որովհետև մեր գյուղացիք համոզված են եղել, որ իմ հայրական պապը… շատ կարդալուց գժվել է: Եվ անհիմն էլ չի եղել նրանց կարծիքը: Պատմում էին, որ նա` եզները լծած, սերմացուն ջորուն բարձած, գնում է վար անելու և ինչ-որ գիրք բացելով` մոռանում է ոչ միայն լծված եզների գոյությունը, այլև այն, որ սերմացուի 8 փթանոց պարկերը չի իջեցրել ջորուց:
Պապիս գժվածության մասին այսօրինակ տասնյակ այլ ապացույցներ էլ էին պտտվում: Բայց հետագայում, 30-ական թվականների վերջերին, նրա հատուկենտ ժամանակակիցները սկսեցին հիշել նույնքան և ավելի ապացույցներ` այս անգամ էլ այն մասին, որ պապս ոչ թե խելագար էր, այլ… համարյա թե մարգարե, որովհետև… օղորմածիկը ինչ որ ասում էր` կատարվեց…
Եվ, հավանաբար, պապեկան այդ արյունն էր շրջում մեջս` ստիպելով գիշերներ լուսացնել ձեռքս ընկած գրքի վրա և վախ ներշնչելով ծնողներիս, թե ես էլ շատ կարդալուց կգժվեմ: Եվ որովհետև նրանց խրատ-հորդորանքը արդյունք չէր տալիս (ես շարունակում էի գժվելու ճանապարհը), ապա անգրագետ մայրս հաճախ էր տեղիք տալիս հետևյալ երկխոսությանը.
– էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ինչ պիտի դաոնաս. վարժապետ:
– Բա ի’նչ, – պատասխանում էի ես:
– Ոնց որ էս բոլոր վարժապետները:
– Բա ո¯նց:
– Էհ, կուրանամ ես, չելավ…
– Բա ինչ կուզեիր, որ լինեի:
Մայրս, ինչպես ասացի, անգրագետ է: Նա, բնական է, չգիտեր ոչ գրող, ոչ էլ բանաստեղծ բառերը: Բայց նա ակամա լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանությունը, ուստի և գիտեր, օրինակ, Գիքորի տխուր պատմությունը: Այն ժամանակ նա տակավին միտը չէր պահել նույնիսկ Հովհաննես Թումանյանի անունը: Ուստի և իմ Բա ինչ կուզեիր, որ լինեմ հարցին պատասխանում էր.
– Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն Գիքոր–ը գրողի պես մարդ:
Ես` գաղտնիքս մեծ – ինքս փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի (ոչ թե երազում էի, այլ համոզված էի), որ դառնալու եմ Էն Գիքոր–ը գրողի պես մարդ, այսինքն` գրող կամ բանաստեղծ: Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ… Աստված: Եվ կյանքիս աոաջին մեծ զարմանքն էր, թե որտեղից մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն: Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն միջնորդված առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես…
Էն Գիքոր–ը գրողի պես մարդ դառնալու անկասկած համոզվածությամբ էլ ես համալսարան գնացի: Այն ժամանակ լրագրերում տպված ամեն մի ոտանավոր ինձ թվում էր գլուխգործոց և ոտանավորի գլխին կամ տակը տպված ամեն մի ազգանուն` հանճար: Բայց համալսարանական կյանքիս աոաջին իսկ ամիսը իմ հափշտակության և համոզվածության վրա ոչ միայն պաղ ջուր լցրեց, այլև մտրակեց ինձ կրակե այն խարազանով, որի շաչյունի բառացի թարգմանությունն է ուշքի գալ–ը:
Ամենից առաջ` իսկույն հասկացա, որ բան չգիտեմ, այսինքն` գիտեմ լոկ այն, ինչ գրված է եղել մեր քրեստոմատիայում. հատված մի վիթխարի վեպից (բայց ոչ վեպը), երկու ոտանավոր` մի մեծ բանաստեղծից (բայց ոչ բանաստեղծին), երկու սուտ ու կես ճիշտ (բայց ոչ խեղաթյուրված ճշմարտությունը), ոչ թե գրական քիչ թե շատ նկատելի ընթացք, այլ մի քանի տուփերի ոխերիմ հարևանություն` խոշոր բուրժուազիայի գաղափարախոս, մանր բուրժուազիայի ներկայացուցիչ, պրոլետարական գրականության վետերան, թթու նացիոնալիստ, կղերական մտածողության քարոզիչ… Նույնիսկ հայոց գրականությունից իմացածս ավելին չէր, քան Գերագույն սովետի պատգամավորների ցուցակը. անուն-ազգանուններ` համառոտ կենսագրությամբ, և գործունեության առավել քան աչառու շարադրանք, բայց ոչ բուն գործունեություն:
Նաև չուշացա հասկանալ, որ անգրագետ եմ: Այն ժամանակ դեռ ականջիս չէր հասել Մաքսիմ Գորկու ահռելի ճիչը. Ինչ երջանկություն է գրագետ լինելը: Բայց ինձ այդ ճիչը չհամակեց միայն, այլև սարսափի մատնեց, երբ ոչ թե իմացա ի լրո, այլ զգացի սեփական ուղն ու ծուծովս, որ եթե գրագետ լինելը դժվար է ընդհանրապես, ապա քառակի դժվար է գրագետ լինելը հայերենից, որովհետև հայոց լեզուն լավ իմանալ նշանակում է տիրապետել… չորս գրական լեզվի (գրաբար, միջին հայերեն, արևմտահայերեն, արևելահայերեն): Իսկ եթե սրան էլ ավելացնենք, որ հայերենն ունի նաև 60 բարբառ, որոնցից շատերն իրարից ավելի են հեռու, քան ռուսերենը ուկրաիներենից, և որ իմ մայրենի բարբառը գրական հայերենին մոտիկ է նույնքան, որքան չեխերենը ռուսերենին, – ապա կուրվագծվեն հայերենը տիրապետելու դժվարության մոտավոր սահմանները:
Բայց իմ ահավոր հիասթափությունը չէր վերջանում միայն այսքանով` այս երկկողմանիությամբ: Իմ հիասթափությունը խորանարդվեց` ստանալով նաև երրորդ նիստ. հասկացա, որ ես… բանաստեղծ չեմ:
Դա ինձ հասկացրեց, ամենից և ամենքից առաջ, Եղիշե Չարենցը:
Ես այդպես էլ բախտ չունեցա նրան տեսնելու. Երևան գալուցս երեք տարի առաջ նրան սպանել էին բանտում: Նրա գրքերն այրված էին. նրա անունը տվողին սպառնում էր բանտ ու աքսոր. ում երեկ պաշտոնապես կոչում էին սովետահայ գրականության ողնաշար, այսօր դարձել էր ժողովրդի թշնամի : Բայց դեռ մնացել էին մարդիկ, որոնք պահել էին նրա այս կամ այն գիրքը` իրենց և իրենց ընտանիքը կործանելու վտանգը կոխելով: Ու նրանց միջոցով էլ Չարենցը նստեց հանրակացարանային իմ չոր մահճակալին, մինչև վերջ բացվեց իմ առջև, և հենց այն է ուզում էր ասել, երբ ես կանխեցի նրան և ինքս ասացի.
– Հասկացա, որ բանաստեղծ չեմ:
Հասկացա, որովհետև մինչև այդ կարծում էի, թե բանաստեղծությունը ոտանավոր գրելն է` օրացուցային այս կամ այն թվականի առթիվ, գովքն է` հանճարեղ առաջնորդի կամ նրա մարտական զինակցի, խառնուրդն է երկու բաժին ծաղկի և մի բաժին առվի ջրի, երբ պետք է` վերամբարձ-ճոռոմ ոճով (որ անում էին մարտիկ–պոետներ–ը), եթե հարկավոր է` աշուղական հանգով (որ բնագավառն էր հուզական լիրիկա–յի): Ես տակավին չէի նկատել, որ այսօրինակ գրականությունը, վերջին հաշվով, զբաղված է ոչ այլ ինչով, քան չակերտներ դնելով, իսկ հիմա սկսում էի հասկանալ, որ գրողի առաջնահերթ պարտականությունը փակագծեր բացելն է և ոչ թե չակերտներ դնելը: Ես դեռ չգիտեի, որ քաղաքականությունը միջնորդ է բանաստեղծի և ժամանակի միջև, բայց սկսում էի կռահել, որ այդ միջնորդը, տվյալ պայմաններում, ոչ այնքան գործ է սարքում, որքան փչացնում:
Ես սկսում էի փրփուրի ու քափի ոչ բարով պոեզիան զանազանել ճշմարիտ բանաստեղծությունից և հասկանալ,
որ այս վերջինիս մասին է մեր 20-ամյա մեռած հանճարը ասել. Ոհ, հատակն են իմ փրփուրներս (Պ. Դուրյան).
որ… բանաստեղծությունը շղթայել օրացույցին` նույնն է թե Բախի խորալը նվագել ստադիոնում կամ Խորհրդավոր ընթրիքը փակցնել բաղնիքում.
որ… ճշմարիտ բանաստեղծությունը գործ չունի ալելուիա–ի և ամեն–ի հետ. ամենաշատը` նա կարող է մարդկանց տոն պարգևել կամ մեղմել սգի կսկիծը.
որ… ճշմարիտ բանաստեղծություն գրելը պիտի լինի ինքնազատագրության պես բան և ոչ թե թամադայություն.
որ… բանաստեղծը ներքին այրման շարժիչ է և ոչ թե ջրաղացի անիվ` օտար մի ուժով պտտվող.
որ… բանաստեղծ կոչումը կրծքանշան չէ` առնես ու ամրացնես կրծքիդ կամ գլխարկիդ. բանաստեղծը նա է, ով ունի իր ստորերկրյա ջուրը, իր արտեզյան երակը.
որ, վերջապես, գրելու և գրելացավի միջև ընկած է մի անտեսանելի անդունդ, մի երևակայելի, բայց անժխտելի ջրբաժան գիծ, մի, եթե կուզեք, փոքրիկ… առվակ, որի մեջ, սակայն, հազարավորներն են խեղդվում:
Չարենցն ինձ օգնեց տեսնելու այդ անդունդը, այդ ջրբաժան գիծը և այն փոքրիկ առվակը, որի մեջ ես չուզեցի խեղդվել: Միայն Չարենցը հազիվ թե օգներ, եթե նրան չաջակցեր իմ սեփականությունը` ինքնասիրության և արժանապատվության զգացումը
Լավ է լինել լավ ընթերցող, քան վատ գրող:
Ու ես երդվեցի` այլևս ոտանավոր չգրել: Եվ իսկապես էլ չգրեցի: Ես ինձ տվեցի ուսման և, աոաջին հերթին, հին հայերենի իմացությանը: Հայ բազմադարյան գրականությունը կամաց – կամաց դադարեց լինելուց: Ես ինձ լրջորեն նախապատրաստում էի գրականագիտության և բանասիրության: Այսպես անցավ համալսարանական երկու տարիս: Չմոռանամ ասելու (մոռանալու բան է), որ համալսարանական ուսումնառությունս համընկավ պատերազմին. պատերազմն սկսվեց, երբ ես ավարտում էի աոաջին տարվա դասընթացը, և ավարտվեց, երբ ես ավարտում էի համալսարանը: Պատերազմին չմասնակցելուս պատճառը տարիքս էր (միայն երկրորդ կուրսի վերջում զինվորական գրքույկ ստացա), և որովհետև երրորդ կուրսը փաստորեն վերջին կուրս էր (4—5 կուրսերին միանգամից ավարտեցրին ու բանակ տարան), ապա, ըստ գործող օրենքի, մեր կուրսեցիք ի տակ եղան մինչև պատերազմի վերջը: Իմ փոխարեն 50-ամյա հայրս էր բանակում…
Ինչ տարիներ էին: Հիշելն անգամ սարսուռ է պատճառում: Սով: Ցուրտ: Փայտոջիլների արշավանք: Էլեկտրական լամպի այրվելն անգամ հավասար էր հացի գրքույկ կորցնելուն, որովհետև նոր լամպ ճարելը համարյա թե անհնարին էր (տղաներից մեկին, որ շուտով գիտությունների դոկտոր է դառնալու, համալսարանից հեռացրեցին` արտաքնոցից մի լամպ գողանալու համար: Արտառոց է թվում, թե մենք ինչպես չմեռանք սովից կամ թոքախտից: Բայց չմեռանք: Ավելին. լցվեցինք նոր հյութերով, նոր ըմբռնողությամբ, նոր սիրով ու ատելությամբ…
Ես սիրում եմ լավ ձեռագիրը, ինչպես այլոք սիրում են լավ հագուստ կամ գեղեցիկ իրեր: Ու եթե շատերն են կոլեկցիոներություն անում, ապա իմ կոլեկցիոներությունն էլ դրսևորվում է գեղեցիկ գրեր ընդօրինակելու մեջ: Ու մի դասընկեր ունեի, որի ե–ն շատ հավանում էի և ջանում ընդօրինակելով յուրացնել: Հանրակացարանային սեղանի սփռոցը (այն էլ պատերազմի տարիներին) չէր կարող լինել այլ բան, քան լրագիրը: Հիշում եմ, որ այդ սփռոց–ի վրա ես անվերջ վարժվում էի ե գրելուն: Հետո չեմ հիշում ոչինչ. կարծես քունս տարած լիներ: Իսկ երբ արթնացա բանից պարզվեց, որ լրագրի ամբողջ էջով մեկ գրվել է մի – տեր Աստված – բանաստեղծություն: Այսպես ես, ակամա, երդմնազանց եղա (չէ որ երդվել էի ոտանավոր չգրել), բայց գործածս մեծ մեղքը ինքս ինձ ներեցի, երբ կարդալով գրածս` տեսա, որ ե-ով սկսվող այդ ոտանավորը այլևս ոտանավոր չէ, այլ բանաստեղծություն:
Նշանավոր 1942-ին էր դա, այն թվականին, երբ բեկում սկսվեց պատերազմի մեջ: Իմ սեփական բեկումն էլ կատարվեց նույն թվականին:
Առաջին լուրջ բանաստեղծությունս, որ անտիպ է, ինչպես այդ տարիներին գրած իմ համարյա բոլոր բանաստեղծությունները, հենց այդպես էլ կոչվում է` Լինել թե չլինել: Ես գիտակցաբար որոշել էի չլինել: Իմ ես–ի տակ գտնվող ես–ը վճռել էր լինել…
Նույն թվականին էլ գրական ամսագրում խմբագիրը հանդգնեց տպել իմ առաջին բանաստեղծությունները: Ասում եմ հանդգնեց, որովհետև կյանքը չուշացավ ապացուցելու, որ դա իսկապես հանդգնություն էր այդ օրերին: Խմբագիրը հեռացվեց (նաև այդ պատճառով) Իսկ ինձ դարձրեցին մի… քայլող կախարան, որ զրնգացնում էր իր վրայից կախ տրված բազմաթիվ իզմ–երի զանգուլակները: Հիմա, մտովի վերադառնալով այդ օրերը, առավել պարզ եմ տեսնում իմ մեղքը, որ մոտենում էր հանցագործության. ես բաց դռներ չէի ծեծել, ուստի և իմ ճակատին շրխկացին բոլոր բաց դռները, և բանը վերջացավ այնպես, ինչպես ավարտվում է հիշածս Լինել թե չլինել բանաստեղծությունը. Դեռ սկիզբ չունեցած` ունեցա վերջ: Այլևս տպագիր ոչ մի տող` մինչև 1948 թվականը:
Հին Եգիպտոսում մի սովորույթ է եղել. սանդալի ներբանին նկարում էին թշնամուն, այսպիսով ամեն օր կոխկրտում էին նրա արժանապատվությունը: Սանդալ ամեն ոք կարող է ունենալ, բայց ամեն մի արժանապատվություն գետնին չի փռվում, որ կոխկրտվի: Արժանապատվությանս կողքին էլ դեռ այնքան շատ բան կար անելու, որ տպագրվելու կամ իզմ–երից ազատագրվելու մասին` մտածելու ժամանակ չկար: Ավարտեցի համալսարանը: Ընդունվեցի ասպիրանտուրա հայոց հին և միջնադարյան գրականություն մասնագիտությամբ: Վերջացել էր արյունոտ պատերազմը, բայց միայն պատերազմական վերքերը չէին, որ մխում էին. բացվում էին նորանոր վերքեր: Հայրենիքի հայրը Հայրենիք ասելով սեփական կալվածք էր հասկանում:Բոլոր ժամանակների հանճարը, երդվելով պատմության անվամբ, չէր հասկանում, որ անհնարին է կռվել պատմության հետ: Եվ բոլոր ժողովուրդների հայրը չէր ուզում հասկանալ, որ պետք չէ բոլոր ժողովուրդների հերն ու մերը անիծել` ժողովուրդ բառը դարձնելով դիմակ աբսոլյուտիզմի համար: Ասում էր` Կադրերն են որոշում ամեն ինչ, բայց այդ կադրերի ֆիզիկական կամ բարոյական ոչնչացումը իր հաճույքներից մեծագույնն էր: Մարդուն կոչում էր ամենաթանկ կապիտալ, բայց այդ կապիտալը ծախսում էր այնպես, կարծես թշնամական երկրի ավար լիներ: Մի անգամ անկեղծ եղավ մարդուն կոչեց բունմուկ: Բայց դա էլ կիսատ անկեղծություն էր, որովհետև նա մարդուն ոչ միայն բունմուկ էր համարում, այլև կեղտոտ բուրդ կամ փալաս, որոնք լվացվում-մաքրվում են, ինչպես գիտենք, ծեծելով: Բայց մարդը, նույնպես գիտենք, որքան բունմուկ չէ, առավել ևս կեղտոտ բուրդ կամ փալաս չէ…
Գեղեցիկը միշտ չէ, որ առողջ է, մինչդեռ առողջը միշտ գեղեցիկ է: Գեղեցիկ էր մեր երազանքը, գեղեցիկ էր մեր նպատակը, գեղեցիկ էին մեր խոսքերն ու կոչերը:
Բայց անառողջ էր կյանքն ու իրականությունը: 37 թվանշանը ողջ աշխարհի համար ունի միայն մեկ նշանակություն. 37-ը մարդու նորմալ ջերմաստիճանն է: Իսկ մեզ համար դա (37 թվականը) ջերմաստիճանի մի այնպիսի աննորմալ բարձրացում էր, որ միլիոնավոր մարդկանց սառցահարեց մենախցերում, Սիբիրում, բևեռամերձ գոտում, իսկ մնացածներին էլ` իրենց տանը, իրենց սրտի մեջ: Շքահանդեսներ և հոբելյաններ սիրող ՙՀայրենիքի հայրը՚ չկարողացավ չկատարել 1937-ի 10-ամյա հոբելյանը` 1946 – 48 թվականները դարձնելով 1937-ի վերահրատարակություն: Այս ամենը առավել սուր էր զգացվում արվեստի ու գիտության աշխարհում, որտեղ գործողներին նա կոչում էր օգնական վսեմ բառով, բայց փաստորեն դա նվաստացուցիչ պոչ–ի իմաստն ուներ: Մեր կյանքն այլ բան չէր, քան պարտքի վեհ գիտակցություն, և միթե արժեր, որ մեր կյանքն անցներ պարտքի այդ վեհ գիտակցության և մահալից տագնապի արանքում: Մեր կյանքն այլ բան չէր, քան անմնացորդ ծառայություն երկրին ու ժողովրդին: Եվ արժեր այդ վսեմ ծառայությունը հանգեցնել լեզվազուրկ և մտազուրկ ծառայի դերին: Այդ տարիներին ամեն ազնիվ մարդ եթե պիտի ծիծաղեր, ապա արցունքների միջից, այնինչ ստիպված ծիծաղում էին արցունքոտվելու չափ: Բոլոր թվերից երջանկագույնը դարձել էր 3-ը, որովհետև դա էր խորհրդանիշը Նորին Մեծություն Միջակության: Լավագույն անտառի նմուշը… գազոնն էր: Արվեստագետի ստեղծագործությունը նմանվել էր թվաբանական խնդիր լուծող աշակերտի գործի. խնդրագրքի վերջում տրված էր խնդրի պատասխանը. արվեստագետի գործն էր ամեն ինչ անել, որպեսզի ստացվի նախապես տրված պատասխանը: Մինչդեռ արվեստագետը աշակերտ չէ, այլ մաթեմատիկոս, որ ինքն է նորանոր խնդիրներ կազմում: Ամեն ինչ արվում էր, որ բանաստեղծությունը դառնա պատրաստի պատասխան նախապես տրված հարցի, ինչպես, օրինակ, պիոներների Միշտ պատրաստ պատասխանը: Մինչդեռ բանաստեղծության աշխարհում կարող է տեղ ունենալ ամեն արարած, բացի… թութակից: Իսկ մեր այն ժամանակվա վեպերի ճնշող մեծամասնությունը. դրանք անպատճառ պիտի վերջանային այնպես, ինչպես Սուրբ գիրքը` Հայտնությամբ և Ահեղ դատաստանով. չարերը պիտի պատժվեին, բարիները… պարգևատրվեին…
Հայերս առած ունենք. Մեռածի ետևից` կամ լավը, կամ ոչ մի բան: Բայց խոսքը Ստալինի մասին չէ, այլ Ստալինիզմի, որ անհատ չէր, այլ երևույթ, իսկ եթե անհատ էր, ապա ծնել էր պաշտամունքը ոչ միայն Անհատի, այլև Անհատազրկության Ուստի և սեփական կարծիք ունենալը հավասարվել էր հերետիկոսության: Չէր կարելի ունենալ նույնիսկ սեփական բառապաշար. համանիշների խրձից ընդունելի էր միայն մեկը` այն, որ մաշվում էր լրագրերի մեջ.հարյուրավոր բառերի և դարձվածքների վրա դրված էր տաբու, այդ թվում նաև ես–ի` իր բոլոր հոլովաձևերով: Մինչդեռ զսպվածությունը հասցրել էին համարյա թե քաղաքական մեծ խելքի կամ հավատամքի աստիճանի` մոռացության տալով, որ նմանօրինակ զսպվածությունը կարող է իր հերթին հասցնել երիկամների անբուժելի հիվանդության, իսկ այդպիսի հավատամքից կարող է մեռնել ինքը հավատը…
Բախտավորությունը հազար ու մի ձևերով է դրսևորվում: Բայց դրանց մեջ լավագույնը, ըստ իս, ճիշտ սերվելն է: Մարդիկ միշտ գոհ են իրենց խելքից և դժգոհ իրենց բախտից: Թող նույն մարդիկ ինձ արտառոց բացառություն համարեն. ես գոհ եմ իմ բախտից: Ես, ինչպես երևում է, ճիշտ էի սերվել: Սկսած 1942-ից, այսինքն` իմ գիտակցական կյանքի սեմից, ես կյանքին ու աշխարհին նայում էի այնպես, ինչը հետագայում (XX համագումարի որոշումներով) դարձավ համընդհանուր կանոն մեր կյանքի ու երկրի համար: Շնորհիվ այս բանի էլ, իմ շատ գրչակիցների համեմատությամբ, ես կարողացա խուսափել շատ մեղքերից: Մեղքերից, բայց ոչ դժբախտությունից: Իմ կյանքի լավագույն տասնամյակը անցավ ինքնամաքառման մեջ. ամեն ինչ գնաց երկու բանի վրա: Նախ դիմանալու: Դիմացա, բայց ինչ գնով: Իմ տասը տարվա աշխատանքը մնաց ու մնում է գզրոցում. իր ժամանակին` չէր կարելի, իսկ հիմա` չարժի: Այդ տարիներին ես հասկացա, որ մի բան մտածել և այլ բան ասելը անբարոյականության վատթարագույն տեսակն է, ինչպես որ հարկադրաբար սիրելն էլ վատթարագույն շնականությունն է:
Ես այն ժամանակ չգիտեի, որ կվակուտի ցեղի հնդիկների համար ապրանք կամ դրամ պարտք վերցնելը հավասարազոր է խայտառակության: Պարտք վերցնողը գրավ է դնում իր անունը և մինչև վերադարձնելը մնում է անանուն: Ծանոթները նրան հանդիպելիս բարևում են ձեռքի արհամարհական թափահարմամբ կամ արհամարհական կանչով: Բազմատեսակ կարիքների մեջ` ես գերադասեցի պարտք չվերցնել, որովհետև արվեստագետն իր անունը պիտի թանկ գնահատի իր կյանքից էլ առավել: Ես տեսնում էի, որ իմ շրջապատում, կվակուտի ցեղի վերոհիշյալ սովորույթին հակառակ, պարտք վերցնողները իրենց անունը ոչ միայն գրավ չեն դնում ու մնում անանուն, այլև,ընդհակառակը, դրանով իսկ մեծ անուն են հանում: Բայց ես գիտեի, որ դա անցողիկ է: Ես գիտեի, որ լերմոնտովյան ժամանակը չի նայում դժվարությանը խոսքը որքան սիրո մասին է, կրկնակի` արվեստի: Ես հասկացել էի, որ ժամանակը արվեստի համար պիտի բարի հայր լինի և ոչ թե բռի ամուսին. ժամանակը պիտի պահի ու մեծացնի նրան, մանկան պես, և ոչ թե բռնաբարի ու խոհանոց քշի: Առածն ասում է, որ Եթե ժամանակը սրտովդ չէ` դու ժամանակի սրտովը եղիր: Այս առածի մեկ ուրիշ արյունակիցն էլ ձայնակցում է, թե` Որտեղ հաց` այնտեղ կաց: Եթե սրանք ուղեցույց կարող են լինել նույնիսկ ամեն մարդու համար, ապա ոչ արվեստագետի: Եվ արվեստագետ է եղել այն եբրայեցին, որ շշնջացել է.Ոչ միայն հացի կեցցէ Եվ արվեստագետ կլինի նա, ով կհասկանա, որ ըմբռնել չի նշանակում ընդունել, և որ դղիրդը միշտ սկսվում է շշուկից, ուստի և պիտի ականջալուր լինել ժամանակի շշուկին ավելի, քան դղիրդին…
Այս է, որ կոչվում է դիմանալ: Բայց մարդը ժայռ չէ. այս դեպքում դիմանալն էլ որևէ արժեք չէր ունենա: Մարդու լավագույն բնորոշումը, ըստ իս, Պասկալինն է, որ մարդուն դյուրաթեք եղեգնի հետ է համեմատում. եղեգնի, բայց մտածող եղեգնի:
Ահա թե ինչու իմ կյանքի լավագույն տասնամյակը գնաց ոչ միայն դիմանալու, այլև… հարկադիր համակերպության վրա: 50-ական թվականների սկզբին ես զբաղված էի սիզիֆյան աշխատանքից էլ դժվարին գործով, աշխատում էի… ձայնս փոխել: Իմ առաջին գրքույկը (Անմահները հրամայում են), որ լույս տեսավ 1948-ին, համեմատաբար պակաս աղմուկ հարուցեց, քան առաջին բանաստեղծություններս մամուլում: Բայց երկրորդ գրքի հարցը հասավ անլուծելիության: Չափածո ակնարկը, հանգավորված ռեպորտաժը, պատմողական–նկարագրական ոտանավորը գրավել էին ոչ միայն գրական շուկան, այլև դարձել գրական քաղաքականության վարիչը: Ու ես էլ փորձեցի գրել մի չափածո վիպակ, որ նախապես կոչվում էր Գոմ, թե պալատ Ագրոքաղաքներ կառուցելու ժամանակներն էին: Իմ ձեռագրին ծանոթացողները սարսափեցին. չէ որ վերնագիրն իսկ դեմ էր գլխավոր գծին: Բայց քանի որ նրանք շահագրգռված էին այդ պոեմի հրատարակմամբ, ապա ինձ ստիպեցին չորս անգամ վերամշակել: Ես արդեն տեսնում էի, որ մորթին քերթելուն չարժի, բայց ստացվել էր այն անեկդոտի պես, երբ արջի հետ ակամա մենամարտողին ասում են. Արջին բաց թող ու փախիր, իսկ նա խեղճ-խեղճ պատասխանում է. Ես թողնում եմ, բայց արջը բաց չի թողնում:
Չորս անգամ վերամշակելուց (այսինքն` ամեն ինչ հիմնովին փչացնելուց) հետո էլ արջն ինձ բաց չթողեց. Հայպետհրատը պատրաստի շարվածքը ցրեց: Եվ այդ բազմաչարչար ու տխուր պոեմը աոաջին անգամ լույս ընծայեց մոսկովյան սովետսկի գրող-ը 1953-ին (Սովետաշենի ընկերներ վերնագրով) և միայն դրանից հետո` Հայպետհրատը (Անհաշտ մտերմություն վերնագրով):
Այդ պոեմի վրա տառապելու տարիներին ես հասկացա, որ մենք զբաղված ենք անհնարինը հնարավոր դարձնելու տանջալից ինքնախաբեությամբ. ամեն կերպ կեղծելով` անկեղծ խոսք ասել, ամեն տեսակ ստելով` ճշմարիտ խոսել: Ու եթե դրան ավելացվի և այն, որ գոնե ես այդ անելիս հարկադրված էի փոխել նաև սեփական ձայնս, ապա պարզ կդաոնա ինքնազզվանքի այն զգացումը, որ գնալով պատում էր ինձ, ինչպես բորբոսը հացին: Այդ պատճաոռով էլ, երբ լույս էր տեսնում իմ երրորդ ժողովածուն (Սիրո ճանապարհը), ես արդեն լքել էի ինքս ինձ` խճճվելով մի այնպիսի ճգնաժամի մեջ, որ առավել անտանելի է, քան տնտեսական կոչվածը, որովհետև կոչվում է հոգեկան:
Այդ տարիներին ես արդեն ավարտել էի ասպիրանտուրան, համարյա վերջացրել իմ դիսերտացիոն մենագրաթյունը, որի պաշտպանությունը, սակայն, նույնպես, անհնարին դարձավ, որովհետև ամբողջ երկրով մեկ ծավալվել էր հերթական խմբի-ն` այս անգամ էլ ընդդեմ պատմական թեմատիկայի: Հայ հին գրականության ու բանասիրության մեջ խորացած իմ ընկերներից շատերը, լքելով իրենց տարիների աշխատանքը, միանգամից դարձան սովետահայ գրականության մասնագետներ, և գրվեցին դիսերտացիաներ այնպիսի մարդկանց կյանքի ու գրական գործունեության մասին, որոնք եթե ապրեին Նոյ նահապետի չափ էլ` չէին կարողանա արժանանալ նման բախտի: Այդպես վարվողները ստիպված էին հետևել իմաստնությանը այն առածի, որ արդեն հիշեցի.Եթե ժամանակը սրտովդ չէ` դու ժամանակի սրտովը եղիր: Ես չկարողացա և… կրկին դարձա աոաջին կուրսի ուսանող` այս անգամ արդեն Մոսկվայի Գորկու անվան գրական ինստիտուտում:
Մոսկովյան կյանքիս աոաջին տարիները լցված էին նույն հոգեկան ճգնաժամով: Յոթ ինստիտուտ ու համալսարան չեն կարող տալ այն, ինչ տալիս է ուսուցիչներից մեծագույնը` տառապանքը: Հիմա ես գիտեմ, որ մեծ ու անծանոթ քաղաքի փողոցներում, սառնամանիքի ու բքի մեջ շրջելիս, ոչ թե ես էի փնտրում իմ կորուստը, այլ իմ փախստական էությունն էր փնտրում ինձ: Եվ մենք, վերջ ի վերջո, հանդիպեցինք` չորս մետրանոց մի սենյակում, որտեղ սեղան դնելու տեղ էլ չկար: Հանդիպեցինք և որոշեցինք վերջ տալ մեր խռովությանը` մեկ վճռական պայմանով. գրել այնպես, կարծես աշխարհում ոչ Գուտենբերգ է եղել, ոչ էլ ընթերցող կա:
Դա նշանակում էր` նախ.
մի ավելորդ անգամ էլ հաստատել Բերնարդ Շոուի այն ճշմարիտ խոսքը, թե Բանաստեղծները բարձրաձայն խոսում են իրենք իրենց հետ, իսկ աշխարհը ականջ է դնում:
Դա նշանակում էր` նաև.
հետևել Ստենդալի իմաստնագույն խրատին` Պիտի սովորել չհաճոյանալ ոչ ոքի, նույնիսկ ժողովրդին:
Այս ընդգծված նախ-ն ու նաև-ը կարելի է ճյուղավորել երակների պես, բայց դա մեզ հեռուն կտանի, ուստի և շտապեմ ասել, որ այդպես և միայն այդպես գրվեցին իմ հետագա երեք գրքերը: Նրանցից աոաջինը, որ լույս տեսավ 1957-ին, խորագրված է Նորից քեզ հետ: Առերևույթ կարելի է կարծել, որ խորագիրը վերաբերում է քնարական հերոսուհուն: Չեմ ուզում ժխտած լինել, բայց կուզեի ավելացնել, թե դա առավել վերաբերում է իմ էությանը, որ փախստական էր դարձել, և իմ ձայնին, որ փոխել էի ջանում:
Արդեն վաճառքի պատրաստ այդ գիրքը փակվում էր սիրային մի պոեմով, սակայն վերջին րոպեին հարկ եղավ գիրքը ենթարկել կեսարյան հատման, և պոեմը հանձնել որբանոց, այսինքն` հեղինակին: Այդ պոեմը հետագայում, Ե. Եվտուշենկոյի թարգմանությամբ, լույս տեսավ Նոր աշխարհում-ում` բորբոքելով կրքոտ վեճեր և, մի անվանի քննադատի օգնությամբ, ինձ արժանացնելով ապրելու այն պահունակում, որտեղ գրանցել էին նաև Դուդինցևին, Յաշինին, Գրանինին:
Իսկ այդ ընթացքում ես, միայն մեկ ընթերցողի` ինձ համար, վերջացնում էի իմ հաջորդ գիրքը` մոտ 6000 տողանոց Մարդը ափի մեջ ժողովածուն: (Իմ մի գրքույկը նույն այս վերնագրով լույս է տեսել ռուսերեն` 1960-ին: Դա բոլորովին ուրիշ ժողովածու է քաղված Նույն հասցեով գրքից: Իսկական Մարդը ափի մեջ ժողովածուն լույս տեսավ միայն 1963-ին և անծանոթ է ռուս ընթերցողին):
Մոսկվայում գրվեց մի երրորդ գիրք էլ, որ միայն պայմանաբար կարելի է պոեմ կոչել: Դա էլ էր գրված միայն ինձ համար` պարզապես իբրև ինքնազատագրություն, իբրև թոթափումն այն ապրումների և խոհերի, որոնք տարիներ շարունակ կրծում էին իմ հոգեպատերը` ավտոմատիկ առնետների նման:
Աղբյուր՝ paruyrsevak.net
Комментариев нет:
Отправить комментарий